Անակլիայի նավահանգստի շինարարությանը կողմ էր ԱՄՆ-ն, դեմ՝ Ռուսաստանը " />

Ըննդիմության դեմ պայքար և Ռուսաստանի ազդեցությո՞ւն։ Նոր նավահանգստի նախագծի շուրջ սկանդալ Վրաստանում

Անակլիայի նավահանգստի շինարարությանը կողմ էր ԱՄՆ-ն, դեմ՝ Ռուսաստանը

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է այն կոնսորցիումի հետ ներդրումային համաձայնագրից, որը կառուցում էր երկրում առաջին խորջրյա սևծովյան նավահանգիստն Անակլիա քաղաքում։

Շատերը վստահ են, որ դա ընդդիմության դեմ պայքարի, սակայն մեծ մասամբ՝ Ռուսաստանի ազդեցության հետևանք է, որը նավահանգստի շինարարությունում իր շահերին աշխարհաքաղաքական և տնտեսական սպառնալիք է տեսնում։

Պայքար քաղաքական ախոյանի դե՞մ

«Անակլիայի զարգացում կոնսորցիումը», որի հետ պայմանագիր է կնքել Վրաստանի կառավարությունը, չի կատարում պարտականությունները․ նավահանգստի շինարարական աշխատանքների ժամկետները զգալիորեն խախտված են, հայտարարել է ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին։

Սակայն ընդդիմությունը կարծում է, որ բանն այն է, որ կոնսորցիումի հիմնադիրը Վրաստանում հայտնի գործարար Մամուկա Խազարաձեն է, որը 2019 թ-ին երկրի ստվերային առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ քաղաքական դիմակայության մեջ է հայտնվել։ Եվ այժմ նա արդեն մերժված անձնավորություն է իշխանությունների կողմից։

Խազարաձեն ստեղծել է «Լելո» քաղաքական շարժումը, և համարվում է, որ լինելու է Իվանիշվիլիի և նրա «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր մրցակիցը 2020 թ-ին Վրաստանում նախանշված խորհրդարանական ընտրություններին։ Ակնկալվում է, որ «Լելո» շարժումը հանդես կգա որպես լուրջ ըննդիմություն իշխանություններին։ Խզված պայմանագիրը ֆինանսական մեծ հարված էր գործարար և քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեի համար, և ընդդիմությունը կարծում է, որ հենց դա էր ոչ ֆորմալ ղեկավար Իվանիշվիլիի նպատակը։

• Ինչո՞ւ է նախկին վարչապետ Իվանիշվիլին պայքարում Վրաստանի ամենահայտնի բանկի դեմ

• Վրաստան․ խոշոր գործարարը, որն իշխանությունների հետ կոնֆլիկտի մեջ է, հասարակական շարժում է հիմնում

• ԱՄՆ պետքարտուղարի մեսիջները վրացական իշխանություններին

Ինչո՞ւ է Կրեմլն իր համար սպառնալիք տեսնում Անակլիայի նավահանգստի նախագծում

Կրեմլի ներկայացուցիչները բացահայտ քննադատել են Անակլիայի նոր նավահանգստի շինարարության նախագիծը։

Նախևառաջ, Կրեմլը դրանում աշխարհաքաղաքական սպառնալիք է տեսնում, քանի որ նոր նավահանգիստը կարող է տեղակայել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու սուզանավերը։

Երկրորդ հերթին, այն մրցակցելու է ռուսական սևծովյան նավահանգիստների հետ։

Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, մեկնաբանելով նավահանգստի շինարարությունն, ուղղակիորեն սպառնացել է Վրաստանին։ 

«Թբիլիսին պետք է կողմնորոշվի․ կամ ընտրում է տարածաշրջանային կայունության մթնոլորտը Հարավային Կովկասում, կամ եվրատլանտյան օրակարգը։ Եվ եթե Վրաստանն ընտրի երկրորդը, կարող է նույն խնդիրներին բախվել, ինչ Ուկրաինան 2014 թ-ին», – ասել է Կարասինը։

Այս ամենը հաշվի առնելով՝ ընդդիմությունը պնդում է, որ Իվանիշվիլին սպառնալիքի տակ է դրել նախագիծը, որովհետև նրան այդպես են թելադրել Մոսկվայից։

Վրաստանում խորջրյա նավահանգստի շինարարության նախագծին չի աջակցել նաև Թուրքիան, որը մտավախություն ունի, որ այն կթուլացնի իր ազդեցությունը սևծովյան տարածաշրջանում։

ԱՄՆ աջակցություն

Անակլիայի նավահանգստի շինարարության նախագծի խոշորագույն միջազգային կողմնակիցն ԱՄՆ-ն է։

Մասնավորապես, ի աջակցություն դրա 2019 թ-ի հունիսին հանդես է եկել պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ասելով․

«Այս և այլ նախագծերը կամրապնդեն Վրաստանի հարաբերությունները շուկայական տնտեսություն ունեցող երկրների հետ և թույլ կտան խուսափել Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական ազդեցության զոհ դառնալու վտանգից»։

Ինչո՞վ է կարևոր նախագիծը

Վրաստանում սևծովյան երկու նավահանգիստ կա՝ Փոթիում ու Բաթումում։ Սակայն ոչ բավականաչափ խորության պատճառով նրանք չեն կարող մրցակցել թուրքական և ռուսական նավահանգիստների հետ։

Անակլիլայի նոր նավահանգիստը կարող է ընդունել նավեր, որոնք տեղավորում են մինչև 10 հազար կոնտեյներ (երկրի գլխավոր նավահանգիստ Փոթին կարող է նավեր ընդունել ընդամենը 1,500 կոնտեյներ տարողությամբ)։

Նավահանգիստը կդառնա Վրաստանի համար կարևոր ենթակառուցվածքային նախագիծ, քանի որ այն կկապի Կենտրոնական Ասիան և Եվրոպան։

Նավահանգստի շինարարությունը սկսվել է 2017 թ-ի դեկտեմբերին։ Նախագծի ընդհանուր արժեքը 2,5 մլրդ դոլար է։

Այժմ աշխատանքները դադարեցված են, նախագծի ապագան պարզ չէ։

Անակլիայի նավահանգստի հետ կապված պայքարի պատմությունը

«Դարի նախագիծ»․ այսպես էին սկզբում անվանում ապագա նավահանգիստն իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները։ Տենդեր էր հայտարարվել, որում հաղթել էր Մամուկա Խազարաձեի ընկերությունն ամերիկյան Conti International LLC-ի հետ գործընկերությամբ։

Ամերիկյան ընկերության մասնակցությունը կառավարության պահանջներից մեկն էր։

Խնդիրները սկսվել են 2018 թ-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո։ Խնդիրներ էին առաջացել նրա պաշտոնավարման ժամանակ մեկնարկած բոլոր նախագծերի, այդ թվում՝ Անակլիայի նավահանգստի առնչությամբ։

Մամուկա Խազարձեն մեղադրվեց փողերի լվացման համար 11-ամյա վաղեմության որոշ փաստերի առնչությամբ և քրեական պատասխանատվության ենթարկվեց իր տեղակալի հետ միասին։

Եվ ահա այժմ իշխանությունները խզեցին նրա հետ պայմանագիրը։

Սակայն «Անակլիայի զարգացման կոնսորցիումը» մտադիր չէ հանձնվել։ Դրա տնօրեն Լևան Ախվլեդիանին հայտարարել է, որ ընկերությունը կառավարության դեմ հայց է ներկայացնելու արբիտրաժային դատարան։

Տնտեսագետ Գիա Խուխաշվիլին կարծում է, որ առանձին հայց կարող է ներկայացվել նաև արտասահմանյան ներդրողներից, ինչը երկրի համար հարյուրավոր միլիոն դոլար կարող է արժենալ։


Կարդալ ավելին JAMnews-ում