Անհնազանդության շարժման կողմնակիցները քայլում են Երևանի փողոցներով՝ վանկարկելով իրենց առաջնորդի անունն ու պահանջելով, որ նա վարչապետ դառնա" />

Ընդդիմության հետ բանակցությունները ձախողվել են, Հայաստանում փողոցային պայքարը շարունակվում է

Անհնազանդության շարժման կողմնակիցները քայլում են Երևանի փողոցներով՝ վանկարկելով իրենց առաջնորդի անունն ու պահանջելով, որ նա վարչապետ դառնա

22:00, ապրիլի 25

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանն ամբողջ օրը խորհրդակցություններ է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Հաղորդագրության մեջ ասվում է.

Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում  և Սահմանադրության հետ կապված օրենքներում:

Փաստորեն, խոսքը գնում է շարժման պահանջները կատարելու մասին:

20:00, ապրիլի 25

Երևանի գլխավոր հրապարակում հավաքված շարժման մասնակիցները բարձր բացականչություններով և վանկարկումներով իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին: Այսպիսով, նա է լինելու այս պաշտոնում ժողովորդի թեկնածուն, որի մասին խոսվում էր այս  օրերին:

19:50, ապրիլի 25

Պաշտոնաթող վարչապետ, Հայաստանի 3-րդ Նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: ՀՀԿ մամուլի ծառայությունից հաղորդում են ուղերձի տեքստը.

«Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:

Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին…

Հարգանքով, Սերժ Սարգսյան»:

18:04, ապրիլի 25

Իշխող «Հանրապետական» կուսակցության գործընկեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը լքեց իշխանական կոալիցիան՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի արդյունքում:

«Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձևավորած կառավարության մշակած՝ պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝

ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,

բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,

գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,

դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասված է ՀՅԴ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ դաշնակցական երկու պատգամավոր արդեն հայտարարարել էին, որ իրենք միանում են ժողովրդի շարժմանը:

15:15, ապրիլի 25

Փողոցային պայքարը, որը սկսվել է Հայաստանում ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, շարունակվում է նաև նրա հրաժարականից հետո՝ այլ պահանջներով:

Դադարը կարճատև էր:  Այն սկսվեց ապրիլի 23-ին (վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո) և շարունակվեց հաջորդ օրն՝ ապրիլի 24-ին ամբողջ օրը, մինչ ողջ Հայաստանը հարգանքի տուրք էր մատուցում 1915թ-ի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին հաղորդվում էր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև բանակցություններ սկսելու պայմանավորվածության մասին: Սակայն երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ բանակցությունները ձախողվել են: Կառավարության մամուլի ծառայությունը տարածել է Կարապետյանի հայտարարությունը:

«Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»:

Փաշինյանը պահանջել է նաև, որպեսզի բանակցություններն անցկացվեն լրագրողների ներկայությամբ: Ավելի վաղ, հավանաբար այդ պատճառով, ձախողվեցին նաև արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները:

Բողոքի շարժման առաջնորդ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդը Սերժ Սարգսյանն է, ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին և կրկին վերարտադրել իր իշխանությունը: Նման բան թույլ չտալու համար Փաշինյանը մարդկանց կոչ է արել ևս մեկ շաբաթ շարունակել ակտիվ փողոցային պայքարը:

«Կարծում եմ, որ այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումները արտահայտենք և արձանագրենք, որ իրադարձությունների նման սցենարը, զարգացումը որևէ կերպ չի կարող մտնել հեղափոխության պլանների և ծրագրերի մեջ… Կարծում եմ, որ հեղափոխությունը հստակ ուղերձ է հղել, որ ՀՀ-ում ՀՀԿ-ն այլևս չի կարող իշխանություն ունենալ։ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հանրապետականների միջոցով ստվերից կառավարել։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և կարծում եմ, որ ևս մեկ քայլ պետք է արվի` «թավշյա հեղափոխությունն» ավարտին հասցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այսօր առավոտից անհնազանդության շարժման կողմնակիցները քայլում են Երևանի փողոցներով նոր կարգախոսով. «Մերժի՛ր Կարենին», որը վարչապետ Սարգսյանի հրաժարականից առաջ հնչում էր որպես «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»:

Ցուցարարները վանկարկում են նաև իրենց առադնորդի անունը՝ «Նիկոլ», և պահանջում, որ նա վարչապետ դառնա:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ դեմ չէ իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը: Վարչապետ պետք է դառնա ժողովրդի ընտրյալը, և նա չի բացառում և անգամ վստահ է, որ հենց իրեն մարդիկ կցանկանան տեսնել այդ պաշտոնում:

Փաշինյանը հավելել է, որ ժողովուրդը վարչապետի թեկնածության վերաբերյալ իր կարծիքը կարտահայտի Հանրապետության հրապարակում՝ ցուցադրելով իր համաձայնությունը կամ բողոքը բարձր ձայնարկությունների միջոցով:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այդ առթիվ հայտարարել է.

«Աշխարհի ոչ մի երկրում չկա այնպիսի հասկացություն, որ ժողովրդական թեկնածուն ընտրվի հրապարակում։ Կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, սակայն չկա չափորոշիչ, ոմանք ուզում են Նիկոլին, մյուսները` մեկ այլ անձին: Ո՞նց չափենք՝ էտ քաղաքացիները ուզում են Նիկոլ Փաշինյանի՞ն, այլ քաղաքացիներ ուզում են այլ թեկնածուի և ինչպես մենք վարվենք։ Առաջարկում ենք անել արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալը ինքն է, ինքը կգնա»:

Դրանից հետո Փաշինյանը փորձեց շտկել իրավիճակը: Նրա խոսքով՝ Կարապետյանն իրեն սխալ է հասկացել, ինքն ու իր կողմնակիցներն իրականում կարծում են. վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից՝ օրենքի ուժով: Սակայն հրապարակում գտնվող ժողովուրդը պետք է հավանության արժանացնի վարչապետի իր թեկնածուին:

Կարապետյանը կոչ է արել տրամաբանական լուծում գտնել բանակցությունների սեղանի շուրջ, քննարկել սահմանադրության շրջանակում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Իսկ սահմանադրությունը չի արգելում, որպեսզի «Ելք» դաշինքը, որի ներկայացուցիչ է Փաշինյանը, իր թեկնածուին առաջադրի:

Եվ «Ելքի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն արդեն հաղորդել է, որ խմբակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Փաշինյանի թեկնածությունը:

Նրան ընտրելու համար անհրաժեշտ կլինի ստանալ 53 պատգամավորի ձայն: «Ելքն» ու նրան հարած մյուս ընդդիմադիր խորհրդարանական ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը,  միասին ապահովում են 40 ձայն, ևս 13-ը պետք է ստանալ մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունից և նրա կոալիցիոն գործընկեր «Դաշնակցություն» կուսակցությունից:

«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նաև մոտ ժամանակների հետագա գործողությունների պլանը.

«Ամսի երեսունին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվում, սկսում ենք աշխատել Ընտրական օրենսգրքի վրա, փոխում ենք այն, զրկում ՀՀԿին բոլոր վարչական ռեսուրսներից, որպեսզի այն չկարողանա դրանք օգտագործել ընտրություններին, և միայն դրանից հետո անցկացվում են արդար ընտրություններ»:

Փաշինյանը ևս ավելի վաղ հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում:

Երկխոսության և իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման կոչ է հնչել այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից.

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում զբաղեցնել և իշխանության խաղաղ փոխանցում կատարել Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված կարգի և օրենքի գերակայության շրջանակում: Մենք հույս ունենք սերտ համագործակցություն հաստատել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար: Որպես Հայաստանի ընկեր և գործընկեր մենք կոչ ենք անում հայ ժողովրդին երկխոսության գնալ ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով պետության ինքնիշխան ապագան կառուցելու համար»:

JAMnews-ը շարունակում է հետևել Հայաստանում իարդարձությունների զարգացմանը:

Նմանատիպ նյութեր

HRW. խոսքի ազատությունը Վրաստանում վտանգված է

HRW. խոսքի ազատությունը Վրաստանում վտանգված է

«Վրացական երազանքի» Սահմանադրությունը

«Վրացական երազանքի» Սահմանադրությունը

Ադրբեջանը Freedom House իրավապաշտպան կազմակերպության ամենամյա հաշվետվությունում «անազատ երկիր» է մնացել

Ադրբեջանը Freedom House իրավապաշտպան կազմակերպության ամենամյա հաշվետվությունում «անազատ երկիր» է մնացել

Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում

Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի նորընտիր վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահին

Հայաստանի նորընտիր վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահին

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նոր կառավարության կազմում իրեն չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նոր կառավարության կազմում իրեն չի տեսնում

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին


Կարդալ ավելին JAMnews-ում