Սա ցույցին մասնակցած ընտանիքների դեմ արդեն երկրորդ գործն է " />

«Զբոսնում էինք, այն էլ՝ մանկասայլակով»։ Ռուսաստանում ընտանիքից ուզում են խլել երեխաներին ցույցին մասնակցելու համար

Սա ցույցին մասնակցած ընտանիքների դեմ արդեն երկրորդ գործն է

Ըստ «Նովայա գազետայի» նյութի 

Սեպտեմբերի 2-ին Մոսկվայի Նիկուլինի շրջանային դատարանը դիտարկելու է մոսկվացիներ Պյոտր և Ելենա Խոմսկիներին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայցը։ Օգոստոսի 3-ին Պյոտր և Ելենա Խոմսկիները երեք դուստրերի հետ եղել են Պուշկինի հրապարակում են, որտեղ բողոքի ցույց էր անցկացվում։ Դատախազությունը պնդում է, որ երեխաներին ամուսիններն իրենց հետ վերցրել են ձերբակալությունից խուսափելու համար, և պահանջում է ընտանիքից խլել երկու կրտսեր աղջիկներին։

Խոմսկիների ընտանիքը ցույցին։ Կադր «Նովայա գազետայի» տեսանյութից

Դատախազության հայտարարությունում նշված է, որ վտանգը, որին ծնողները ենթարկել են իրենց դուստրերին՝ երեք ամսական Սաշային և երեք տարեկան Անյային, մի կողմից, բխում էր «մեծ թվով ագրեսիվ տրամադրված ցուցարարներից», մյուս կողմից՝ «Ռոսգվարդայի զինված աշխատակիցներից»։

• Պուտինը չի հեռանալու 2024թ-ին։ Թե ինչպես է նա պատրաստվում շրջանցել սահմանադրությունն ու իշխանության մնալ

• Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշե՛ք նրա պատերազմները»

Հայցի ներկայացման առիթ էր եղել տեսանյութը, որը նույն օրը տեղադրվել է «ՌԵՆ ՏՎ» դաշնային հեռուստաալիքի կայքում։ Տեսագրության մեջ Խոմսկիները մանկասայլակներով քայլում են Պուշկինի հրապարակում, ծնողների կողքով գնում է ավագ դուստրը՝ տասնամյա Լիզան։ Խոմսկիների հետևում Ռոսգվարդիայի աշխատակիցների շարքն է երևում։

Ընտանեկան զույգի գործողությունները հեռուստաալիքի կայքում «սադրանք են անվանել, որին Ռոսգվարդիայի աշխատակիցները չեն տրվել»։

Աղջիկների հայրը պատմել է, որ «ինքը ստաժով քաղակտիվիստ է»․ առաջին անգամ ցույցի է մասնակցել դեռ 1989-ի Մանեժնայա հրապարակում, երբ 14 տարեկան էր։ Այսօր նա շարունակում է իր ակտիվ գործունեությունը․ կամավորական հիմունքներով օգնում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին ու դրա ղեկավար Ալեքսեյ նավալնուն նրա ընկերություններում։

Օգոստոսի 3-ի օրը նա այսպես է նկարագրում․

«Ես ու կինս երեխաների հետ զբոսնում էինք ծառուղիներով, կանգ առնում մանկական խաղահրապարակներում, խաղում էինք։ Ինչ-որ պահի Տվերսկայա փողոցն էինք անցնում, դուրս եկանք հետիոտների անցումից և տեսանք «Ռոսգվարդիայի» «շղթան», որը շարժվում էր՝ մարդկանց հրապարկից հեռացնելով։ Մենք արագ այդտեղից հեռացանք։ Ինչ-որ պահի հայտնվեցինք ամբոխի ու «շղթայի» արանքում։ Լրատվամիջոցների համար դա լավ տեսարան էր, և մեզ կտրուկ սկսեցին նկարահանել հեռախոսներով և տեսախցիկներով։ Իսկ հետո այդ հոլովակներից մեկը տեղադրվեց համացանցում։ Մենք ոչ մի րոպե կանգ չենք առել, շարժվում էինք և միանգամից հեռացել ենք։ Հետո կրկին գնացինք ծառուղիներով և կանգ առանք միայն հաջորդ խաղահրապարակում»։

Պյոտրն ուշադրությունը սևեռում է այն բանի վրա, որ իրենց զբոսանքն այնքան էլ նման չէր բողոքի ցույցի, իրենք կարգախոսներ չէին վանկարկում, պաստառներ չէին կրում, ամբոխից իրենց հեռու էին պահում։

Նիկուլինի դատախազությունը պահանջում է Խոմսկիներից խլել միայն կրտսեր դուստրերին։ Պյոտրը վստահ է, որ նման կերպ իշխանությունները ճնշում են գործադրում իրենց, հատկապես՝ կնոջ վրա․

«Կինս՝ Լենան, շոկի մեջ է, նա մինչև հիմա կրծքով է կերակրում մեր երեք ամսական դուստր Սաշային։ Ես շատ եմ նրա համար անհանգստանում»։

Մոսկվայի մանկական օմբուդսմեն Եվգենի Բունիմովիչն իր վերահսկողության տակ է առել Խոմսկիների հետ կապված իրավիճակը։

«Ես պետք է հասկանամ, թե ինչի համար են նրանց մեղադրում։ Սա արտակարգ իրավիճակ է․․․ Սա պարզապես հակասում է երեխաներին ընտանիքում պահելու ոլորտում պետական քաղաքականությանը», – իրավիճակն է մեկնաբանել օմբուդսմենը։

Ավելի վաղ նման իրավիճակում էր հայտնվել Դմիտրի և Օլգա Պրոկազովների ընտանիքը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասին վտանգի մեջ թողնելու և դաստիարակման պարտականությունները չկատարելու հոդվածներով այն պատճառով, որ Պրոկազովների ընտանեկան զույգն իր հետ հուլիսի 27-ին չարտոնված ակցիային է վերցրել մեկ տարեկան որդուն՝ Արտեմիին։

Այնպես, ինչպես Խոմսկիների գործում, միակ ապացույցը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հուլիսի 27-ի ակցիայի մասին լրատվական հաղորդման տեսագրությունն էր։ Տեսանյութում Դմիտրի Պրոկազովն իր որդուն փոխանցում է կնոջ եղբայր Սերգեյ Ֆոմինին՝ քաղաքացիական ակտիվիստին։

Հետագայում Սերգեյ Ֆոմինը կալանավորվել է, և հիմա «զանգվածային անկարգությունների» մասին գործում է ներգրավված։ Քննության կարծիքով՝ երեխային Ֆոմինին են փոխանցել նրա համար, որ նա անարգել անցնի ՕՄՕՆ-ի շղթան։


Կարդալ ավելին JAMnews-ում