Ռամզան Կադիրովի համառ առաջարկը, Պուտինի աջակցությունն ու Վրաստանի լռությունը․ բոլոր մանրամասները" />

Զբոսաշրջությո՞ւն, թե՞ տանկեր։ Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք Վրաստան տանող նոր ճանապարհը, և ինչո՞ւ է այն լոբբինգ անում Չեչնիայի ղեկավարը

Ռամզան Կադիրովի համառ առաջարկը, Պուտինի աջակցությունն ու Վրաստանի լռությունը․ բոլոր մանրամասները

Ռուսաստանում 2019 թ-ի վերջում երկու անգամ քննարկվել է հնարավոր նոր նախագիծ՝ Վրաստան տանող նոր ճանապարհի շինարարությունը։ Այդ թվում՝ այս մասին դրական է արտահայտվել նախագահ Վլադիմիր Պուտինը, նա գաղափարը նպատակահարմար է անվանել։

Ի՞նչ է կանգնած այս նախաձեռնության հետևում այն պարագայում, երբ Վրաստանում արդեն մի քանի ամիս է «Ռուսաստան՝ օկուպանտ» մշտական կարգախոսներից մեկով ցույցեր են ընթանում, իսկ Մոսկվան դեռ 2019 հուլիսին Վրաստանի հետ ավիահաղորդակցության լիակատար արգելք էր սահմանել։

Ինչ և ինչու է առաջարկում գաղափարի հեղինակ Ռամզան Կադիրովը

Վրաստանն ընդհանրապես չի քննարկում նախագիծն, իսկ Կադիրովն այն ներառել է Չեչնիայի մինչև 2025 թ-ի զարգացման գլխավոր պլանում

Ռուսաստանի և Վրաստանի միջև նոր ավտոմոբիլային ճանապարհի մասին բավականին անսպասելիորեն 2019 թ-ի նոյեմբերին սկսել է խոսել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Ճիշտ է, նա նախագիծը որակել է որպես Չեչնիայի և Վրաստանի միջև ճանապարհ և ասել, որ այն նպաստելու է ողջ Կովկասում զբոսաշրջության զարգացմանը։

«Դա մեզ և Կովկասի համար ծայրահեղ անհրաժեշտ ճանապարհ է։ Իտում-Կալիից [Չեչնիայի հարավում գտնվող լեռնային գյուղ] մինչև Վրաստան 40-50 րոպե է։ Իսկ այնտեղից Թուրքիայով Եվրոպա ես հասնում․․․ Այդ պատճառով էլ, կարծում եմ, մոտ ապագայում մենք պետք է բացենք այդ ճանապարհն ու կարգավորենք հարաբերությունները մեր հարևանների, մասնավորապես, Վրաստանի հետ», – Կադիրովի խոսքերն է մեջբերում ռուսական ՌԻԱ-Նովոստի տեղեկատվական գործակալությունը։

Новая дорога из Чечни в Грузию, которую настойчиво предлагает построить Рамзан Кадыров

Չեչնիայից Վրաստան տանող նոր ճանապարհը, որը համառորեն առաջարկում է կառուցել Ռամզան Կադիրովը

Կադիրովն ասել է, որ Չեչնիայի և Վրաստանի միջև ճանապարհի շինարարության հարցը քաղաքական է։ Եվ հույս է հայտնել, որ «Վրաստանի ղեկավարությունում մարդիկ կլինեն, որոնք պատմություն գիտեն, գիտեն, թե ինչպես ենք մենք ապրել, և ինչպես են ապրել մեր նախնիները»։

Հյուսիսային և Հարավային Կովկասի միջև ճանապարհների և դրանց նշանակության մասին

Նախագիծը, որի մասին խոսում է Կադիրովը, Չեչնիայի իշխանություններն արդեն մեկ անգամ փորձել են իրագործել։

1990-ականների վերջին սկսել են կառուցել Իտում-Կալիից սկսվող խճաքարային ճանապարհը։ Գաղափարն այն էր, որ ճանապարհն անցի Արգունի կիրճով մինչև Վրաստանի լեռներում գտնվող Շատիլի գյուղ, սակայն շինարարությունը կանգ էր առել սահմանի մոտ։ Չեչենական պատերազմն էր սկսվել, և ճանապարհ կառուցելու ժամանակը չէր։ Այն, ինչ հասցրել էին կառուցել, մոտ 30 կիլոմետր, ռմբակոծվել էր։

Այսօր Հյուսիսային Կովկասից Հարավային տանող չորս ավտոմոբիլային ճանապարհ կա, սակայն դրանցից երկուսը փակ են չլուծված հակամարտությունների պատճառով։

Գործող, բավականին ծանրաբեռնված ճանապարհներն են․

• Դերբենտից (Դաղստան) Ադրբեջան Կասպից ծովի երկայնքով տանող ճանապարհը,

• Ռազմավրացական ճանապարհը Վլադիկավկազից (Հյուսիսային Օսիա) դեպի Վրաստան։

Ճանապարհներ, որոնք արգելափակված են չլուծված վրաց-օսական և վրաց-աբխազական հակամարտությունների պատճառով․

• Վլադիկավկազից դեպի Հարավային Օսիա, այնտեղից՝ Թբիլիսի վրացական Գորի քաղաքով;

• Սոչիից (ռուսական ափամերձ քաղաք) դեպի Աբխազիա, այնտեղից՝ Թբիլիսի վրացական Զուգդիդի քաղաքով։

