Մասնագետները կապում են դա երաշտի, անասնակերի թանկացման ու արտահանման ծավալների աճի հետ " />

Երևանում մսի ու կարագի գների կտրուկ աճ է գրանցվել

Մասնագետները կապում են դա երաշտի, անասնակերի թանկացման ու արտահանման ծավալների աճի հետ

Լուսանկարը՝ Լյուսի Սարգսյան, JAMnews

Վերջին 10 օրերին երևանյան խանութներում կտրուկ թանկացել են կարագն ու մսամթերքը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ կարագը թանկացել է մոտ 30 տոկոսով, իսկ միսը՝ 20-ից 30 տոկոսով՝ կախված տեսակից:

Թե ո՞րն է թանկացումների պատճառը՝ պաշտոնապես դեռևս չի բացատրվում: Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեից ասվել է միայն, որ մսի շուկան իրենց վերահսկողությունից դուրս է: Իսկ առևտրականները դժգոհում են, որ 10 օր է գրեթե ոչինչ չեն վաճառել, որովհետև մարդիկ չեն գնում թանկացած ապրանքը:

Մսի թանկացումը թվերով

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մայրաքաղաքում օգոստոս ամսին

  • տավարի մսի 1 կիլոգրամի միջին գինը կազմել է մոտ 2100 դրամ
  • ոչխարի մսի գինը՝ 2200 դրամ
  • խոզի մսի գինը՝ մոտ 2600 դրամ

Սեպտեմբերի վերջից մինչ այս պահը

  • տավարի միսը թանկացել է 300-ից 400 դրամով,
  • ոչխարի միսը՝ 500-600 դրամով,
  • խոզի միսը՝ 800-ից 1000 դրամով:

Կարագի թանկացումը թվերով

Կարագի որոշ տեսակներ` 200-250 գրամանոց տուփերը, կարելի էր մեկ կամ երկու ամիս առաջ գնել 750-800 դրամով, հիմա դրանք վաճառվում են 980-ից 1000 դրամով: Կիլոգրամով վաճառվող լավ որակի կարագը համարյա կրկնակի է թանկացել. 2800 դրամի փոխարեն այն հիմա վաճառվում է 4200 դրամով:

JAMnews-ի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ասաց, որ թանկացումները դեռևս չեն ուսումնասիրել, բայց կուսումնասիրեն:

Նա նշեց, որ կարագի ու մսի շուկաները մենաշնորհված չեն, ուստի թանկացումը չի կատարվել մեկի կողմից: Նա ներկայացրեց թանկացումների մի քանի հնարավոր պատճառ, որոնք դեռևս, ըստ նրա, հաստատման ու ուսումնասիրության կարիք ունեն:

«Գուցե գնորդները շատացել են, պահանջարկը՝ մեծացել է, դրա համար էլ գինը թանկացել է: Ենթադրում եմ, որ ապրանքը արտադրողները արտահանում են այն արտերկիր, դրա համար ներքին շուկայում քիչ ծավալներ են մնում՝ ու գինը թանկացնում են, որովհետև պահանջարկը շատ է, բայց ապրանքը քիչ: Գուցե առևտրականների համար ռուսական շուկա միս արտահանելը նրանց համար դարձել է ավելի ձեռնտու, քան՝ ներքին շուկայում վաճառքի հանելը: Կարագի պարագայում, ենթադրում եմ, որ գինը թանկացել է այն երկրներում, որտեղից Հայաստանն այն ներկրում է: Բայց մի բան ամեն դեպքում ակնհայտ է, որ կառավարությունը որևէ կերպ չի ազդել գների թանկացմանը»,- պարզաբանեց Խոսրով Հարությունյանը:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն էլ նշեց, որ խնդիրն ամռան է առաջ եկել: Նա ասաց, որ Հայաստանում ամռան շոգ օրերին գրանցվել է երաշտ, անասնակերը՝ խոտը չորացել է, ինչի հետևանքով թանկացել է նաև խոտի գինը, դրա համար էլ անասուններին կերակրող գյուղատնտեսը խոտի վրա ծախսվող գումարի դիմաց թանկացրել է միսն ու կաթը, ինչի հետևանքով թանկացել է նաև տեղական արտադրության կարագը:

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում, եթե 25 օր տեղումներ չեն լինում, անձրև չի գալիս, պետությունը երաշտ է հայտարարում: Բայց Հայաստանում դա չարվեց, մարդիկ չհասկացան, որ եթե երաշտ է, որ խոտը չորացել է և որ հետագայում անասնակերի պակաս ենք ունենալու: Սարերում խոտհունձը պետք է հուլիսին կազմակերպվեր, կանաչ խոտը պետք է հնձվեր, որ հիմա այս օրին չհասնեինք ու եթե հնձեին, անտառներում էդքան հրդեհ էլ չէր լինի»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Վերջինս ասաց նաև, որ խոտի գինը թանկացել է մոտ 3 անգամ, եթե նախկինում 1 հակը 400-700 դրամ էր՝ կախված խոտի որակից, ապա այժմ այն արժե 2000-2500 դրամ:


Կարդալ ավելին JAMnews-ում