Վթարի պատճառով կանգնեցվել է Երևանի մետրոպոլիտենը, իշխանությունները խորհուրդ են տալիս էլեկտրաէներգիա սպառել միայն անհրաժեշտության դեպքում " />

Էներգետիկ կոլապս Հայաստանում։ Ժամանակավորապես հոսանքազրկվել է գրեթե ողջ երկիրը

Վթարի պատճառով կանգնեցվել է Երևանի մետրոպոլիտենը, իշխանությունները խորհուրդ են տալիս էլեկտրաէներգիա սպառել միայն անհրաժեշտության դեպքում

Հայաստանի ողջ տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված մասշտաբային խնդիրներ են գրանցվել։ Երևանում ստիպված են եղել մետրոյի ուղևորներին տարհանել, վագոնները կանգնել էին հենց ուղիներում։ Էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարման պատճառով խափանվել էր նաև բջջային օպերատորների աշխատանքն ու ինտերնետ-կապը։

Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին

Հայաստանի «Սիբիրի» բնակիչները ջեռուցման այլընտրանքային ձևերի են անցել

Ո՞րն է պատճառը

Անջատումից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները հաղորդեցին էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի մասին։ Խնդիրներ են առաջացել Երևանի ՋԷԿ-ում և Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկում։

Այս առիթով տարածքային կառավարման փախնախարար Հակոբ Վարդանյանը շտապ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Նա հայտարարել է, որ Հայաստանում բլեքաութը կարող էր առաջանալ Իրանի էներգետիկ համակարգում ծագած խնդիրների պատճառով․

«Մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգոհամակարգի հետ,  ու ցանկացած տատանում Իրանում զգացվում է մեզ մոտ, մեր երկրում էլ ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում։ Բայց 100 տոկոսով ասել, որ վթարի պատճառը, հաճախականության տատանումները եկել են իրանական էներգոհամակարգից, չենք կարող»։

Փոխնախարարը հայտարարել է, որ ցանցում լարման խոշոր տատանում է տեղի ունեցել։

Հանրապետության հյուսիսային շրջանները ժամանակավորապես միացվել են Վրաստանի էներգետիկ համակարգին։

 «Ներկա պահին Հայաստանի Լոռվա և Տավուշի մարզերը (հանրապետության հյուսիս) միացված են Վրաստանի էներգահամակարգին։ 28 մեգավատ Վրաստանից ներմուծում ունենք, 42 մեգավատ ունենք Իրանից: Ընդհանուր սպառումը՝ 583 մեգավատ,  վերականգնված է:  Օրվա այս ժամերին մեզ մոտ սպառման պահանջարկը  լինում է 800-900 մեգավատ, այս պահին մոտ 600 մեգավատն ապահովվում է»։

Վարդանյանը վստահեցրել է, որ եթե այլևս տատանումներ չլինեն, ապա մինչև 18.00-ն ողջ էներգահամակարգի աշխատանքն ամբողջությամբ կվերականգնվի։ Նա ասել է նաև, որ եթե պարզվի Հայաստանի էներգահամակարգի աշխատակիցների մեղքն, ապա նրանք կպատժվեն։

Ինչպե՞ս են աշխատում Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները

Անջատումից հետո իր աշխատանքն է դադարեցրել Երևանի մետրոպոլիտենը, իսկ կայարաններում և վագոններում գտնվող քաղաքացիները տարհանվել են։

Տատանումներ են գրանցվել նաև երկաթգծի աշխատանքում, սակայն դրանք հաջողվել է չեզոքացնել, և գնացքներն աշխատում են սովորական ռեժիմով։

Մեծամորի ԱԷԿ-ը հունիսի մեկից պլանային վերանորոգման մեջ է։ Այն համակարգում չի եղել տատանումների ժամանակ, այն էլեկտրաէներգիա էր օգտագործում միայն սեփական կարիքների համար։ Ընդ որում, ատոմակայանի աշխատակիցներն այն անջատել էին էներգահամակարգից տատանումների ժամանակ, և միացրել էին դիզելային գեներատորները։ Տատանումների չեզոքացումից հետո կայանը կրկին միացվել է ընդհանուր համակարգին։ Իշխանությունները հաղորդում են, որ ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ մտավախություններ չկան՝ դրան որևէ վտանգ չի սպառնում։

Շատ բնակավայրերում խդիրներ են առաջացել հեռախոսակապի և ինտերնետի հետ կապված։ Շենքերում, որտեղ ջուրը մատակարարվում է պոմպերով, ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։

Տեղեկություններ կային, որ հոսանքազրկված է նաև «Զվարթնոց» օդանավակայանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ և Երևանի, և Գյումրիի օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։

Առողջապահության նախարարն էլ հաղորդել է, որ բոլոր բուժհիմնարկներն ու հիվանդանոցներն աշխատում են սովորական ռեժիմով։ Նա քաղաքացիներին խնդրել էր նաև էլեկտրաէներգա սպառել միայն ըստ անհրաժեշտության, «որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի»։


Կարդալ ավելին JAMnews-ում