Իշխանությունները խոսում են էներգետիկ անվտանգությունից, իսկ տեղի բնակչությունը դիմադրում է իր բնակավայրում հնարավոր անդառնալի փոփոխություններին" />

Էներգետիկան՝ ցույցերի ֆոնին․ ինչո՞ւ են Վրաստանի շրջաններում դիմադրում ՀԷԿ-երի շինարարությանը

Իշխանությունները խոսում են էներգետիկ անվտանգությունից, իսկ տեղի բնակչությունը դիմադրում է իր բնակավայրում հնարավոր անդառնալի փոփոխություններին

Վրաստանի միանգամից մի քանի շրջանում բնակչությունն ակտիվորեն բողոքի ցույցեր է անում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ։ Գյուղացիների այս դիմակայությունը երկրի իշխանություններին սկսվել է դեռ 1990-ականների կեսերից։ Ներկայացնում ենք ընթացիկ և պլանավորված նախագծերն ու տեղի բնակչության դժգոհության գլխավոր պատճառները։

Ցույց Պանկիսիում ՀԷԿ շինարարության դեմ։ Լուսանկարը՝ REUTERS/Եկատերինա Անչևսկայայի

2019թ-ի ապրիլի 21-ին փոքր, ընդամենը 5.4 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի շինարարությունը Վրաստանի Պանկիսիի կիրճում հանգեցրեց տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումների։

Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառեց, իսկ տեղացիները ոստիկանների վրա քարեր նետեցին։

Ըստ ներքին գործերի նախարարության տեղեկությունների՝ տուժեց 55 մարդ, նրանցից 38-ը՝ ոստիկան, 17-ը՝ տեղի բնակիչ, վնասվեցին ոստիկանական մեքենաներ և շինարարական տեխնիկա։

Այդ ՀԷԿ-ը կոչվում է «Խադորի-3», այն «Ալազանի էներջի» ընկերության արդեն երրորդ էլեկտրակայանն է այս կիրճում։ Ալազանի գետի վրա արդեն կառուցվել են «Խադորի-1» և «Խադորի-2» հիդրոէլեկտրակայանները։

Նախագծի համաձայն՝ նոր ՀԷԿ-ը պետք է կառուցվի Բիրկիանի գյուղի մոտ, և մոտ 4.5 կմ մեծությամբ տարածքում Ալազանի գետի ջրերի 90 տոկոսը կուղղվի դեպի ջրատար։

Հենց այս հանգամանքն է բողոքի ցույցեր առաջացրել։ Տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ ջրի ծավալի նվազումը կանդրադառնա արոտավայրերի վրա, իսկ արոտավայրերը նրանց համար շատ կարևոր են․ բնակչության մեծ մասն ապրում է անասնապահությամբ։

Բացի այդ, մտավախություն կա, որ ՀԷԿ-ը կխորացնի շրջանի մի քանի գյուղերում առանց այդ էլ խմելու ջրի սուր խնդիրն, ինչպես նաև կխանգարի զբոսաշրջության զարգացմանը։

Ծերուկ Թբիլիսի․ Վրաստանի զբոսաշրջության մասին

Արյան մեջ հայտնաբերված կապարը Վրաստանում դառնում է բնապահպանական ապակայունացման նշան

Ոստիկանության հետ բախումները դադարեցին այն բանից հետո, երբ շրջան եկավ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան։ Տեղի բնակիչների հետ բանակցություններն ավարտվեցին նախարարի խոստմամբ, որ ՀԷԿ-ի շինարարությունը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության նվազագույնը 90 տոկոսը չի աջակցել նախագծին։

Ինչո՞ւ են Վրաստանին անհրաժեշտ նոր էլեկտրակայաններ (և արդյո՞ք պետք են) և որքանո՞վ են արդարացված բնակչության վախերը։ JAMnews-ի հետազոտությունը

Բախումներ Պանկիսիի բնակիչների և ոստիկանության հատուկջոկատայինների միջև։ Լուսանկարը՝ REUTERS/Եկատերինա Անչևսկայա

Որքա՞ն լույս է օգտագործում Վրաստանը, որքա՞ն է արտադրում և որտեղի՞ց է ներկրում

2018թ-ին Վրաստանը սպառել է ընդհանուր առմամբ 12,595 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Դրանցից 1,508 մլն կՎտ/ժամը ստացվել է այլ երկրներից։

Միաժամանակ Վրաստանն ինքն է արտահանել 588 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Դա կապված է այն բանի հետ, որ Վրաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում ՀԷԿ-երին, իսկ դա նշանակում է, որ արտադրությունը սեզոնային բնույթ է կրում։

Ընդհանուր առմամբ, երկրում էլեկտրաէներգիա է արտադրում 86 հիդրո-, 5 ջերմա- և 1 հողմաէլեկտրակայան։

Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում գետերում ջրի մակարդակը բարձր է, արտադրությունն աճում է։ Եվ այդ փուլում սպառումն, ընդհակառակը, նվազում է, և երկիրը կարող է էլեկտրրաէներգիա արտահանել։

Սեպտեմբերից մարտ գետի ջրերի մակարդակը նվազում է, իսկ ներքին սպառումն՝ աճում։ Եվ այդ փուլում Վրաստանն էլեկտրաէներգիա է գնում հարևան երկրներից՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից և Ռուսաստանից։

Ինչպես վկայում են էլեկտրաէներգետիկ շուկայի օպերատորի պաշտոնական տվյալները, Վրաստանն էլեկտրաէներգիայի ամենամեծ ծավալը գնում է Ադրբեջանից և Ռուսաստանից։ Հետևաբար, խոսքը գնում է այդ երկրներից Վրաստանի որոշակի էներգետիկ կախվածության մասին։

Հենց այդ պատճառով են Վրաստանի իշխանությունները պնդում, որ նոր ՀԷԿ-եր է պետք կառուցել՝ դա երկրի էներգետիկ անվտանգության հարց անվանելով։

Իշխանությունները հայտարարում են, որ էլեկտրաէներգիայի սպառումը տարեցտարի ավելանում է, և աճող պահանջարկը բավարարելու միակ եղանակը մանր ու միջին ՀԷԿ-երի կառուցումն է։

Ներկա պահին տարբեր ընկերությունների հետ 117 ՀԷԿ-ի շինարարության 84 հուշագիր է ձևակերպվել։

Ըստ պլանի՝ 2019թ-ին շահագործման կհանձնվի 10 ՀԷԿ, որոնց ընդհանուր հզորությունը 94,8 մեգավատ է։

Ի՞նչ են ասում շրջակա միջավայրի պաշտպանները

Վրաստանի բնապահպանները բնավ դեմ չեն, որ ապահովվի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Սակայն նրանք պնդում են, որ գործողությունները չպետք է պատահական լինեն սկզբի համար անհրաժեշտ է էներգետիկայի զարգացման հստակ պլան մշակել, նաև հիդրոէլեկտրակայաններ կառուցել՝ այդ պլանի համաձայն։

ՀԷԿ-երն, առաջին հերթին, պետք է կառուցվեն այն բանից հետո, երբ անցկացվի շինարարության հետևանքների գնահատում, թե ինչպիսին է լինելու դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Դա թույլ կտա նվազագույնի հասցնել բնությանն ու տեղի բնակչության ավանդական կենսակերպին հասցվող պոտենցիալ վնասը։

Միաժամանակ, իշխանությունները, բնապահպանների գրեթե միասնական կարծիքի համաձայն, պետք է մտածեն էլեկտրաէներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրների մասին։ Առաջին հերթին, դա արևային և հողմային էներգետիկայի զարգացումն է և շինարարությունում էներգապահպան նյութերի օգտագործումը։

Որոշ փորձագետների համաձայն՝ Վրաստանում արդեն բազմաթիվ ՀԷԿ-եր կան, որոնց մի մասը կառուցվել է Խորհրդային Միության տարիներին և որոնք ներկա պահին աշխատում են իրենց ներուժի միայն մեկ քառորդի չափով։

Հարցեր է առաջացնում նաև այն, որ պետության և մասնավոր ընկերությունների կնքած պայմանագրերը հաճախ թափանցիկ չեն, այսպես կոչված «երաշխավորված գնումների» պայմանները կասկածներ են առաջացնում։

Օրինակ, պայմանագրի համաձայն, պետությունը 10 տարով պարտավորվում է գնել «Խադորի-3»-ի արտադրած էներգիան 1կՎտ/ժ-ի դիմաց 5,4 ցենտով։ Սակայն դա տարօրինակ է հնչում, քանի որ այլ երկրներից գնվող էլեկտրաէներգիայի արժեքը միջինում 5 ցենտ է մեկ կՎտ/ժ էներգիայի համար։

Խուդոնի

Վրաստանի նորագույն պատմության առաջին և ամենամասշտաբային բողոքի ցույցը սկսվել է Խուդոն ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի պահին։

702 մեգավատ հզորությամբ, 200 մետր բարձրությամբ ամբարտակով և 364 մլն կուբամետր ծավալով ջրամբարով Խուդոնի ՀԷԿ-ը պետք է կառուցվի սարերում՝ Սվանեթի շրջանի վերին հատվածում, Խայիշի գյուղի մոտ, Ինգուրի գետի վրա։

Վրաստանում այն հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանն է լինելու՝ 1300 մեգավատ հզորությամբ Ինգուրի ՀԷԿ-ից հետո, և տարեկան 1.5մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրելու։

Ըստ նախնական հաշվարկների՝ Խուդոնի ՀԷԿ-ն ապահովելու է Վրաստանի էլեկտրաէներգիայի սպառման 20 տոկոսը։

Նախագծի արժեքը 1 մլրդ դոլար է։ Դրանից 600 միլիոնը պետք է ծախսվի պատվարի կառուցման վրա, իսկ 400 միլիոնը՝ տեղի բնակիչների տարաբնակեցման և այլ սոցիալական կարիքների վրա։

ՀԷԿ-ի շինարարության համար կջրածածկվի 528 հեկտար հող։ Ջրով կպատվի նաև Խայիշի գյուղն ու մի քանի հարակից ավելի մանր գյուղեր։ Կտարաբնակեցվի, ըստ նախնական գնահատականների, մոտ երեք հազար տեղացի։

Ակցիա Խայիշիում Խուդոնի ՀԷԿ-ի շինարարության դեմ, 2013թ․։ Գիորգի Գոգուա, «Լիբերալի»

ՀԷԿ շինարարության առաջին աշխատանքները սկսվել են 1980-ականների վերջին։ Սակայն 1988թ-ին Վրաստանի հասարակության զգալի մասը դեմ հանդես եկավ Խուդոնի ՀԷԿ-ի շինարարությանը։

Այդ ժամանակ կատարվել էր աշխատանքների 25%-ը, իսկ ծախսերը կազմում էին 150մլն ռուբլի [ԽՍՀՄ արժույթը – JAMnews

Սվանեթիում հացադուլ սկսեցին տեղի բնակիչները, Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաքներ էին տեղի ունենում՝ շինարարությունը կանգնեցնելու պահանջով։ Արդյունքում՝ 1989թ-ին Խուդոնի ՀԷԿ-ի շինարարությունը կասեցվեց։

Խուդոնի ՀԷԿ-ի մասին կրկին սկսեցին խոսել 1990-ականների վերջին՝ համընդհանուր ճգնաժամի ֆոնին։ Սակայն թանկարժեք նախագծի շինարարության համար այն ժամանակ իրական ներդրող չհաջողվեց գտնել։

Այն գտնվեց «վարդերի հեղափոխությունից» հետո, երբ Վրաստանում իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին։ Նախագիծը համաձայնեցվեց «Տրանս էլեկտրոնիկա լիմիթեդ» ընկերության հետ։ Սակայն շինարարական աշխատանքներն այն ժամանակ չվերսկսվեցին։

2012թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այն ժամանակ ընդդիմություն կազմող «Վրացական երազանքն» ընտրողներին խոստացել էր, որ Վրաստանում կարգելվի մեծ ՀԷԿ-երի շինարարությունը։ Դրանից հետո «Վրացական երազանքն» իշխանության եկավ, և էներգետիկայի նախարարությունում Խուդոնի ՀԷԿ-ին վերաբերող պայմանագրի ուսումնասիրման խումբ ստեղծվեց։

Այդ խմբի եզրակացությունը հասարակությունում ոչ ոք մինչև այժմ չի տեսել։

2017թ-ին իշխանությունները խզեցին «Տրանս էլեկտրոնիկա լիմիթեդի» հետ պայմանագիրը։ Այն ժամանակ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ ՀԷԿ-ն անպայման կառուցվելու է, քանի որ այն շատ կարևոր է երկրի տնտեսական զարգացման համար։ Կալաձեն (Թբիլիսիի ներկայիս քաղաքապետը) ասաց, որ պետությունն ինքը կկառուցի ՀԷԿ-ը բյուջեի փողերով։

Սակայն ՀԷԿ-ի շինարարությունը մինչև այսօր դեռ չի սկսվել։

Նենսկրա և Մեստաչալա

Բնակչությունը բողոքում է ևս մի քանի հիդրոէլեկտրակայանների՝ Նենսկրայի, Մեստիաչալա-1 և Մեստիաչալա-2 ՀԷԿ-երի շինարարության դեմ, որոնք համանուն գետերի վրա պետք է կառուցվեն։

Մեստիաչալա գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը սկսվել է 2017թ-ի ամռանը։ Նախագծի ներդրումային արժեքը 65 մլն դոլար է, իսկ էլեկտրակայանների գումարային հզորությունը՝ 50 մեգավատ։

2017թ-ին տեղի բնակչությունը փակեց ՀԷԿ-ի շինարարների ճանապարհը և թույլ չտվեց նրանց աշխատել։

Այնուհետև ակցիան վերսկսվեց 2018թ-ի մարտի 31-ին, երբ մի քանի կին պառկեց ավտոմոբիլային ճանապարհին՝ թույլ չտալով անցնել շինարարական ընկերության տեխնիկային։ Նրանք հայտարարում էին, որ ՀԷԿ-ի շինարարությունն արդեն վնաս է հասցրել իրենց բնակավայրին, և շինարարության հատվածում ցամաքել են թթու ջրի աղբյուրները։

Նենսկրա գետը։ Լուսանկարն՝ «Ամերիկայի ձայնի»

Բողոքի մեծ ցույց տեղի ունեցավ Մեստիայում՝ Նենսկրա ՀԷԿ-ի շինարարության դեմ։

Նախագծի համաձայն՝ Նենսկրա գետի վրա պետք է 135 մ բարձրությամբ պատվար կառուցվի, և 820.400 հա մակերեսով անտառներ և արոտավայրեր պետք է ջրածածկվեն, իսկ Չուբերիի համայնքի երեք գյուղի բնակչություն՝ պետք է տարաբնակեցվի։

Տեղացիները պահանջում են, որ ՀԷԿ-ը կառուցվի այլընտրանքային եղանակով, առանց կիրճի ջրածածկման։

2016 թվականի մայիսի 20-ին Նենսկրա ՀԷԿ-ի հակառակորդների ակցիան ՆԳՆ-ն ցրեց ուժի գործադրմամբ, ութ մարդ ձերբակալվեց։

2018թ-ի մարտին Մեստիայում Լալխորի՝ Սվանեթիի համայնքի ներկայացուցիչների ժողով անցկացվեց, որը միաձայն որոշեց արգելել ՀԷԿ-ի շինարարությունը։

«Այսուհետ Սվանեթիում ՀԷԿ չի կառուցվելու, այդ թվում՝ Խուդոնի, Նենսկրայի, Մեստիաչալայի և 50 այլ ՀԷԿ-եր, որոնց շինարարությունը պլանավորվում է Վերին Սվանեթիում», – ասվում էր Լալխորիի հայտարարությունում։

Խոշոր ՀԷԿ-երի դեմ նմանատիպ հանդիպում դրանից առաջ անցկացվել էր մեկ այլ բարձրադիր շրջանում՝ Ռաճեում։ Բնակչությունը դեմ էր արտահայտվել Ռիոնի գետի վրա Օնի-1, Օնի-2 մեծ ՀԷԿ-երի շինարարությանը։

Այդ ՀԷԿ-երի գումարային հզորությունը կարող է 206 մեգավատ լինել։

ՀԷԿ-երի շինարարության դեմ շարժում բարձրադիր Աջարիայում

2019թ-ի փետրվարի 9-ին Աջարիայի Մաճախելա կիրճում ՀԷԿ-երի շինարարության դեմ «Խոսքի մարդ» շարժման հիմնադիր ժողով կայացավ։

Շարժումը միավորեց Մաճախելա կիրճի հինգ գյուղի բնակիչների, որոնք խոստացան իրենց հողերը չվաճառել ՀԷԿ կառուցող ընկերությանը։

Մաճախելա գետի վրա 30 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-ի շինարարությունը պլանավորում է «Մաճախելա ՀԷԿ» ընկերությունը։ Տեղի բնակչությունը հայտարարում է, որ պլանավորում է կիրճում էկոտուրիզմ զարգացնել և այնպիսի «էկոգյուղ» կառուցել, որին, ըստ նրանց, ՀԷԿ-ը խանգարելու է։

Դրան գումարվում է նաև վերջին տարիներին կառուցված հիդրոէլեկտրակայանների անհուսալիությունը։

Շահագործման հանձնումից երկու ամիս անց Շուախևի ՀԷԿ-ի երկու թունելները փլուզվեցին։ Ընկերությունում հայտարարում են, որ փլուզման պատճառն «անկանխատեսելի երկրաբանական գործընթացներն են»։

Շուախևի ՀԷԿ-ի շինարարության վրա ծախսվել է 400 մլն դոլար, և ներկա պահին այն կանգնած է։

Բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Շուախևիի մունիցիպալիտետի Բուտուրաուլի գյուղում։ Տեղի բնակիչները հայտարարում են, որ ՀԷԿ-ի շինարարությունից հետո ակտիվացել են սողանքները, տները ճաքել են, իսկ 40 ընտանիք տարաբնակեցման է սպասում։

Իսկ Խելվաճաուրիում «Աջարէներջի» ընկերությունը, որը կառավարում է Կիրնաթի ՀԷԿ-ը, այնպես է ամբարտակել Ճորոխի գետը, որ ջուրը ծածկել է Մարադիդի և Կինաթի գյուղերի բնակիչների հողամասերը։

Այս իրադարձություններին իշխանության հստակ արձագանք դեռ չկա։


Կարդալ ավելին JAMnews-ում