Հայաստանի ամենահարավային շրջանում մի խումբ զբոսավարներ արդեն ծրագիր են մշակել և մյուս տարի մտադիր են ընդունել բազմաթիվ հյուրերի" />

Էկոտուրիզմ․ հաճույք զբոսաշրջիկների և աշխատանք տեղացիների համար

Հայաստանի ամենահարավային շրջանում մի խումբ զբոսավարներ արդեն ծրագիր են մշակել և մյուս տարի մտադիր են ընդունել բազմաթիվ հյուրերի

туризм, экотуризм, Сюник, Капан, общественная организация, бизнес, кампания, тропа, гид, бизнес, гостевой дом, զբոսաշրջություն, էկոտուրիզմ, Սյունիք, Կապան, հասարակական կազմակերպություն, բիզնես, արշավ, քայլուղի, զբոսավար, բիզնես, հյուրատուն

Մի խումբ զբոսավարներ Հայաստանի հարավում, Սյունիքում որոշել են էկոտուրիզմ զարգացնել և եկող տարվանից հնարավորինս շատ հյուրեր ընդունել այս վայրերում։ Նրանք 70 կիլոմետրանոց երթուղի են նախապատրաստում այդ նպատակով։ Քայլուղին կանցնի պահպանվող արգելավայրերի և անտառի միջով, կածաններով իրար կկապի Կապանն ու Մեղրին:

Իսկ այս կողմերում տեսնելու շատ բան կա, վստահեցնում են զբոսավարները. եզակի էկոհամակարգ ունեցող վայրի բնություն, լեռներ, ձորեր, գետեր, հին եկեղեցիներ ու գյուղատեղիներ:

• Յուրահատուկ փնջով գինիների գաղտնիքը՝ Հայաստանի արտադրողներից

Հայկական գյուղ, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի

Այստեղ կարելի է այցելել նաև «Սոսու պուրակ» արգելավայրը, Արևելյան հաճարենու պուրակը, Խուստուփ լեռը, որտեղ վրանային ճամբարներ են գործում, Մետաքսի հայտնի ճանապարհի փոքր ճյուղերից մեկը, որը Գանձակը կապել է Ջուղայի հետ:

туризм, экотуризм, Сюник, Капан, общественная организация, бизнес, кампания, тропа, гид, бизнес, гостевой дом, զբոսաշրջություն, էկոտուրիզմ, Սյունիք, Կապան, հասարակական կազմակերպություն, բիզնես, արշավ, քայլուղի, զբոսավար, բիզնես, հյուրատուն

էկոտուրիզմի զարգացման այս նախաձեռնությունը «Զբոսավարներ հարավից» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպությանն է:

Հեղինակները նպատակ ունեն ոչ միայն զարգացնել էկոզբոսաշրջությունը, այլ նաև այս տարածքների բնակչության համար աշխատատեղեր ստեղծել:

«Այս տարեվերջին կունենանք հետազոտված, քարտեզագրված և  պետական ստանդարտներով նշագրված 70 կմ երկարությամբ էկոզբոսաշրջային նոր երթուղի, վերապատրաստված տեղացի ուղեկցորդներ: Ինֆոտուրի շրջանակում կներկայացնենք մեր տեղանքի գրավչությունները, համագործակցելով տեղական ու արտասահմանյան  գործակալությունների հետ՝ կնպաստենք  զբոսաշրջիկների այցելության աճին», – ասում է «Զբոսավարներ հարավից» կազմակերպության նախագահ Ռոբերտ Մաթևոսյանը:

«Շիկահող» պետական արգելոցի և «Արևիկ» ազգային պարկի հարակից 8 համայնքները, որոնք մտնում են էկոտուրիզմի նոր ստեղծվող երթուղու մեջ, կներառվեն նաև զբոսաշրջային բիզնեսի մեջ:

«Պահպանվող տարածքների զբոսաշրջային ներուժը և հարակից համայնքների  բնակիչների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները պետք է լրացնեն միմյանց: Նպատակն է, որ համայնքներն առանց կողմնակի միջամտության զարգանան, տուրիզմը գյուղաբնակների համար այլընտրանքային եկամտի աղբյուր լինի», – կարծում է զբոսավար, բնապահպան, «Զբոսավարներ հարավից» կազմակերպության ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Նա մասնագիտությամբ պատմության ուսուցիչ է, աշխատում է Կապանի երկրագիտական թանգարանում, ազատ ժամանակ հայաստանցի և օտարերկրացի հյուրերին ուղեկցում է Սյունիքի տեսարժան վայրերը, ներկայացնում պատմությունը։

2018թ.-ից մեկնարկած «Էկոտուրիզմը որպես սոցիալ-տնտեսական զարգացման խթան պահպանվող տարածքներին հարակից համայնքներում» ծրագրի շրջանակում արդեն մեծ աշխատանք է կատարվել։ Լազմակերպությունը վերապատրաստվել է 27 ուղեկցորդ, հավաքագրվել շահառու գյուղերի լեգենդները, ասույթները, ավանդույթները:

«Արահետի պատրաստման աշխատանքներին մեզ հետ հավասար մասնակցել են նաև կամավորներ Պերուից, Կոլումբիայից, Ռուսաստանից, Լեհաստանից: Ֆինանսավորման դեպքում տարեվերջին կիրականացվեն նաև հյուրատնային բիզնեսի կազմակերպման դասընթացներ», – հավելում է Դավիթը:

Ծրագրի նախապատրաստման ընթացքում կգործարկվի նաև կայք, որտեղ զբոսաշրիկները կկարողանան ծանոթանալ դրա շահառու գյուղերի պատմությանը, մարդկանց կենցաղի մասին տեղեկություններ կստանան։ Կհրապարակվեն նաև շահառու բնակավայրերի առնվազն 40 ընտանիքների ծառայությունների և ապրանքների ցանկը:

Գաղափարի հեղինակները պատրաստվում են նույնիսկ այս կողմերի ավանդական ճաշատեսակների բաղադրատոմսերը ներկայացնել։ Իհարկե, ամբողջ տեղեկատվությունը կհամեմվի լուսանկարներով և տեսանյութերով։

Զբոսավարների կարծիքով՝ տարածաշրջանը շատ հետաքրքիր է, բայց լիովին բացահայտված չէ: Ոչ պաշտոնական տվյալներով, տարեկան մոտ 2000-3000 մարդ է այցելում Սյունիքի այս գոտին՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Հայաստանի այլ շրջաններից։ Բայց ծրագրի նախաձեռնողները սա փոքր թիվ են համարում, կարծում են, իրենց աշխատանքը կօգնի գրավել ավելի շատ այցելուների:

«Տեղանքը զբոսաշրջային ներուժով չի զիջում արդեն հայտնի զբոսաշրջային կենտրոններին, բայց առկա են խնդիրներ, որոնք էապես դանդաղեցնում են այցելությունների աճը։ Դա զբոսաշրջության զարգացման համար բավարար ենթակառուցվածքների, հյուրատների, պատրաստի երթուղիների, պրոֆեսիանալ ուղեկցորդների, գյուղացիների պատրաստվածության, համակարգված ինտերնետ-մարքեթինգի բացակայությունն է», – ասում է լեռնային ուղեկցորդ Գևորգ Գասպարյանը:

Երթուղու կանգառներից մեկը՝ Շիկահող գյուղում

Շիկահողը ծրագրում ընդգրկված 8 համայնքներից մեկն է: Երևանից 330 կմ հեռու այս գյուղը նախագծի հեղինակները մտադիր են գրավիչ դարձնել էկո- և արկածային տուրիզմի սիրահարների համար:

Գյուղի շուրջ բոլորը խիտ անտառ է, հարևանությամբ է գտնվում Կարմիր գրքում գրանցված կենդանական ու բուսական աշխարհով հարուստ «Շիկահող» պետական արգելոցը:

Շիկահողի բնակիչներից շատերը Ղարաբաղյան հակամարտության պատերազմական փուլում մասնակցել են գյուղի ինքնապաշտպանությանը, զոհեր ու վիրավորներ են եղել:

Որքան էլ զարմանալի է, նույնիսկ պատերազմի տարիներին գյուղն ավելի մարդաշատ է եղել։ Տեղացիներն անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվել: Այսօր գյուղի բնակչությունը մոտ 4 անգամ պակասել է, գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը՝ նույնպես:

Շիկահողի դպրոցի ռազմագիտության ուսուցիչ 58-ամյա Արամայիս Թադևոսյանն իր կնոջ՝ Գոհարի հետ, որոշել են ներգրավվել զբոսաշրջային բիզնեսի մեջ և արդեն առաջին քայլերն արել են։ Երկհարկանի առանձնատունը վերանորոգել են, կահավորել է և այս ամառ առաջին տուրիստներին ընդունել:

«Ռուս ու կոլումբիացի զբոսաշրջիկների ենք ընդունել: Մեր բաղ ու բոստանի միրգն ու բանջարեղենն էլ իրենց տրամադրության տակ էր: Գիշերակացի համար էլ մատչելի գներ ենք ասում, որ մարդիկ էլի ցանկանան գալ, բայց ցավոք դեռ հոսքը քիչ է: Եկողներին հայավարի հյուրասիրում ենք, սեղանին մեր տեղական, էկոլոգիապես մաքուր սնուդն է: Ես անասուն, հավ եմ պահում, ջերմոց էլ ունեմ, օղի եմ թորում, կինս էլ ավանդական ճաշերն է եփում-հյուրասիրում», – ասում է Արամայիսը։

Նա էլ է կարծում, որ տուրիզմի զարգացման ծրագրերի շնորհիվ գյուղը կաշխուժանա, երիտասարդները չեն ցանկանա հեռանալ գյուղից:

Որդին՝ 28-ամյա Բագրատը, կնոջ ու երեխայի հետ նոր է վերադարձել Ռուսաստանից: Նա էլ է արդեն վերապատրաստվել որպես ուղեկցորդ։ Իր ձեռքով ինքնաշեն մեքենա է հավաքել՝ զբոսաշրջիկներին սարերով ու ձորերով պտտելու համար: Եկող տարի ակնկալում է տուրիստների մեծ խմբեր ընդունել:

«Արտագնա աշխատանքի էի գնացել՝ չհարմարվեցի:  Մեր գյուղից լավ տեղ չկա, օդը, ջուրը մաքուր, հրաշք բնություն, մարդիկ՝ հյուրասեր: Գովազդն է բացակայում։ Որ լավ գովազդվի, շատ մարդիկ կգան։ Եկողները հաստատ դժգոհ չեն հեռանա:  Մենք էլ սեփական գործ կունենանք, էլ գյուղից գնալու մասին չենք մտածի, գնացածներն էլ հետ կգան», – կարծում է Բագրատը։


Կարդալ ավելին JAMnews-ում