Այս երկու ճանապարհներն ամենապահանջվածն էին ինչպես բնակչության, այնպես էլ Հյուսիսային Կովկասից դեպի Հարավային Կովկաս բեռնափոխադրումների համար Խորհրդային Միության տարիներին։ Սակայն վրաց-օսական և վրաց-աբխազական ռազմական հակամարտություններից հետո 1990-ականների սկզբին ճանապարհները փակվեցին։

Երկու ճանապարհն էլ Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև բեռների տարանցման համար այլընտրանքային ուղիների ստեղծման վրաց-ռուսական նախագծի կենտրոնում են։

Այդ նախագծում երաշխավորը շվեյցարական ընկերությունն է, ժամանակային առումով վերջին բանակցությունները Թբիլիսիի և Մոսկվայի միջև տեղի են ունեցել 2019 թ-ի փետրվարին։ Որոշ հարցեր համաձայնեցնել դեռ չի ստացվում։

__________________________________________________________________________________________

Իշխանությունը Չեչնիայում՝ որպես Ռամզան Կադիրովի ընտանեկան բիզնես

Պատմական Շատիլի գյուղը Վրաստանում․ թե ինչպես են սարերն ամայանում

___________________________________________________________________________________________

Ինչպես ասում են տեղի փորձագետները, Հյուսիսային Կովկասից դեպի Հարավային տանող դեռ մի քանի «գաղտնի» ճանապարհ կա։ Դրանցից կարևորներն են անվանում հետևյալները․

• Մամիսոնի կիրճից (Հյուսիսային Օսիա) դեպի Վրաստան;

• Դաղստանից դեպի Վրաստան Լագոդեխի քաղաքով;

• Հյուսիսային Օսիայից դեպի Հարավային Օսիա Վերին Զարամագով;

• Դաղստանից Ադրբեջան տանող կառուցվող ճանապարհը։

Այս ցանկում են ներառում նաև Չեչնիայից Վրաստան տանող անավարտ ճանապարհը, որը 2019 թ-ի նոյեմբերին առաջարկել է վերականգնել Ռամզան Կադիրովն, իսկ դեկտեմբերին նրան սատարել է Վլադիմիր Պուտինը։

Վրաստանն ընդհանրապես չի քննարկում նախագիծը, իսկ Կադիրովը դրա համար արդեն գումար է գտել

Պաշտոնապես Վրաստանն ընդհանրապես ոչ մի կերպ չի արձագանքում Կադիրովի նախաձեռնությանը։ Վրացի փորձագետները նախագծին ընդհանուր առմամբ մեծ կասկածով են վերաբերվում։

Ռազմական փորձագետ, «Արսենալի» ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին «Էխո Կավկազա» պարբերականին ասել է, որ այդ ճանապարհի շինարարությունը Վրաստանի շահերից չի բխում, քանի որ Վրաստանն ու Ռուսաստանը միացնող բոլոր ճանապարհները Մոսկվայի կողմից միշտ օգտագործվել են ռազմական նպատակներով․

«Մասնավորապես, 2008 թ-ին [վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմի ժամանակ] Ռոքիի թունելը [Հյուսիսային Օսիայից դեպի Հարավային տանող – JAMnews] Ռուսաստանի կողմից օգտագործվում էր Վրաստանի վրա հարձակվելու համար»։

Սակայն Կադիրովը վճռական է տրամադրված։ Արգուն գետի երկայնքով Իտում-Կալիից մինչև վրացական սահման ճանապարհի շինարարությունը ներառված է մինչև 2025 թ-ը Չեչնիայի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունում։

Նախագիծն այնտեղ անվանվել է «ռազմավարական ներդրումային նախագիծ», դրա համար նախատեսված է շուրջ 30 մլն դոլար։

Ռազմավարությունում գրված է, որ դեպի Վրաստան տանող ճանապարհի չեչենական հատվածի վերակառուցումը պետք է սկսվի 2021թ-ին և ավարտվի 2025-ին։

Ինչո՞ւ է այդ ճանապարհն այդքան պետք Ռամզան Կադիրովին։ Մեկնաբանություններ սոցցանցերում

«Մինչև Վրաստանի սահման Իտում-Կալիից տանող ճանապարհը կառուցվել է Չեչնիայի նախագահ Մասխադովի օրոք։ Նրան Ռուսաստանից բացի այլ ելք էր պետք դեպի արտաքին աշխարհ։ Իսկ Կադիրովի ինչի՞ն է պետք այն։ Որ դրանով Վրաստան գան ոչ թե զբոսաշրջիկներն, այլ տանկե՞րը»։

«Կադիրովը զբոսաշրջության զարգացման հայտնի մասնագետ է։ Այդ ոլորտում նրա միակ նախագիծը՝ Չեչնիայում լեռնադահուկային հանգստավայրի շինարարությունը, թանկ է նստել ռուսական բյուջեի վրա»։

«Ամեն ինչ պարզ է։ Բոլորը գիտեն․ Ռուսաստանում շինարարությունը, հատկապես՝ ճանապարհների, սկսվում է որպես տնտեսական նախագիծ, ավարտվում սովորական գողությամբ»։

«Այդ ճանապարհի շինարարությունը Ռուսաստանին հնարավորություն կտա, ընդհանուր առմամբ, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ։ Եվ դրանից հետո կարելի է վերականգնել Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով անցնող նվազագույնը հինգ ճանապարհ»։

Հնագույն Շատիլի գյուղը Վրաստանում։ Դրա տարածքով Ռամզան Կադիրովը պլանավորում է ճանապարհ կառուցել Չեչնիայից։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews


Կարդալ ավելին JAMnews-ում