Քրեական գործի շրջանակում մեղադրվում է ևս 13 անձ " />

Երևանում ձերբակալվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը

Քրեական գործի շրջանակում մեղադրվում է ևս 13 անձ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մարինե Պապյանն այդ գումարները յուրացրել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից:

Քննության տվյալներով՝ հասարակական կազմակերպությունը, որի անունը չի նշվում, 2008թ-ին մասնակցել է ԵՄ պատվիրակության դրամաշնորհի մրցույթում: Մրցույթի արդյունքում դրամաշնորհային պայմանագիր է կնքվել մի քանի տարով: Կազմակերպության հաշվին են փոխանցվել փողերը, սակայն կազմակերպությունն իր պարտավորությունները չի իրականացրել: Դրա նախագահը մեղադրվում է հափշտակության համար: Յուրացված միջոցների չափը գնահատվել է 67,335մլն դրամ (մոտ 135 հազար եվրո), գրում է News.am կայքը:

Քննչական մարմինները նշում են, որ կազմակերպությունը փաստաթղթեր է պատրաստել, որոնք կեղծ ապացույցներ են պարունակել ծախսերի հիմնավորվածության մասին, որոնք ներկայացվել են ԵՄ-ին: Հասարակական կազմակերպության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի, կնիքների, բլանկերի, տրանսպորտային միջոցների պետական համարանիշների կեղծում, իրացում կամ օգտագործում նախնական պայմանավորվածությամբ գործող խմբի կողմից): Ինչպես այսօր հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը, վնասն արդեն փոխհատուցվել է:

Պապյանին ձերբակալել են ապրիլի 26-ին: Քրեական գործի շրջանակում մեղադրվում է ևս 13 անձ, նրանցից երեքի հանդեպ հետախուզում է հայտարարվել: Նրանք նույնպես մեղադրվում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար:


Կարդալ ավելին JAMnews-ում