Քաղաքապետարանը փորձում է այդպիսով լուծել տրանսպորտային խնդիրը և մայրաքաղաքը փրկել մշտական խցանումներից" />

Երևանում մետրոյի ևս երկու կայարան և ճոպանուղի կկառուցվի

Քաղաքապետարանը փորձում է այդպիսով լուծել տրանսպորտային խնդիրը և մայրաքաղաքը փրկել մշտական խցանումներից

Մետրոյի երկու կայարաններն ապագայում կկապեն Երևանի կենտրոնը ծայրամասային Աջափնյակ և Դավթաշեն թաղամասերի հետ։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը մտադիր է մայրաքաղաքին վերադարձնել նաև ճոպանուղին, որը նախկինում կապում էր կենտրոնը Նոր Նորք թաղամասի հետ։

Մետրոյի նոր կայարաններ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ամփոփելով իր 100-օրյա պաշտոնավարումն, այսօր հայտարարել է, որ Աջափնյակում մետրոյի գծի շինարարության նախագիծն արդեն ընթացքում է։ Ավելի ուշ կսկսվեն աշխատանքները նաև մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի ուղղությամբ մետրոյի կայարանի շինարարության կապակցությամբ։

Մետրոյի նոր կայարանները թույլ կտան բեռնաթափել տրանսպորտը, որը Երևանի կենտրոնը կապում է ծայրամասերի հետ։

Մեսչյանը հայտարարել է, որ ներդրողներ արդեն կան, լուրջ և բարդ համակարգ է մշակվել.

«Նախագիծ ենք պատրաստում՝ հաշվարկներով և ճարտարապետական որոշումներով։ Մետրոն ռազմավարական օբյեկտ է, այլ ոչ միայն տրանսպորտ, 150 միլիոն արդեն ծախսվել է Աջափնյակի գծի վրա»։

Երևանի մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981թ-ին։ Այժմ մայրաքաղաքում գործում է ընդհանուր առմամբ 12  կայարան, դրանք բոլորը կառուցվել են խորհրդային տարիներին։

Նոր ճոպանուղի Երևանում

Արթուր Մեսչյանը խոսել է նաև նոր ճոպանուղու շինարարության մասին, որը թույլ կտա Երևանի կենտրոնը կապել Նոր Նորք թաղամասի հետ։

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ այդ ծրագիրը հնարավոր կլինի ավելի արագ իրականացնել, քանի որ դրա համար ավելի համեստ միջոցներ են պահանջվում, քան մետրոյի կայարանների շինարարության։

Ճոպանուղին ունենալու է 12-14-տեղանոց խցեր։

 «Քանի որ այսօրվա դրությամբ մենք հնարավորություն չունենք մետրոպոլիտենի ճյուղն [այդ ուղղությամբ] տանելու, այդ հարցի օպտիմալ լուծումը ճոպանուղին կլինի»։

Երևանում նախկինում՝ 1967թ-ից մինչև 2004-ը, ճոպանուղի է գործել նույն ուղղությամբ։ Օրվա ընթացքում դրանից ժամանակին օգտվել է մինչև 500 մարդ։

Զբոսանք Երևանում․ խորհուրդներ նրանց, ովքեր առաջին անգամ են Հայաստանի մայրաքաղաքում

Երևանում պատերազմ է հայտարարվել ապօրինի շինարարությանն ու տարածքներ գրավելուն

Երևանը կմաքրվի էլեկտրական լարերի և գազի խողովակների «սարդոստայնից»

Խնդիրներից մեկն, ըստ ճարտարապետի, էլեկտրական լարերի և գազի խողովակների չափազանց մեծ քանակն է Հայաստանի մայրաքաղաքում։

Մեսչյանը նշել է, որ դրանք գետնի տակ անցկացնելն ու ամենը միացնելը բավականին ծավալուն և բարդ աշխատանք է։

«Փողոցների կահավորման ծրագրի շրջանակներում նախատեսվում է քարապատել փողոցները, այդ խնդիրն էլ կարելի է լուծել։ Երևանը պետք է մաքրել էլեկտրական լարերի և գազի խողովակների սարդոստայնից»։

Ո՞վ է Մեսչյանը

Արթուր Մեսչյանին Հայաստանում ավելի շատ ճանաչում են ոչ թե որպես ճարտարապետ, այլ երաժիշտ։ Կոմպոզիտորը՝ գրեթե բոլոր սերունդների սիրված երգերի հեղինակը, հայտնի է որպես մեծ հայրենասեր, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդ։ Այդ կապակցությամբ նրա նշանակման հետ շատերը մեծ հույսեր են կապում։


Կարդալ ավելին JAMnews-ում