Պատմում ենք, ինչու Հայաստանում ընդունված չէ խոսել ընտանեկան բռնության մասին, և օրենքի մասին, որը քննադատում են իրավապաշտպանները" />

Ընտանեկան բռնությունը Հայաստանում։ Հարաբերություններ, որոնք ավարտվել են սպանությունով

Պատմում ենք, ինչու Հայաստանում ընդունված չէ խոսել ընտանեկան բռնության մասին, և օրենքի մասին, որը քննադատում են իրավապաշտպանները

Կանանց իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են` վերջին 10 տարում Հայաստանում շուրջ 100 կին է սպանվել ընտանիքում:

Մի սպանության քրոնիկոն

Մայիսի 9-ին ՀՀ ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Մահացողը Շահումյան գյուղի բնակիչ, 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։

Ոստիկանության հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ սպանությունն աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ. կնոջը սպանել էին ռետինե խողովակով և պտուտակի բանալիով ծեծելով: Սպանության կասկածանքով միանգամից բերման էին ենթարկել 26-ամյա Հակոբ Օհանյանին, ով ինքնախոստովանական ցուցմունք էր տվել:

Օրեր անց պարզվեց, որ Մարիամն ու Հակոբը զուգընկերներ են եղել:

Ռուսաստան․ անպատիժ ընտանեկան բռնության մեկ տարի

Սկանդալային պատմություն. կինը պնդում է, որ իր երեխային վաճառել են, և պահանջում է վերադարձնել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մարիամն իր նկատմամբ շարունակական ֆիզիկական և հոգեբանական բռնությունների մասին իրավապահներին տեղեկացրել է դեռ 2 տարի առաջ: 2017 թվականից ի վեր «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչները բազմիցս տեղեկացրել են իրավապահ մարմիններին Մարիամ Ասատրյանին սպառնացող վտանգի մասին։

Նա կենտրոն էր դիմել 2017 թվականի հոկտեմբերին՝ թեժ գծի միջոցով։ Այդ ժամանակ զուգընկերը դաժանորեն ծեծել էր նրան, կոտրել ձեռքը: Մարմնի վրա եղել են կտրող-ծակող գործիքներից հասցված վնասվածքներ։ Մարիամն երկու ամիս ապրել է «Կանանց աջակցման կենտրոնի» կացարանում, ապա իր կամքով դուրս եկել այդտեղից։

Հաջորդ անգամ նա կենտրոնին դիմել է 2018 թվականին՝ հերթական դաժան ծեծից հետո, երբ կոտրված էր երկու ձեռքերը։ Մի խոսքով, իրավապահ մարմինները տեղյակ են եղել Մարիամի` պարբերական ծեծի ենթարկվելու և մարմնական վնավածքների մասին, սակայն էական քայլեր չեն ձեռնարկել։

Մարիամը երկու երեխա ուներ՝ 40 օրական և 3 տարեկան: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ մահվան պահին Մարիամը հղի էր:

Ինչո՞ւ Հայաստանում ընդունված չէ խոսել ընտանեկան բռնության մասին

Շատերը համարում են, որ նեղ ընտանեկան հարցերը, բախումներն ու հակասությունները պետք է դուրս չգան ընտանիքից, առավել ևս՝ չլուծվեն իրավական կարգով:

Ընտանեկան բռնության տեսանկյունից հատկապես խոցելի են կանայք ու երեխաները: Խոցելի են ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ տնտեսապես: Շատ հաճախ կանայք և երեխաները չեն բարձրաձայնում բռնության մասին, ուղղակի, որովհետև տնտեսապես անկախ չեն, գնալու տեղ չունեն:

Անգամ, եթե բռնության մասին գործը հասնում է դատարան, բռնարար տղամարդկանց նկատմամբ, ամենից հաճախ,  կիրառվում է տուգանք, ինչից հետո նրանք վերադառնում են ընտանիք՝ բռնության զոհերի մոտ: Հայաստանում սեփականության իրավունքը գերակա իրավունք է, իսկ տղամարդիկ, որպես կանոն, բնակտարածքի միակ սեփականատերն են:

Մինչև 2000 թվականը Հայաստանում գոյություն չուներ ընտանեկան բռնության զոհերի որևէ ապաստարան կամ կենտրոն, ուր կարող էին դիմել զոհերը: «Կանանց աջակցման կենտրոնը» Հայաստանում գործող առաջին հասարակական կազմակերպությունն էր, որ աջակցության ձեռք մեկնեց ընտանեկան բռնության ենթարկվածներին:

Կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն ասում է, որ 2010 թ.-ին, երբ դեռ նոր էին սկսել աշխատել, տարեկան ունենում էին 50 ահազանգ, մինչդեռ հիմա կենտրոնի թեժ գծին ավելի քան 2000 զանգ են ստանում՝ տարեկան կտրվածքով: Իսկ կենտրոնի ապաստարանում միաժամանակ կարող է բնակվել մինչև 16 մարդ:

Այսօր Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված միայն երկու ապաստարան է գործում, այն էլ՝ հասարակական կազմակերպությունների ջանքերով: Այստեղ բռնության ենթարկվածները կարող են ապրել առավելագույնը 2 ամիս:

Ստույգ թվեր

Ընտանեկան բռնության վերաբերյալ ստույգ վիճակագրական տվյալներ գտնելը բավականին բարդ է:

Մինչև 2018 թվականը տեղի ունեցած հանցագործությունները չեն որակվել որպես ընտանեկան բռնություն: Այսօր էլ ընտանեկան բռնություն չի համարվում հանցագործությունը, որն իրականացվում է տղամարդու կողմից, ում հետ հարաբերությունները հաստատված չեն օրենքով:

• 2016-2017 թթ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում քննվել է կանանց սպանության դեպքերով հարուցված 19 քրեական գործ, որոնցից 3-ով վարույթը կարճվել է։

• 2018 թ. առաջին վեց ամիսներին գրանցվել է կնասպանության 9 դեպք:

• 2017 թ.-ին պաշտոնապես գրանցվել է ընտանեկան բռնության 793 դեպք, որոնցից 18-ը տղամարդկանց նկատմամբ՝ կանանց կողմից: Քննության փուլ հասել է միայն 458-ը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նույն թվականին ստացել է բռնության մասին 5600 ահազանք:

• 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ: Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 493 անձ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան, 183-ը՝ 18-35 տարեկան, 244-ը՝ 35 տարեկանից բարձր:

• 2010-2017 թթ. ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազամակերպությունների կողմից բարձրաձայնած տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրվել է կնասպանության 50 դեպք:

• Փորձագետները նշում են, որ Հայաստանի յուրաքանչյուր 5-րդ կին շարունակական բռնության է ենթարկվում:

Օրենքի մասին

2015 թվականից, երբ կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը սկսեցին ավելի ակտիվ լուսաբանվել, ամենաբարձր մակարդակում քննարկման դրվեց համապատասխան օրենք ունենալու անհրաժեշտությունը: Օրենքը, սակայն, ընդունվեց միայն 2017 թ. դեկտեմբերին:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումը զուգորդվեց հասարակության մի ստվար հատվածի բողոքի կոչերով։ Նրանք պնդում էին, որ այն քանդելու է հայկական ավանդական ընտանիքի հիմքերը և թույլ տալու պետությանը մտնել յուրաքանչյուր ընտանիք և հեռացնել երեխաներին ծնողներից:

Օրենքը, որը իրավապաշտպանների կարծիքով, լուրջ վերանայումների կարիք ունի,  ընդունումից հետո զգալի արդյունքներ չի տվել: Դրա ընդունումից հետո Հայաստանում ընտանեկան բռնության  990 դեպք է գրանցվել՝ միայն իրավապահ  մարմինների կողմից: Այս թիվը խիստ մոտավոր է, քանի որ ընտանեկան բռնությունների վերաբերյալ միասնական տվյալների բազա գոյություն չունի:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին կից ենթաօրենսդրական ակտերն ընդունվեցին 1.5 տարի հետո միայն: Կառավարության որոշման համաձայն՝ պետությունն այսուհետև դրամական աջակցություն կցուցաբերի ընտանեկան բռնության զոհերին, ովքեր ապաստարանից հետո գնալու տեղ չունեն:

Գումարը կարող է ծառայել որպես բնակարանի վարձակալության կամ աշխատանքի անցնելու նպատակով վերապատրաստման վճար, ինչպես նաև՝ բուժման համար: Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվեցին այն նվազագույն պայմանները, որոնց պետք է համապատասխանեն ապաստարանները և դրանցում աշխատող մասնագետները:

Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է վավերացնել Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիան և ստեղծել պետական ֆինանսավորմամբ գործող առաջին ապաստարանը:

Իրավապաշտպանները վստահ են՝ կոնվենցիայի վավերացումը ևս կդառնա բուռն հասարակական ընդվզման առիթ, բայց սա կլինի նաև յուրահատուկ փորձաքար՝ ստուգելու ՀՀ նոր իշխանությունների քաղաքական կամքն ու խիզախությունը՝ կոտրելու հազարավոր զոհերի լռության շղթան:

Հետգրություն

2019-ի մայիս ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվեց կնասպանության ևս 2 դեպք: Նախկին ամուսնու կողմից սպանվեց 37-ամյա Կարինե Հակոբյանը, ով 4 երեխաների մայր էր: Իսկ Բասեն գյուղում եղբայրը ծեծվելով սպանել է 1957 թ.-ին ծնված քրոջը՝ Սուսաննա Կանդալյանին, և ինքնասպան եղել։


Կարդալ ավելին JAMnews-ում