Հայտարարվում է, որ բողոքի շարժումը լինելու է շարունակական, դրա նպատակն է տապալել ապրիլի 17-ին նշանակված վարչապետի ընտրությունը" />

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Հայտարարվում է, որ բողոքի շարժումը լինելու է շարունակական, դրա նպատակն է տապալել ապրիլի 17-ին նշանակված վարչապետի ընտրությունը

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի, JAMnews

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում այսօր մեկնարկել է բազմամարդ հանրահավաք: Այն, ըստ կազմակերպչների նախնական հայտարարութան, լինելու է շարունակական: Մասնակիցները պատրաստվում են բողոքի շուրջօրյա գործողություններ իրականացնել՝ այդ թվում, երթեր և նստացույցեր:

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարը հենց Սերժ Սարգսյանն է, առաջարկում է նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Եվ քանի որ Հայաստանն արդեն անցում է կատարել խորհրդարանական կառավարման, այսուհետ վարչապետն է լինելու երկրի առաջին դեմքը:

Սերժ Սարգսյանի լիազորությունները՝ որպես Հայաստանի 3-րդ նախագահ, ավարտվեցին ապրիլի 9-ին, երբ նախագահությունը ստանձնեց Արմեն Սարգսյանը: Հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց. վարչապետի պաշտոնում մտադիր են ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 Վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորությունն, ըստ սահմանադրության, վերապահված է Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժին: Հայաստանի գործող խորհրդարանում մեծամասնություն է կազմում Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը: Մեծամասնությունն ունի 53 մանդատ 101 պատգամավորներից կազմված խորհրդարանում: Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեն խորհրդարանական մնացած 3 ուժերը՝ մեծամասնությունը խնդիր չունի իր առաջադրած թեկնածուի հաղթանակն ապահովելու հարցում:

Ընդդիմությունը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները կատարվեցին հենց Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունն ապահովելու համար: Այլապես երկու ժամկետով նախագահած Սարգսյանը չէր կարող նույն պաշտոնում առաջադրվել 3-րդ անգամ: Իսկ այժմ նա հնարավորություն է ստացել այլ պաշտոնի անվան տակ շարունակել ղեկավարել երկիրը:

Ընդդիմադիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բողոքի շարժումը սկսեց երկու շաբաթ առաջ «Իմ քայլը» նախաձեռնությամբ: Նա իր համակիրների հետ ոտքով անցել է մոտ 200 կմ ճանապարհ հանրապետության խոշոր համայնքներով՝ Գյումրիից մինչև մայրաքաղաք, կոչ անելով մարդկանց մերժել Սերժ Սարգսյանի իշխանության <<վերարտադրությունը>>:

Հասնելով Երևան քայլերթի մասնակիցները սկսեցին հանրահավաքը Ազատության հրապարակում: Այն շարունակվելու է մինչև ապրիլի 17-ը: Այդ օրը Ազգային ժողովում տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը:

«Սերժ Սարգսյանը հեռացել է: Ապրիլի 9-ից նա այլևս նախագահ չէ: Մենք պետք է թույլ չտանք, որ նա վերադառնա իշխանության: Մենք ժողովրդին ասում ենք՝ քայլ արա՛, մերժի՛ր Սերժին: Սերժ Սարգսյանը մտահոգված է սեփական ընտանիքի բարեկեցությամբ: Սերժ Սարգսյանի համար Հայաստանում չկա քաղաքացի ու ժողովուրդ: Սերժ Սարգսյանի մաֆիոզ վարչախումբն անցել է, կորցրել է բոլոր չափերը: Իսկ Հայաստանի քաղաքացին ի վերջո հաղթելու է», – հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպե՞ս է ընդդիմությունը պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ

Այս օրերին ամենից շատ քննարկվող հարցը հենց սա է. ինչպե՞ս են պայքարելու ընդդիմադիրները Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Չէ՞ որ Սարգսյանն իր կուսակցության կողմից առաջադրվող միակ թեկնածուն է, իսկ ընտրողը ոչ թե երկրի քաղաքացիներն են, այլ խորհրդարանը, որտեղ իր թիմի անդամները կազմում են մեծամասնություն և, բնականաբար, դեմ չեն քվեարկի իրենց առաջնորդին:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հնարավոր է Ազգային ժողովի շենքը քվեարկության օրը շրջափակելու միջոցով ազդել իշխող մեծամասնության պատգամավորների վրա: Ըստ նրա, ժողովրդի ճնշման և շենքի շրջափակման շնորհիվ հնարավոր է թույլ չտալ պատգամավորներին քվեարկության մասնակցել: Սահմանդրության համաձայն, երկու անգամ վարչապետի ընտրության խափանման դեպքում, ներկայիս խորհրդարանը կորցնում է իր լիազորությունները և պետք է խորհրդարանական նոր ընտրություններ անցկացվեն:

«Պետք է լուծենք կոնկրետ խնդիր՝ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա Հայաստանի վարչապետ: Մենք Սերժ Սարգսյանին այս ճանապարհին պետք է հետապնդենք ամենուր: Նա Երևանում իրեն պետք է զգա պաշարված: Մենք պետք է գնանք շրջափակենք, թույլ չտանք պատգամավորներին քվեարկել, թույլ չտանք Սերժ Սարգսյանին մտնել Ազգային ժողովի տարածք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հանրահավաքի ժամանակ պատգամավորը հույս է հայտնել, որ ոստիկանությունը իրենց նկատմամբ բարեհաճ կգտնվի: Փաշինյանը կոչ է արել նաև բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանների հետ լինել բարեհաճ՝ նշելով, որ նրանք քաղաքացիների համար թշնամի չեն, նրանք էլ քաղաքացի են:

«Ես ոչ մի վայրկյան չեմ լքելու ձեզ, լինելու եմ ձեր կողքին, այստեղ՝ հրպարակում, կամ մեկ այլ տեղ: Եթե ոստիկանության կողմից հարձակում լինի, մեր գործողությունը մեկն է, մենք պասիվ դիմադրություն ենք ցույց տալիս: Եթե գալիս են մեզ ցրելու, չենք ցրվում, թև թևի տված, ուս ուսի տված կանգնում ենք»,– նշել է Ն. Փաշինյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում