Քաղաքապետարանից էլ տեղեկացնում են, որ օրակարգում քաղաքապետի հրաժարականին վերաբերող հարց չկա" />

Երևանում պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Քաղաքապետարանից էլ տեղեկացնում են, որ օրակարգում քաղաքապետի հրաժարականին վերաբերող հարց չկա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել: «Մերժում ենք Տարոնին», «Տարոն հեռացիր» կարգախոսով տասնյակ մարդիկ հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առջև և բարձրաձայնում էին այն պատճառները, թե ինչու իրենց կարծիքով քաղաքային իշխանությունների ղեկավարը պիտի հրաժարական տա:

Նախաձեռնության անդամները նշում էին, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային բյուջեից կատարվել են խոշոր գնումներ, օրինակ՝ 30 միլիոն դրամով գնվել է կոնյակ, կոնյակի բաժակներ, «Էրեբունի Երևան» տոնակատարությունների համար ծախսվել է 80 միլիոն դրամ, ոչնչացվել են մայրաքաղաքի կանաչապատ տարածքները, քաղաքային տրանսպորտի խնդիրը այդպես էլ չի լուծվել և այլն:

«Երևանի քաղաքապետարանում աշխատում են հանցագործություններ կատարած անձինք, ովքեր մսխել են բյուջեն, նրանք պետք է դուրս շպրտվեն ավագանուց: Տարոնի դեմն առնել է պետք»,- հայտարարել է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Մարիա Խաչատրյանը:

Քաղաքապետարան էին եկել նաև բնակիչներ, ովքեր դժգոհում էին իրենց շենքերի բակերի անմխիթար վիճակից, ձմռանը ձյունը չմաքրելու, աղբի չհավաքման, գիշերային լուսավորության, ապօրինի շինարարության և այլ քաղաքային խնդիրների մասին, բազմազավակ ընտանիքների ներկայացուցիները հիշեցնում էին իրենց բնակարաններ հատկացնելու չկատարված խոստումների մասին:

Քաղաքացի Լևոն Վարոսյանն ասել է, որ իրենք են մեղավոր, որ թույլ են տվել այս իշխանություններին 20 տարի այլանդակել քաղաքը:

«20 տարի կուլ ենք տվել, այլանդակել են մեր գեղեցիկ Երևանը, հավաբներ են սարքել շենքերի գլխներին, այլանդակություն է, բիզնես են անում: Կոչ եմ անում՝ կոմիտե սարքենք, ու ովքեր թույլտվություն են տվել, ստորագրել են, պատասխանատվության ենթարկենք: Կառուցողի ու գնողի հաշվին վերակառուցել է պետք Երևանը»,- նշել է Երևանի բնակիչը:

Մեկ այլ քաղաքացի էլ խորհուրդ է տվել հեռանալ «նամուսով»: Նրանք Տարոն Մարգարյանի և նրա թիմի անդամների լուսանկարներով պաստառների շարք էին կազմել ու դրանցով շրջապատել էին քաղաքապետարանի շենքը:

Որոշ քաղաքացիներ փակել էին շենքի հարակից ճանապարհը:

Երևանի ավագանու 3 խմբակցություններից երկուսը՝ ընդդիմադիր «Ելք» և «Երկրր ծիրանի» խմբակցությունները համակարծիք են Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցում, բայց միմյանց հետ չեն համագործակցում:

«Քաղաքացիների պահանջը պետք է բավարարվի: Այն վնասը, որը տվել է Տարոն Մարգարյանը, պետք է վերականգնվի: Նրանք չէին ղեկավարում քաղաքը, նրանք յուրացնում էին հանրային միջոցները, իսկ դա տեղ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ համատեղ»,- ասել է «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Վերջինս ասել է, որ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հայտարարագրից պարզ է, որ ինքը զբաղված է եղել յուրացման գործով:

Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ շուրջ 570.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացող Մարգարյանը չի կարող ունենալ նման ունեցվածք:

«2017 թվականի հունիսի 18-ի տվյալներով, քաղաքապետին են պատկանում անհատական բնակելի տուն և ամառանոց, հասարակական և արտադրական նշանակության շինություններ, բնակարաններ, ավտոմեքենա, ավտոտնակներ, արժեթղթեր, դրամական միջոցներ 250 միլիոն ՀՀ դրամի, 45 ԱՄՆ դոլարի, 50 հազար եվրոյի չափով, ինչը նա ձեռք է բերել պաշտոնավարման ընթացքում միայն: Հավելենք, որ նրա գործազուրկ կինը հայտարարագրել է 50 միլիոն ՀՀ դրամ»:

Բնակիչները հորդորում էին Տարոն Մարգարյանին երբեմն զբոսնել փողոցներով, ծանոթանալ խնդիրներին, նստել բարձրահարկ շենքերի վերելակները, այն վերելակները, որոնք մարդիկ վախենում են նստել:

«Դուք քաղաքապետ չեք, որ կոնյակ խմեք ձեր աշխատասենյակում»,- ասել է բնակիչներից մեկը:

Ավելի ուշ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ օրակարգում քաղաքապետի հրաժարականին վերաբերող հարց չկա, և քաղաքի կառավարման թիմը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը:


Կարդալ ավելին JAMnews-ում