Թբիլիսյան հյուրանոցի ադմինիստրատորի գրառումները" />

Զբոսաշրջիկների անհավանական արկածները Վրաստանում

Թբիլիսյան հյուրանոցի ադմինիստրատորի գրառումները

Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիան կարծում է, որ Վրաստանում արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը կայուն աճում է: Միայն մայիսին մեզ մոտ է եկել 522 հազարից ավել մարդ: Զբոսաշրջության ադմինիստրացիան պնդում է, որ դա գրեթե 15 տոկոսով ավել է, քան մեկ տարի առաջ: Այս տարվա միայն առաջին կիսամյակում Վրաստան է այցելել 2 մլն-ից ավել զբոսաշրջիկ:

Եթե դա փողի վերածենք, կստացվի, որ զբոսաշրջիկներն այս տարի արդեն Վրաստան են բերել մոտ 2 մլրդ դոլար:

Այն, որ Վրաստանում զբոսաշրջիկները շատ են, երևում է անզեն աչքով: Հատկապես ինձ համար. ես թբիլիսյան հյուրանոցի ադմինիստրատոր եմ: Ամեն օր տասնյակ մարդկանց եմ տեսնում, ովքեր Վրաստան են եկել առաջին անգամ: Պատասխանում եմ հարյուրավոր հարցերի, որ ինձ տալիս են մեր հյուրերը, երբեմն ես էլ եմ նրանց ինչ-որ հետաքրքիր բանի մասին հարցնում: Պատահում է, որ նրանք ամեն ինչ իրենք են պատմում:

Օրինակ, Ալամ Մոհամմեդը Քաթարից է, խոսքի մեջ բողոքեց, որ նավթային բիզնեսը սպառնում է դադարել այնքան եկամտաբեր լինել, որքան նախկինում:

– Նավթի ռեսուրսներն այլևս նախկինը չեն, – հոգոց է հանում Ալամը՝ հենվելով ադմինիստրատորի սեղանին:

Համաշխարհային գների անկման ֆոնին, Ալամը, կարծում եմ, որոշել է գոտին ձգել և համատեղել զբոսաշրջային այցը գործնականի հետ:

– Ես ու հայրս ուզում ենք գումար ներդնել նավթից բացի այլ բաների մեջ: Եկել ենք տեսնենք՝ որտեղ կարող ենք լավ հողակտոր գնել: Հնարավոր է՝ Վրաստանում հյուրանոց կառուցենք, – բարեհոգորեն իրենց ծրագրերով կիսվեց Ալամը:

Եվ ըստ վիճակագրության, և ըստ դիտարկումների, ամենաշատ զբոսաշրջիկները Վրաստան են գալիս Թուրքիայից: Երկրորդ տեղում Ադրբեջանն է, հետո՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ուկրաինան:

Իմ հաջորդ զրուցակիցն Իգոր Սմիրնովն է Մոսկվայից: Նա նույնպես փորձում է համատեղել հաճելին օգտակարի հետ. նրա կարճ արձակուրդը, գործուղման շարունակությունն է:

Ենթադրվում էր, որ գործուղմանը հետևող արձակուրդային մի քանի օրը նա հանգիստ կանցկացնի՝ զբոսնելով գեղատեսիլ վայրերով, դանդաղ գինի խմելով: Գալով Վրաստան, սակայն, Իգորն ինքն իր համար անսպասելիորեն հայտնաբերեց, որ ինքը, պարզվում է, էքստրեմալ հանգստով է զբաղված:

– Ես շոկի մեջ եմ ձեր երթևեկության կանոններից, – շնչակտուր ասաց Իգորը ողջույնի փոխարեն, երբ մենք ծանոթացանք, – ես նման բան դեռ չէի տեսել:

Նրա վրա ամենամեծ տպավորությունը թողել էին ոչ թե սարերը, հյուրասիրությունն ու պոլիֆոնիան, այլ այն, որ Վրաստանի ճանապարհներին տարօրինակ կանոններ են գործում, որոնք արտասահմանցու համար անհասանելի են:

– Եվ բոլոր այնքան էմոցիոնալ են, բոլորն ազդանշան են տալիս, բոլորը վստահ են, որ ճշմարտությունն իրենց կողմն է: Եվ բոլորը պատրաստ են այն պաշտպանել նույնիսկ բռունցքներով:

Սակայն ավտոմեքենաների հետ կապված ոչ ամեն փորձ է Վրաստանում բացասական: Օրինակ, մեկ այլ մոսկվացի Անատոլին նույնպես ուժեղ զարմացավ, երբ ես պատասխանեցի նրա հարցին այն մասին, թե որքան անվտանգ է փողոցում կայանելը: Սակայն դա հաճելի զարմանք էր:

– Դա, իհարկե, հիանալի և զարմանալի է, որ Վրաստանում նույնիսկ չեն  հիշում, որ գիշերը դրսում կայանած մեքենան կարելի է թալանել: Այստեղ նման բան պարզապես չի լինում, սակայն եկվորների համար դա զարմանալի է:

Դե ինչ, շնորհակալություն բարի խոսքերի համար, Անատոլի:

Իմ մեկ այլ հյուրի՝ Սաուդյան Արաբիայից եկած Խոսամ Էլ Մասրիի պատմությունն ինձ ստիպեց կարմրել մինչև մազերիս ծայրը: Բանն այսպես եղավ:

Խոսամն ինձ խնդրեց տաքսի կանչել, իսկ երբ մեքենան եկավ՝ վճարել վարորդին: Ես մեքենայորեն վերցրի գումարը նրա ձեռքից, հետո ապշեցի, երբ ափիս մեջ 3 հատ  հարյուր լարիանոց թղթադրամ տեսա (այսինքն՝ մոտ 130 դոլար): Ծառայությունն արժեր մետ տասն անգամ էժան:

Խոսամն ակնհայտ չէր հասկանում իմ զարմանքը, չէ՞ որ հենց այդքան էր տասքու վարորդը նրանից պահանջել օդանավակայանից հյուրանոց հասնելու համար:

Եհ, ներիր, Խոսամ, մեզ մոտ խաբեբաներ հանդիպում են:

Ինձ շատ է հուզում, երբ Վրաստան այցելությունից ստացած հաճույքը ակնհայտ է և կասկածի տեղիք չի տալիս: Այդ դեպքերում հյուրերիս աչքերը փայլում են, նրանք ասում են, որ անպայման էլի կգան: Շատերն իրոք գալիս են, երբեմն հասցնում են նույն սեզոնին դա անել: Ոմանք այնպես են ոգևորվում, որ սկսում են վրացերեն սովորել: Ես շատ եմ սպասում նրանց հետ հանդիպմանը: Հաճույքով կխոսեմ նրանց հետ վրացերեն:


Կարդալ ավելին JAMnews-ում