Ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենք դեմ չեն բանակում ծառայելուն, պարզապես ուզում են, որ դա չխանգարի կրթություն ստանալուն " />

Երևանում ուսանողները դասադուլ են անցկացրել՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենք դեմ չեն բանակում ծառայելուն, պարզապես ուզում են, որ դա չխանգարի կրթություն ստանալուն

Երևանում այսօր ուսանողների մի զանգված դասադուլ է անցկացրել: Երիտասարդները շարունակում են բողոքել զինվորական տարկետումների սահմանափակման դեմ, դժգոհում են այս հարցին վերաբերող օրենքի նախագծից:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է Ազգային ժողավում: Երկրորդ ընթերցմամբ այն կքննարկվի մյուս շաբաթ:

Ուսանողները պահանջում են, որպեսզի գործող օրենքը չփոխվի և 18 տարին լրացած ուսանողները, ովքեր սովորում են անվճար համակարգում (այսինքն ունեն բարձ առաջադիմություն), ուսումն ավարտելուց հետո միայն զորակոչվեն բանակ: Կառավարության ներկայացրած օրինագծի համաձայն՝ տարկետման իրավունք է տրվելու միայն նրանց, ովքեր պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կստորագրեն և կպարտավորվեն բանակում ծառայել ուսանելուց հետո:

Օրինագծի կողմնակիցները նշում են, որ հաճախ կրթություն ստանալը երիտասարդների կողմից օգտագործվում է որպես բանակում չծառայելու պատրվակ: Իսկ դասադուլին մասնակցող ուսանողները պնդում են՝ նրանց, ովքեր խուսափում են բանակում ծառայելուց, օրինագծի ընդունումը չի խանգարի:

«Իրենք ասում են, թե այս օրենքը սոցիալական արդարություն է հաստատելու, բայց մենք չենք տեսնում հստակ հիմնավորումներ, որ այդպես կլինի: Այն սողանցքներն ու բացերը, որ կան առողջապահական համակարգում դրանք մնալու են, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ մարդիկ բանակից ազատվում են օգտագործելով առողջապահական ոլորտը: Այս նախագիծը ոչ միայն կրթությանը, այլ նաև գիտության անընդհատությանն է վնաս հասցնելու: Կրթությունը կդառնա ոչ գրավիչ»,- ասում է պայքարի ակտիվիստ Վահան Կոստանյանը: 

«Որպես կրթական համակարգի ներկայացուցիչ ես նույնպես ընդունում եմ, որ այո՛, երբեմն սովորելը օգտագործվում է որպես բանակից խուսափելու միջոց: Մեր կրթական համակարգում կա կոռուպցիա, կան կոռուպցիոն ռիսկեր, սակայն մենք նաև կարծում ենք, որ նրանք, ովքեր ուզում են իրենց նվիրել գիտությանը, զբաղվել գիտական աշխատանքով, չպետք է զրկվեն այդ իրավունքից», – ասել է մեկ այլ ցուցարար:

Դասադուլի մասնակիցները շրջել են Երևանում գտնվող Հայաստանի գրեթե բոլոր բուհերով՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց, բայց շատ համալսարանների ֆակուլտետների դռներ փակվել են՝ ներսում գտնվող ուսանողներին արգելվել է դուրս գալ ու միանալ ակցիային: Այնուամենայնիվ որոշ ուսանողներ կախվել են լսարանների պատուհաններից՝ միանալով «Տարկետում լինելու ա», «Դասախոս, միացի’ր» վանկարկումներին:

Դասադուլի մասնակիցները հորդորին, որ դասախոսները ևս միանան իրենց, շատ քչերն են արձագանքել:

«Այս օրինագիծը չի վնասում կրթությանը: Հայ երիտասարդը ցույց է անում, որ բանակում չծառայի, սա անբարոյականություն է, սա ամոթ է, սա պատիվ չի բերում հայ երիտասարդին: Սա արդարության խախտում է, երբ մեկը պետք է ծառայի, մյուսը` ոչ», – ասել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

Սակայն ուսանողները պնդում են, որ իրենք չեն պայքարում չծառայելու դեմ, բանակում ծառայելուց չեն խուսափում, պարզապես ուզում են, որ դա չխանգարի կրթություն ստանալուն:

«Պետք է ֆիքսել, որ առկա խնդիրների մասին խոսում են ուսանողները, իսկ շատ դասախոսներ ու շատ հասուն մարդիկ փոխանակ աջակցեն, կամ գոնե չեզոք մնան, փորձում են սադրել: Մենք ճնշումներ արդեն տեսանք: Քանի որ համակարգը կայուն չէ, հետևաբար սպառնալու փորձեր կարող են լինել»,- ասել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից մեկը:

Ուսանողները հայտարարել են, որ բողոքի ակցիան անժամկետ է: Նրանք պահանջում են հանդիպում-բանավեճ պաշտպանության և կրթության և գիտության նախարարների հետ:

Ավելի վաղ JAMnews-ը տեղեկացրել էր ուսանողների դժգոհության և նրանց առաջին բողոքի ակցիայի մասին:

Բուհերի ուսանողները ակցիա են անցկացրել, նրանք դեմ են, որ իրենց զրկեն տարկետման իրավունքից


Կարդալ ավելին JAMnews-ում