40 մետրանոց գաթայի շնորհանդեսը նախաձեռնողները կարծում են, որ այն շանս ունի հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում " />

Երևանում պատրաստել են 240 կիլոգրամանոց աղանդեր՝ գաթա

40 մետրանոց գաթայի շնորհանդեսը նախաձեռնողները կարծում են, որ այն շանս ունի հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի, JAMnews

Երևանցիներն ու քաղաքի հյուրերն այսօր համտեսել են մինչ օրս պատրաստաված ամենաերկար գաթան: 40 մետր երկարություն և 40 սմ լայնություն ունեցող այս աղանդերը պատրաստելու համար աշխատել է մոտ 30 խոհարար: Այն կշռում էր 240 կգ: Թխվել է 2 օր, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ շաբաթ:

Գաթան հայկական ավանդական թխվածք է, ունի քաղցր համ, պատրաստվում է խորիզով, որի մեջ մտնում է հալած կարագ, շաքարավազ և ալյուր: Հին ժամանակներում այն պատրաստում էին առավելապես տոնական կամ ծիսական առիթներով, իսկ այժմ այն ամենօրյա քաղցրեղեն է: Հին ժամանակներում տարբեր գավառներում ընդունված էին գաթայի պատրաստման տարբեր եղանակներ՝ կլոր, եռանկյունի, քառակուսի, լուսնաձև, չափերն էլ էին տարբերվում՝ մեծ կամ փոքր:

Որոշ ազգագրագետներ պնդում են, որ գաթան խորհրդանշում է ընտանիքի ամրությունը։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։

«Ընտրեցինք ամենասիրված և ավանդական թխվածքներից մեկը` գաթան։ Միշտ փորձում ենք առանձնահատուկ ներկայացնել մեր ազգային խոհանոցը։ Գաթան բացառություն չէ. ավանդական միջուկը` խորիզը, այստեղ փոխարինվել է տարատեսակ հայկական չրերով և նուշով», – պատմել է գաթան պատրաստած խոհարարական ընկերության ներկայացուցիչներից մեկը:

Ամենաերկար գաթայի շնորհանդեսի նախաձեռնողները կարծում են, որ այն շանս ունի հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում: Իսկ այսօր այն օգնեց շատերին ծանոթանալ Հայաստանի ազգային խոհարարական ավանդույթներից մեկին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում