Բեսլանը համառորեն 2004թ-ի ահաբեկչության վերաբերյալ ճշմարտությանն է սպասում: Հարցազրույց «Բեսլանի ձայնի» առաջնորդի հետ" />

Էլլա Կեսաևա. «Ես տեսել եմ, թե ինչպես էր տանկը կրակում: Ո՞վ ինձ այժմ ինչ-որ բան կապացուցի»

Բեսլանը համառորեն 2004թ-ի ահաբեկչության վերաբերյալ ճշմարտությանն է սպասում: Հարցազրույց «Բեսլանի ձայնի» առաջնորդի հետ

Էլլա Կեսաևան ապրում է Բեսլան քաղաքում և այծ է պահում: Նա մասնագիտությամբ միկրոկենսաբան է, իսկ այծերով սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ 2004թ-ի սեպտեմբերի 1-3-ին Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ամենասարսափելի ահաբեկչությունում զոհվել է նրա ընտանիքի երեք անդամ, իսկ աղջիկը՝ Զարինան վիրավորվել է, սակայն կենդանի է մնացել:

«Ես որոշեցի այծ ու կով պահել ահաբեկչությունից երկու տարի անց: Հայրս նրանց այնպես էր սիրում, որ երբ այծիկներ ծնվեցին, նա՝ իսկսկան մսակեր, արգելեց նրանց մորթել: Ես նույնպես դադարեցի միս ուտել, չեմ ուզում կենդանիներին սպանել: Պանիր եմ սարքում և կաթ եմ վաճառում: Քույրս նույնպես ձգտում է բուսակերության և շաբաթը մեկ անգամ ամբողջությամբ հրաժարվում է ուտելիքից և խմիչքից: Սակայն ես մտածում եմ, որ այդպես նա իրեն պատժում է այն բանի համար, որ ողջ է մնացել», – ասում է Կեսաևան:

Ինչի՞ է ձգտում Էլլա Կեսաևան

Էլլա Կեսաևան հայտնի մարդ է Հյուսիսային Օսիայում: Եվ Ռուսաստանում: Շատերը նրա անունը գիտեն նաև այլ երկրներում: Էլլա Կեսաևան Բեսլանի այլ կանանց խմբի հետ արդեն 12 տարի պնդում է, որ այն սարսափելի երկուսուկես օրերի իրադարձությունների անաչառ հետաքննություն չի անցկացվել: Եվ ուզում է այնպես անել, որ դա այնուամենայնիվ տեղի ունենա:

Այն ժամանակ ահաբեկիչները երկուսուկես օրվա ընթացքում ականապատ շենքում 1128 մարդ էին պահում՝ երեխաների, ծնողների և դպրոցի աշխատակիցների: Արդյունքում՝ նրանցից 334-ը զոհվեց, այդ թվում նաև՝ 186 երեխա:

Կեսաևան այն 435 մարդկանց թվում էր, որոնք 2007թ-ին հայց ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գործընթացը դեռևս շարունակվում է, և նույնիսկ մոտավոր տեղեկատվություն չկա այն մասին, թե երբ վճիռ կկայացվի:

Այդ 12 տարիների ընթացքում ահաբեկչության հանգամանքները քննել է մի քանի միմյանցից անկախ կոմիտե և փորձագիտական խումբ: Սակայն միասնական որոշման հնարավոր չեղավ գալ: Տեղի ունեցածի շատ կողմեր վիճարկվում են մինչ այսօր: Նախևառաջ դա այն հարցն է, թե քանի հոգի էին ահաբեկիչները:

Դա Բեսլանի բնակիչների համար ծայրահեղ կարևոր հարց է: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ պաշարման երրորդ օրը դպրոցի շենքի գրոհի արդյունքում 32 ահաբեկիչ է սպանվել, մեկը կենդանի է մնացել և այժմ ցմահ բանտարկության է դատապարված: Սակայն մի քանի անկախ քննություններ այն եզրակացությանն են եկել, որ, հնարավոր է, ահաբեկիչներն ավելի շատ էին, և նրանցից ինչ-որ մեկը փախչել է:

Տարաձայնությունների և քննադատության մյուս կետը կառավարության գործողություններն են ահաբեկիչների հետ բանակցությունների ժամանակ, շենքի գրոհի մասին որոշումն ու այն, թե ինչպես տեղի ունեցավ այդ գրոհը:

Երրորդ կետը, որով զբաղվում էին կոմիտեներն ու շարունակում են զբաղվել Կեսաևան ու նրա գործընկերները, պարզելն է, թե ինչու ռուսական հեռուստաալիքներն ու թերթերն այդպես սահմանափակ և իրարամերժ էին պատմում ահաբեկչության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին դրան հետևած այս բոլոր տարիների ընթացքում:

«Ես ամեն ինչ իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են գնդակոծում դպրոցը, ես բղավում էի. «Ի՞նչ եք անում: Այնտեղ մարդ չի մնա»: Ես տեսել եմ, թե ինչպես է կրակում տանկը: Ո՞վ այժմ ինձ ինչ կապացուցի», – հանգիստ ասում է Էլլա Կեսաևան:

Նա ասում է, որ երբ 12 տարի առաջ սկսում էր իր հետաքննությունը, և՛ իրեն, և՛ այլ կանանց թվում էր, թե այ հիմա ամեն ինչ կպարզվի, և մեղավորները կպատժվեն:

«Իսկ հետո պարզվեց, որ, ընդհակառակը, մեզ են ուզում լռեցնել: Դա սկզբում այնքան զարմանալի էր: Իսկ հետո մենք հասկացանք նաև, որ մեր երեխաների մահն օգտագործել են իշխանության ուղղաձիգ կառուցվածքի մասին օրենք ընդունելու և իրենց այդ իշխանությունն ամրապնդելու համար»:

Բեսլանի ահաբեկչությունից հետո՝ դեռևս մինչև 2004թ-ի վերջը, Ռուսաստանում չեղարկվել են գուբերնատորների և դաշնության սուբյեկտների ղեկավարների անմիջական ընտրությունները: ՌԴ սուբյեկտների բարձրաստիճան անձանց սկսեցին ընտրել օրենսդիր ժողովները երկրի ղեկավարի առաջարկով:

Ի՞նչ տեղի ունեցավ այն ժամանակ

««Եթե այն ժամանակ դպրոցում մայրս լիներ, նրան հաստատ կգնդակահարեին». աղջիկս իմ մասին միշտ այդպես է ասում, քանի որ ես չեմ կարողանում լռեմ», – ասում է Էլլա Կեսաևան:

«Քրոջորդիներս չէին պատրաստվում սեպտեմբերի 1-ին դպրոց գնալ. ավագը 16.5 տարեկան էր, և նրանք իրենց չափազանց մեծ էին համարում դրա համար, – պատմում է նա: Սակայն հանկարծակի եկավ նրանց հայրն ու ստիպեց դպրոց գնալ»:

«Նրանք գնացին՝ քրոջս երկու տղաները, նրանց հայրն ու իմ աղջիկը: Ես տանը մնացի և պատրաստվում էի հետևել նրանց, սակայն, երբ դուրս եկա, տեսա, թե ինչպես մեքենան եկավ, թե ինչպես են ահաբեկիչները վազում դեպի դպրոցը… Ես այդ ամենը տեսել եմ. մեր տունն ախր դպրոցի մոտ է: Ես նետվեցի այնտեղ, սակայն ինչ-որ մեկն ինձ բռնեց ու ետ քաշեց, դա մեր հարևանն էր»:

«Այս տարիների ընթացքում ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու ես մնացի: Ես հավատացյալ մարդ եմ: Երևի Աստծո կամքն էր»:

Էլլա Կեսաևայի ընտանիքն այդ ահաբեկչությունում 3 անդամ է կորցրել: Էլլայի քրոջորդիներից երկուսը զոհվեցին, նրանց հորը գնդակահարել են բոլորի աչքի առջև առաջին իսկ օրը, երբ նա երեխաներին փորձել է օսերենով հանգստացնել, ինչն արգելվել էր ահաբեկիչների կողմից: Նրա աղջիկը՝ Զարինան, վիրավորում է ստացել, սակայն կարողացել է կենդանի մնալ:

5

 

Ի՞նչ է տեղի ունենում հիմա

Էլլա Կեսաևան ասում է, որ չէր հավատա, եթե 12 տարի առաջ իրեն ասեին, որ այդքան տարի անց նրանք շարունակելու են արդարադատության սպասել:

Պաշտոնական կառավարական հետաքննության արդյունքները չկան, և քրեական գործը պաշտոնապես փակ է: Սակայն այդ գործով որևէ աշխատանքի նշաններ չեն նկատվում:

«Դա մեծ ժամկետ է, սակայն ինձ մոտ այնպիսի զգացում է, որ մենք այնուամենայնիվ մեր ճշմարտությանը կհասնենք», – ասում է նա:

Երբ Կեսաևան ասում է «մենք», նա իր ընկերուհիներին նկատի ունի, որոնք 2004թ-ի դեպտեմբերին նույնպիսի վիշտ վերապրած մայրեր են: Նրանք վաղուց միավորվել են «Բեսլանի ձայնը» կազմակերպության մեջ: 2008թ-ին նրանց զրկել են իրավաբանական կարգավիճակից, սակայն, ըստ էության, ոչ նրանց, ոչ այն մարդկանց համար, ում ուշադրությունը նրանք ձգտում են գրավել, ոչինչ չի փոխվել:

Վերջին 12 տարվա ընթացքում «Բեսլանի ձայնի» հայցերով ու պահանջներով ավելի քան հարյուր դատական նիստ է անցկացվել: Վերջին դատը 2016թ-ի սեպտեմբերին է կայացել և սկանդալային է եղել: Էլլա Կեսաևան և նրա 4 գործընկերները ահաբեկչության տարելիցին ակցիա են անցկացրել՝ «Պուտին՝ Բեսլանի դահիճ» գրառմամբ վերնաշապիկներ հագնելով:

Ակցիայի բոլոր մասնակիցներին ձերբակալեցին, կանանցից ինչ-որ մեկը հարված ստացավ ձերբակալության ժամանակ:

Այնուհետև բոլոր հինգին դատապարտեցին հասարակական աշխատանքների և 20 հազար ռուբլի տուգանքի [մոտ $80]:

«Սակայն Բեսլանի ձայնը» չի պատրաստվում կանգ առնել:

Նոր Անտիգոնա

2016թ-ի դեկտեմբերին «Թատրոն.doc» վավերագրական պիեսի մոսկովյան թատրոնում կայացավ «Նոր Անտիգոնա» ներկայացման պրեմիերան: Այն բեմադրվել է լրագրող Ելենա Կոստյուչենկոյի՝ դատական նիստերի վերաբերյալ նյութերով: Նա ներկա է եղել Բեսլանում 2016թ-ի սեպտեմբերին անցկացված ակցիային և նույնպես հարվածի տակ է ընկել և կալանավորվել:

«Անտիգոնան» Սոֆոկլեսի ողբերգությունն է, որը գրվել է երկուսուկես հազար տարի առաջ: Պիեսի հերոսուհին իշխանության դեմ է դուրս գալիս՝ հետևելով խղճի կանչին: Անտիկ Անտիգոնան գիտեր, որ իրավացի է և հավատում էր արդարությանը կամ գոնե հունական աստվածների պանթեոնի վրեժխնդրությանը:

Նոր Անտիգոնան ավելի կատեգորիկ է: Նա ուզում է վրեժխնդիր լինել հիմա:

Դատական քաշքշուկների երկար տարիների ընթացքում Էլլա Կեսաևան փորձառու իրավաբան է դարձել և նույնիսկ օգնում է ծանոթներին փաստաթղթերը ձևակերպել: Սակայն իր առաքելությունն ու աշխատանքը նա Բեսլանի մասին ճշմարտությունը պարզելն է համարում:

Իտալացի լրագրող Մասիմո Բոնֆատիի հետ համատեղ Կեսաևան գիրք է գրել և հրապարակել, որում նկարագրել է այն օրերի իրադարձությունները: Այժմ պլաններում ևս մեկ նախագիծ կա. բոլոր դատական նիստերի ժամանակագրությունը:

«Վերջերս մենք նամակներ ստացանք իտալացի դպրոցականներից, – պատմում է Էլլա Կեսաևան: – Ուսուցիչը դասի ժամանակ նրանց պատմել էր մեր ողբերգության և մեր անցկացրած վերջին ակցիայի մասին, և նրանք մեզ նամակներ են գրել: Այնպիսի զարմանալի բառեր էին գտել: Իզուր չենք մենք այս ամեն ինչն անում: Մարդիկ մեզ լսում են և սկսում են մտածել»:

8

 

Ի՞նչ է անելու «Բեսլանի ձայնը»

Նրանք մեծ հույսեր են կապում ՄԻԵԴ-ի հետ: Այս տարի ուղիղ 10 տարի կլինի, որ այնտեղ Բեսլանի վերաբերյալ հայցն է քննվում:

«Եթե ԱՅԴՊԻՍԻ բան է տեղի ունեցել, և այդպես էլ ոչ ոքի չեն պատժելու, ինչպես այդ ամեն ինչով շարունակել ապրել», – ասում է Կեսաևան:

Սակայն, անգամ երբ – և եթե – Եվրոպական դատարանի վճիռը կայացվի, դա դեռևս չի նշանակում, որ ինչ-որ մեկը պատժվելու է: 2015թ-ին ՌԴ Պետդուման չեղարկեց Ռուսաստանում միջազգային իրավունքի գերակայության սկզբունքն ազգայինի հանդեպ: Այն մասին օրենքին, որ ռուսական Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ավելի գերակա լինեն միջազգային ատյանների վճիռների հանդեպ, կողմ քվեարկեց 436 պատգամավոր, դեմ արտահայտվեց 3 մարդ:

«Ամեն ինչ Կոշչեյի ասեղից է կախված, գիտեք, թե ինչ նկատի ունեմ: Սակայն նա իր աթոռին անմահ չէ: Այդ պատճառով էլ ես ընկերուհիներիս ասում եմ, որ երբ այդ օրը գա, մենք պետք է շատ լավ լինենք», – ասում է Կեսաևան:

Նրանց՝ 2004թ-ին տուժածների համար, կյանքը վաղուց բաժանվել է «մինչև ահաբեկչությունը» և «ահաբեկչությունից» հետո: Սննդի արդյունաբերության միկրոկենսաբան Էլլա Կեսաևան այժմ իր ստեղծած «Բեսլանի ձայնը» հասարակական կոմիտեի նախագահն է և այծաապահ: Էլլայի դուստրը, որը պատանդ է եղել այդ դպրոցում 12 տարեկանում, ահաբեկչությունից աառաջ երազում էր իրավաբան դառնալ, սակայն այժմ ուզում է բժիշկ դառնալ:

6

 


Կարդալ ավելին JAMnews-ում