Վրաստանի օմբուդսմենի տվյալներով՝ անվտանգության նորմերին չհետևելու արդյունքում վերջին հինգ տարվա ընթացքում աշխատավայրերում 270 մարդ է զոհվել " />

«Զայրույթն ինձ խեղդում է»: Վրաստան. աշխատավայրում տուժած մարդկանց պատմություններ

Վրաստանի օմբուդսմենի տվյալներով՝ անվտանգության նորմերին չհետևելու արդյունքում վերջին հինգ տարվա ընթացքում աշխատավայրերում 270 մարդ է զոհվել

Վրաստանի ժողովրդական պաշտպանի տվյալներով՝ աշխատանքային անվտանգության նորմերի խախտումների հետևանքով վերջին հինգ տարում երկրում 270 մարդ է զոհվել: Իսկ «Համերաշխության ցանցի» վիճակագրության համաձայն՝ 2011-2017թթ-ին այդ նույն պատճառով Վրաստանում աշխատավայրերում 1209 մարդ է մահացել կամ խեղում ստացել:

Միայն 2017թ-ին, ըստ «Միացյալ արհմիությունների» տեղեկատվության, 41 մարդ է մահացել, 66-ը տուժել է աշխատանքի ընթացքում:

Ակցիա «Համերաշխություն աշխատողների հետ»: Ցուցարարները պահանջում են աշխատանքի տեսչության ստեղծում և անվտանգության նորմերի պահպանում: Նրանք խորհրդարանի մոտ ստվարաթղթե ֆիգուրներ էին տեղադրել ի նշան մահացած աշխատողների: 2018թ-ի փետրվարի 13

Առաջին տարին չէ, որ տարբեր կազմակերպություններ և շարժումներ պահանջում են Վրաստանում խստացնել աշխատանքի անվտանգության նորմերը: Աշխատանքի տեսչության ստեղծումը Եվրամիության առջև Վրաստանի պարտավորություններից մեկն է, որը Վրաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի էությունից է բխում:

Իշխանությունները չեն հերքում աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը, սակայն գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվում է: Աշխատանքային անվտանգությանը նվիրված օրինագիծը խորհրդարանի դիտարկմանն էր ներկայացվել  դեռևս 2017թ-ի հունիսի 1-ին: Այդ փաստաթուղթը մշակվել էր այն բանից հետո, երբ 2017թ-ի մայիսի 9-ին Թկիբուլի քաղաքի հանքավայրում 400մ բարձրությունից վերելակ էր ընկել:

Օրենսդրության խստացման կողմնակիցները կարծում են, որ իշխանությունների ներկայացրած օրինագիծը չափազանց մեղմ է գործատուների հանդեպ և անվտանգության անգամ նվազագույն չափանիշներին չի համապատասխանում: Իսկ աշխատանքային հարաբերությունների խստացման հակառակորդները կարծում են, որ աշխատանքի տեսչությունները մեծ մասամբ ֆորմալ բնույթ են կրում, և իրականում ոչինչ չեն փոխելու: Որպես միակ ելք նրանք տեսնում են տնտեսության զարգացումը, ինչն էլ կբերի աշխատանքային նորմալ պայմանների ապահովման:

JAMnews-ը զրուցել է աշխատավայրում տուժած մի քանի անձանց հետ: Նրանց պատմությունները մեծ մասամբ կրկնվում են:

______________________________

Դավիթ Մելկաձե, 61 տարեկան, Խարագաուլի

Երկաթուղային աշխատանքների ժամանակ փլված թունելի փլատակների տակ է հայտնվել

«Հունվարի 22-ին պետք է մաքրվեր շինհրապարակը: Կանոնների համաձայն՝ այդ դեպքերում պլանային պայթեցում է իրականացվում, բոլոր բանվորները պետք է լքեն թունելը: Միայն պայթեցումից 45 րոպե անց բանվորները կարող են վերադառնալ և սկսել դուրս բերել բեկորներն ու շինարարական աղբը: Սակայն ըստ կանոնների երբեք չենք աշխատել: Մեզ զգուշացրին պայթյունի մասին, մենք, թվում է, թե անվտանգ վայր տեղափոխվեցինք, ձեռքերով ականջները փակեցինք, բացեցինք բերանները. դա անհրաժեշտ է, քանի որ պայթյունից սարսափելի ճնշում է առաջանում:

Պայթյունից անմիջոպես հետո վերադարձանք մեր սկսած աշխատանքին: Եվ այդ պահին անսպասելիորեն ևս մեկ պայթյուն տեղի ունեցավ. թունելի մի մասը փլվեց, և մենք՝ երեք բանվորներս, փլատակների տակ հայտնվեցինք: Միայն ձախ ձեռքս էր երևում փլատակների տակից: Հիշում եմ, որ գոռում էի ցավից: Ձայնս լսելով՝ մյուս բանվորները օգնության հասան: Մոտ տասը րոպեից մեզ դուրս բերեցին: Կոտրվել էր ձեռքս, վեց կողոսկրերս, ուղեղի ցնցում էի ստացել, կրծքավանդակի վնասվածքներ, ուսի բաց վերք էի ստացել: Մնացած երկու բանվորները, որոնք տուժել էին, ողնաշարի խնդիրներ ունեն: Հրաշքով ենք փրկվել:

Դրանից առաջ ես էլի վնասվածքներ եմ ստացել, բայց ոչ այդքան լուրջ: Միայն օգոստոսի սկզբին եմ կարողացել աշխատանքի վերադառնալ: Իսկ մինչ այդ գյուղատնտեսությամբ էի զբաղվում: Երկաթուղու աշխատանքը ծանր է, աշխատանքային պայմաններն են շատ ծանր: Անձրևին, ձյանը, ցրտին նույնն է՝ պետք է աշխատենք: Մի անգամ ոտքիս երկաթ էի գցել. ցեխը ծնկիցս էր, տեղաշարժվելը դժվար էր: Խաշուրի քաղաքի հիվանդանոցում 9 օրվա բյուլետեն ձևակերպեցին: Բայց բյուլետենի այդ գումարն անգամ չէին ուզում վճարել ինձ: Ժամանակ էին ձգում, խոստանում մեկ ամսից փոխանցել: Իսկ ինձ փող էր պետք դեղերի համար:

Վնասվածքը շատ ծանր չէր, պարզապես դժվար էր քայլել: Ինը օրից վերադարձա աշխատանքի: Պայմանները ծանր են, օդափոխություն չկա, նորմալ լույս չկա, բարձր լարման մալուխները տիղմում ընկած են: Ընդ որում, ցեխն այնպիսին է, որ հազիվ ենք քայլում: Մինչև շինհրապարակ միայն տրակտորով ենք հասնում, այլ կերպ հնարավոր չէ: Պայթեցումից հետո օբյեկտի ստուգում պետք է իրականացվի, սակայն ոչ ոք դա չի անում: Մի տղա հազիվ փրկվեց, ծխախոտ էր վառել և դուրս եկել, եթե մնար, ոչ մի դեպքում չէր փրկվի:

Հիմա Թբիլիսիում եմ, բուժվում եմ: Բժիշկները նույնիսկ գյուղ չեն թողնում: Այնտեղ պայմաններ չկան, շտապօգնություն զանգահարելը խնդիր է, այնպես որ, այնտեղ փրկիչներ չունեմ: Ստիպված եմ Թբիլիսիում բնակարան վարձել: Տասը օր հիվանդանոցում եմ անցկացրել: Վիրահատությունն ու վերակենդանացման ծախսերը ապահովագրությունս է ծածկել: Հիվանդանոցում ևս 4 օր պառկելու գումարը վճարել է «Չինական երկաթուղու 23-րդ հատված» ընկերությունը:

25 լարի աշխատավարձ էին վճարում: Ամեն օր տքնում էի ընտանիքս կերակրելու համար: Մեկուկես ամիս տղաս էլ էր հետս աշխատում, հետո դուրս արեցի, նրա կյանքի համար էի վախենում, աշխատանքային այդպիսի պայմաններ էին: Իսկ հիմա զայրույթը խեղդում է: Բոլորին պետք է նստեցնել: Կտեսնեմ, թե ինձ հետ ինչպես կվարվեն, ինչով կօգնեն: Պատրաստ եմ Ստրասբուրգում արդարության հասնել: Գործատուներն ինձնից չեն պրծնի»:

Մանուչար Մելկաձե, 28 տարեկան, Խարագաուլի, աշխատում է մետաղական իրերի արտադրամասում

«Ինչ-որ մեծ բեկոր էր փլվել թունելում, տրակտորը հետո հազիվ դուրս բերեց: Ցած գլորվելուց մի քանի րոպե առաջ, բարեբախտաբար, մենք թունելից դուրս էինք եկել, բայց մահից մազ էր պակասում: Իսկ փլուզումը տեղի էր ունեցել, քանի որ խողովակները նորմալ սգուցված չէին: Մենք բողոքեցինք ղեկավարությանը, որ այդպիսի պայմաններում անհնար է աշխատել: Եվ մյուս բանվորները նույնպես սատարեցին մեզ. հրաժարվեցին թունել մտնել, քանի դեռ ամրացման աշխատանքներ չեն տարվել: Լսեցին մեզ, բայց այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին: Իսկ ես ազատման դիմում գրեցի, ի վերջո, ես ինքնասպան լինելու մտադրություն չունեմ: Մյուսները մնացին. Վրաստանում գործազրկություն է, ի՞նչ անեն: Ամբողջ երկրում է ծանր վիճակ, սակայն Խարագաուլի շրջանն այնուամենայնիվ վատ իմաստով առանձնանում է»:

Թամազ Տալախաձե, 53 տարեկան, Խարագաուլի, Նեբոձիրի գյուղ

Երկաթուղային մագիստրալի շինարարության աշխատանքների ժամանակ փլվել է թունելը, և նա հայտնվել է փլատակների տակ

«2017թ-ի հուլիսի 29-ին ես աշխատում էի յոթերորդ թունելի ամրացման գոտում, երբ վնասվածք ստացա: Պլանային պայթեցում էր, տրակտորը մտավ թունել ու դուրս բերեց փլվածքները, հետո մենք մտանք: Մենք մեր սովորական աշխատանքն էինք անում, երբ այդ պահին թունելի մի մասը փլվեց: Ես շինարարական կոնստրուկցիայի վրայից ընկա ներքև, քարերը ծածկեցին ինձ: Մեկ ականջս խլացավ, ողնաշարս վնասված է, գլխի վնասվածքներ ստացա: Չեմ կարող աշխատել, ծանր բան չի կարելի բարձրացնել, չեմ էլ կարող»:

Թամազ Տալախաձեի թոռը

«Հիվանդանոցային ծախսերը հոգաց ապահովագրությունը, սակայն ես հիմա էլ բուժվելու կարիք ունեմ: Որպես փոխհատուցում գործատուից 20 հազար լարի ստացա: Նախկինում էլեկտրաքարշի վրա էի աշխատում, սակայն կրճատման տակ ընկա: Թունելների շինարարությունում սկսեցի աշխատել 2016թ-ի դեկտեմբերին: Աշխատավարձը գործարքային էր, միջինում ամսական 600 լարի էր ստացվում: Զանգահարում էին, աշխատանքի էին կանչում, մեկ ժամում պետք է աշխատավայր հասնեի: Տղաս հետս էր աշխատում: Մեր ամբողջ գյուղն էր այնտեղ աշխատում»:

Ջումբեր Կենչոշվիլի, 49 տարեկան, Չիատուրա, Տաբագրեբի գյուղ

Կորցրել է դաստակը Ծերեթելիի «Ջորջիան մանգանում» հանքավայրում աշխատելիս

«2013թ-ի մայիսի 18-ն էր․ ձեռքիս մեջ պատիճը պայթեց, և դաստակիցս զրկվեցի: Վիրահատության համար տրեստը վճարեց: Հանքափոր ընկերներս օգնեցին, ինչով կարող էին: Արհմիությունները երեք հարյուր լարի տրամադրեցին: Կառավարությունից ոչինչ չստացա: Ոչ ոք գլխի չգցեց, որ ինձ հասնում է, կարող եմ պահանջել:

Այդպես ես՝ հինգ երեխաների հայրս, երկրորդ կարգի հաշմանդամ դարձա, և հիմա ստանում եմ 100 լարի, 270 լարի էլ ընտանիքս ստանում է որպես նպաստ: Ահա մեր ամբողջ եկամուտը՝ 370 լարի».

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում