Արթուր Թորոսյանը պնդել է, որ «իրեն ծրագրավորել են»։ Ընդհանուր առմամբ, քննիչների հարցերին տրված տարօրինակ պատասխանները ստիպել են կասկածել նրա հոգեկան առողջության վրա " />

Բիզնես կենտրոն զենքով ներխուժած անձը փորձաքննություն է անցնում հոգեբուժարանում

Արթուր Թորոսյանը պնդել է, որ «իրեն ծրագրավորել են»։ Ընդհանուր առմամբ, քննիչների հարցերին տրված տարօրինակ պատասխանները ստիպել են կասկածել նրա հոգեկան առողջության վրա

2020 թ–ի փետրվարի 5

Արթուր Թորոսյանը, որը հունվարի 23–ին կրակոցներ էր արձակել Երևանի կենտրոնում գտնվող «Էրեբունի–պլազա» բիզնես կենտրոնում, փորձաքննություն է անցնում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում։ Այդ մասին հաղորդել է նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։

Միջադեպի օրը զինված Արթուր Թորոսյանը ներխուժել էր շենք և հարցրել, թե ինչպես կարող է գնալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ։ Հանցանքին հետևած առաջին օրերին հանցագործի շարժառիթների մասին ոչինչ չէր հաղորդվում։

Սակայն ավելի ուշ, հարցաքննության ժամանակ պարզվել էր, որ նա ցանկացել է հանդիպել Սեդրակ Քոչարյանի՝ նախկին նախագահի ավագ որդու հետ։ Թե ինչու է Թորոսյանը ցանկացել հանդիպել Սեդրակ Քոչարյանին, այն էլ՝ զենքը ձեռքին, փաստաբանն այդպես էլ չի կարողացել բացատրել։

«Անկեղծ ասած՝ նա շատ անտրամաբանական պատասխան է տվել պատճառների վերաբերյալ։ Բնականաբար, նման հարց նրան տվել են, սակայն ըմբռնելի պատասխան այդպես էլ չի հնչել», – ասել է Աղաջանյանը։

Հենց քննիչների հարցերին տարօրինակ, անտրամաբանական պատասխաններն են ստիպել կասկածել Թորոսյանի հոգեկան առողջության վրա։

«Մասնավորապես, նա պնդել է, որ իրեն ծրագրավորել են, և ինքը փորձել է պարզել, թե ով է դա արել և ինչ նպատակով։ Համենայնդեպս, նա այդպիսի պատասխան է տվել», – հաղորդել է փաստաբանը։

Ըստ Էդուարդ Աղաջանյանի՝ հոգեբուժարանում սպասվող հետազոտության մասին լուրն իր վստահորդը հանգիստ է ընդունել։

Հունվարի 27

Երևանի առաջին ատյանի դատարանը բավարարել է գխավոր դատախազության միջնորդությունը «Էրեբունի–պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23–ին կրակոցներ արձակած տղամարդուն կալանավորելու մասին։ Նա կալանավորվել է դեռևս երկու ամսով։

33-ամյա Արթուր Թորոսյանը զինված ներխուժել էր շենք, որտեղ տեղակայված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Ըստ ականատեսների՝ նա պահանջել է ցույց տալ, թե որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը։ Թե ինչ նպատակով է դա արել, դեռ չի հաղորդվում։

Հանցագործի հետ բանակցությունները վարել է անձամբ Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Դրանց արդյունքում Թորոսյանը համաձայնել է հանձնել զենքն ու կալանավորվել է։

Նրան մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու, գույքը դիտավորյալ ոչնչացնելու հոդվածներով՝ խոսքը կրակոցների հետևանքով բիզնես-կենտրոնում հասցված վնասի մասին է: Ինչ վերաբերում է ապօրինի զենք կրելուն, մեղադրանքի այս մասը հանվել է: Քննությունը պարզել է, որ Արթուր Թորոսյանն իրավունք ունի զենք կրելու:

Ըստ նրա փաստաբանի, Թորոսյանը համաձայն չէ իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ ՝ «զենքի կիրառմամբ պատանդ վերցնելու» մասով: Նա կարծում է, որ, ըստ օրենսդրության, այս մասով նա պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից, քանի որ հրաժարվել է իր պահանջներից և ազատ արձակել պատանդներին:

Հունվար 23, 2020թ․

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Զինված տղամարդը հունվարի 23–ին ներխուժել է Երևանի կենտրոնում գտնվող «Էրեբունի պլազա» հյուրանոց։ Ըստ ականատեսների՝ հանցագործը կրակել է, պահանջել, որ իրեն ցույց տան, թե որտեղ է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ նա մեկ կամ մի քանի պատանդ է վերցրել։ Սակայն այդ տեղեկությունը  պաշտոնապես դեռ չէր հաստավում։ Հանցագործի հետ բանակցությունները վարել է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ ։

Ավելի ուշ հայտնի է դարձավ, որ հանցագործը հանձնվել է։ Ձերբակալվածի շարժառիթների և նպատակների մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարուց ավելին է՝ բանտում է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Այսինքն՝ նախկին նախագահի հետ հանդիպելու նպատակ լինել չէր կարող։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մանրամասները

«Էրեբունի պլազան» բիզնես–կենտրոն են անվանում, շենքը գտնվում է Երևանի ամենակենտրոնում, դրա մերձակայքում են կառավարության շենքերն, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակը։ Շենքում ոչ միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է, այլև «Հինգերորդ ալիք» մասնավոր հեռուստատեության խմբագրությունը։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այն ֆինանսավորում է Քոչարյանը։ Այստեղ են գտնվում նաև այլ կազմակերպությունների գրասենյակներ, այդ թվում՝ միջազգային։

Միջադեպը բուռն արձագանք է առաջացրել հասարակությունում։ Դրան արդեն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության», – գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Երեկոյան հաղորդվեց նաև, որ հանցագործը 1987 թ-ին ծնված անձ է, և քրեական գործը հարուցվել է, այդ թվում, «պատանդ վերցնելը» հոդվածով։


Կարդալ ավելին JAMnews-ում