Հեղինակի խորհուրդները՝ ամեն տարիքի և ճաշակի զբոսաշրջիկներին " />

Զբոսանք Երևանով՝ խորհուրդներ, Հայաստանի մայրաքաղաք առաջին անգամ ժամանածներին

Հեղինակի խորհուրդները՝ ամեն տարիքի և ճաշակի զբոսաշրջիկներին

Եթե դուք օդանավակայանի «Duty Free» խանութում հանդիպել եք նռան, խաղողի պատկերով սառնարանի մագնիսների ու թափանցիկ տարաների, որոնք խորովածի բույր ունեն, լցված են հողով, ուրեմն դուք Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում եք: Բարի գալուստ, Երևան:

Դե ինչ, եթե արդեն Երևանում եք կամ ճանապարհին և google-ում որոնում եք, թե ինչ գեղատեսիլ վայրեր կան Երևանում, ապա մի շրջանցեք այս հոդվածը:

Երևանի հետ ծանոթությունը կարող եք սկսել մայրաքաղաքի սրտից՝ Հանրապետության հրապարակից, որտեղ գտնվում են պարող և երգող շատրվանները, քաղաքի գլխավոր ժամացույցը, Պատմության թանգարանն ու Ազգային պատկերասրահը:

Հրապարակից կարող եք բարձրանալ Աբովյան փողոցով, որտեղ կտեսնեք Հին Երևանից պահպանված մի քանի շենքեր ու շինություններ՝ կառուցված վարդագույն այն նույն տուֆից, որի մասին խոսվում է Երևանին նվիրված գրեթե բոլոր հայկական երգերում: Դրանց մի մասը, ցավոք, պահպանված չէ, բայց այն, ինչ կտեսնեք Աբովյանում, կտեղափոխի ձեզ Հին Երևան:

• Երևանում գտել են անսարք ավտոբուսների կիրառման նոր եղանակ. ֆոտոպատմություն

• Հայաստան. ազգային պարը դուրս է գալիս փողոց

• Street fashion. Նորաձև՝ պարտադիր չէ թանկ

Աբովյանի փողոցի վրա կարող եք գտնել խանութներ, որտեղ կարելի է գնել հայկական խորհրդանշաններ՝ նռան, խաղողի, ծիրանի, խաչքարերի, դուդուկի և բիբլիական լեռան՝ Արարատի պատկերներով հուշանվերներ: Դրանցից մի քանիսի հետևում կարող եք տեսնել իսկական հին հայկական բակ՝ փայտե աստիճանավանդակներով ու խաղողի թփերով:

Հայկական խոհանոցին ծանոթանալ կարող եք գրեթե ամենուր. Երևանում շատ են պանդոկները, որտեղ կարող եք համտեսել խաղողի թփից ու տավարի մսից պատրաստած դոլմա, հարիսա, որը հավի մսի ու ձավարի մի քանի ժամ եփած խառնուրդ է, սպաս, որը մածունից եփած տաք ապուր է՝ օգտակար մարսողության համար, ավանդական խորոված՝ փաթաթած անուշաբույր, խրթխրթան լավաշի մեջ:

Ձեր զբոսանքը կարող եք շարունակել Հյուսիսային պողոտայում, որտեղ ականատեսը կդառնաք միանգամայն այլ Երևանի. բարձրահարկ շինություններ, ճարտարապետական ժամանակակից մոտեցում, արևմտյան ոճի սրճարաններ, բրենդային խանութներ:

Քայլելիս ուշադիր նայեք ձեր չորս կողմը. դուք կարող եք հանդիպել Երևանի զարկերակներից մեկին՝ չմուշկներ վրա տեղաշարժվող պապիկին, որի անունը Լևոն է: Նրա հետ սելֆի են անում քաղաքի բոլոր երիտասարդներն ու զբոսաշրջիկները: Լևոն պապի հետ շփվելիս չմոռանաք, սակայն, նրան միայն անունով դիմել, Լևոնը չի սիրում, երբ իրեն պապիկ են կոչում:

Այնուհետև զբոսանքը շարունակեք դեպի Օպերայի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ կարող եք հեծանիվ վարձակալել ու մի քանի պտույտ կատարել հրապարակով, եթե իհարկե նույն «Ազատության» հրապարակում չընթանա Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկի նախաձեռնած հանրահավաքը:

Առավոտյան այս նույն տեղում դուք կհանդիպեք սպիտակահեր զինվորական համազգեստով մի ծերունու: Չշտապեք հեռանալ. սա ազատամարտիկ Սասուն պապին է, ով ամեն առավոտ հացի փշրանքներով կերակրում է տասնյակ աղավնիների և ձեզ էլ կառաջարկի միանալ իրեն:

Օպերայից ոչ շատ հեռու գտնվում է «Կասկադը», որտեղ ամռան ամիսներին բացօթյա համերգներ են անցկացնում՝ հիմնականում ջազային բենդերը: Այն շրջապատված է ոչ միայն նորաձև սրճարաններով, այլև ժամանակակից քանդակների հետաքրքրիր նմուշներով:

Հենց «Կասկադում» է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որտեղ ցուցադրված են համաշխարհային արվեստի գլուխգործոցներից: Շնորհիվ կենտրոնի Կասկադի այգում տեղադրված են ժամանակակից քանդակագործության յուրօրինակ նմուշներ. Ֆերնանդո Բոտերոյի «Հռոմեական զինվորը», Լինն Չեդվիքի «Նստած ֆորմաները», Բերրի Ֆլանգանի «Նապաստակը զանգի վրա» և այլ քանդակներ:

«Կասկադ»-ը աստիճանների տեսք ունի, ամեն հարթակը յուրահատուկ ամֆիթատրոն է, որից երևում է քաղաքը: Այստեղից դուք կարող եք հետևել նաև գիշերային Երևանին, ինչու չէ՝ ըմպել հայկական գինի բարձունքին գտնվող սրճարանում:

Եթե գինու սիրահար եք, բացի «Կասկադի» սրճարաններից կարող եք այցելել նաև Սարյան փողոց, որտեղ ևս բացօթյա փոքրիկ սրճարաններում ձեզ գինի կհյուրասիրեն:

Դուք կարող եք նաև տեսնել, թե ինչպես է պատրաստվում հայկական գինին, համտեսել  այն հենց տակառներից, եթե այցելեք Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Այստեղ ձեզ համար կկազմակերպեն հետաքրքիր էքսկուրսիա, կպատմեն կոնյակի և գինու արմատների, պատրաստման նրբությունների մասին: Նաև հնարավորություն կունենաք հնագույն մեծ տակառների վրա մակագրություն թողնել հայտնի այն մարդկանց անունների շարքում, ովքեր այցելել են գործարան:

Երեկոն կարող եք անցկացնել փաբերում ու ակումբներում: Երևանցիները շատ են սիրում ստորգետնյա փաբերը, որտեղ կարելի է գերեջուր ըմպել, լսել կենդանի երաժշտություն, ինչպես հայկական, այնպես էլ՝ արևմտյան, ծանոթանալ հայ երիտասարդության ու զբոսաշրջիկների հետ: Փարպեցի ու մոտակա հարակից նեղ փողոցներում շատ են փաբերը: Այստեղ կարող եք գտնել ձեր ճաշակին համապատասխան փաբ՝ հիմնականում բազմահարկ շենքերի նկուղներում:

Երևանից հեռանալիս չմոռանաք ձեզ հետ սուջուխ, բաստուրմա ու լավաշ տանել. դրանք ճանապարհին չեն փչանում, այնպես որ կարող եք հանգիստ տեղավորել ձեր ճամպրուկում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում