Դրան մասնակցում է 1500 մարդ 70 երկրից" />

Երևանում մեկնարկել է «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը

Դրան մասնակցում է 1500 մարդ 70 երկրից

Երևանում մեկնարկել է «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը, որին մասնակցում են 1500 մարդ 70 երկրներից, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ:

Այս տարի համաժողովն ընթանում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրի ներքո: Անցկացվելու են թեմատիկ նիստեր Հայաստանի համար օրախնդիր հետևյալ հարցերի շուրջ.

  • տնտեսության զարգացում,
  • պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններ,
  • տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգություն,
  • արտաքին քաղաքականություն,
  • Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում
  • հայապահպանության հիմնախնդիրներ:

Այս տարվա համաժողովն առանձնանում է նրանով, որ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Այս հարցին և ընդհանրապես Հայաստանի և սփյուռքի փոխհարաբերություններին JAMnews-ն արդեն անդրադարձել է իր վերլուծական հրապարակումներից մեկում ամիսներ առաջ:

Եվ JAMnews-ի վերլուծաբան Նաիրա Հայրումյանը, մեկնաբանելով Հայասատանի նախագահի ակնարկն այն մասին, թե «աշխարհում այնպիսի հաջողությունների հասած հայրենակիցներ ունենք, որոնց անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները… շատ ավելի մեծ են, քան նույնիսկ մի քանի պետական գերատեսչության հնարավորությունները միասին», գրել է.

«Ունևոր հայերի կապիտալն իրոք երբեմն համեմատելի է Հայաստանի բյուջի հետ: Սակայն այդ կապիտալները Հայաստան ներգրավելու համար իշխանությունները պետք է թափանցիկ պետական կառույցներ ստեղծեն և ավանդական ոլորտներում մոնոպոլիաներից զրկվեն: Հնարավոր է, որ դա իրականացվի ցանցային ազգային կառույց ստեղծելու օգնությամբ»:

Հայաստանի գլխավոր հենարանը սփյուռքն է

Այսօր մեկնարկած համաժողովին Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը: Նախագահն ասել է նաև, որ հաջորդ համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի իրականացման սկիզբը. «Մենք հասունացել ենք հայրենադարձության կազմակերպման հարցի շուրջ լրջորեն քննարկում ծավալելու համար»:

Սերժ Սարգսյանն շեշտել է. Հայաստանի պետական քաղաքականության առանցքում մտապես եղել է սփյուռքի բոլոր շերտերի հետ կապ պահպանելը, սփյուռքում հայապահպանությանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում հայտնված  հայրենակիցներին, հատկապես սիրիահայությանը հնարավորինս աջակցության տրամադրելը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ևս ելույթ է ունեցել համաժողովի բացման արարողության ժամանակ և նշել, որ ազգային համախմբման հարցում Հայաստանում և սփյուռքում միակարծիք են՝ դա պետք է հատվածական հետաքրքրություններից և նպատակահարմարությունից զերծ լինի:

«Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի կամ անարդարության պատճառով: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի, սա պետք է լինի նշանաբանը: Հայրենիքը պետք է սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը»,- ասել է  Գարեգին երկրորդը:

Համաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում