Բոլոր մանրամասները ավագանու ընտրությունների մասին, որոնք բացահայտեցին ժողովրդի վերաբերմունքը նոր վարչապետի նկատմամբ" />

Երևանն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի «հեղափոխական» կառավարությանը

Բոլոր մանրամասները ավագանու ընտրությունների մասին, որոնք բացահայտեցին ժողովրդի վերաբերմունքը նոր վարչապետի նկատմամբ

 Սեպտեմբերի 24   00։30   Թարմացում

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին 00։30  ներկայացված նախնական արդյունքների համաձայն, վստահ հաղթանակ է տանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլ» դաշինքը, որը ստացել է ձայների  ավելի քան 82%։ 

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,43% ցուցանիշով։ 

Մնացած քաղաքական ուժերը դասավորվել են հետևյալ կերպ․

«Լույս» դաշինք՝ 4,78%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 1,56%

«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ 1,38%

«Օրինաց Երկիր» կուսակցություն՝ 0,94%

«Երևանցիներ» դաշինք՝ 0,80%

«Ժառանգություն» կուսակցություն՝ 0,67%

«Երևանի հանրություն» դաշինք՝ 0,56%

“Հայկազուններ” կուսակցություն՝ 0,22%

«Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0,15%

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն՝ 0,14%։ 

Նախընտրական պաստառ Երևանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը (աջից) շատ ակտիվորեն է մասնակցել Երևանի քաղաքապետի իր թեկնածու, կատակերգական դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանի նախընտարական արշավին:

Սեպտենբերի 23   13:30

Երևանում այսօր քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ են: Դրանց մասնակցում է 12 քաղաքական ուժ: Բայց իրականում պայքարը գնում է մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար, քանի որ նրան ընտրելու է հենց ավագանին:

Այս ընտրությունները կարևոր են նաև, որովհետև դրանց արդյունքում փաստացի կպարզվի, թե որ քաղաքական ուժին են նախապատվություն տալիս երևանցիները: Մայրաքաղաքում այսօրվա դրությամբ բնակվում է ողջ երկրի բանկիչների գրեթե կեսը:

Քաղաքապետ կարող է դառնալ ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժի՝ դաշինքի կամ կուսակցության ընտրացուցակի առաջին համարը, որը կստանա ավագանու մանդատների 40 տոկոսը և ավելին: Եթե ընտրությունների մասնակիցներից ոչ ոք չկարողանա այդպիսի արդյունք ստանալ, ավագանիում հայտնված կուսակցությունները կարող են կոալիցիա ստեղծել և որոշել, թե ում ընտրել որպես քաղաքապետ:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար անցողիկ շեմը 6 տոկոսն է: Ընտրությունները կայացած կհամարվեն, և նոր ընտրություններ չեն անցկացվի, եթե նվազագույնը երեք քաղաքական ուժ հատի անցողիկ շեմը:

475 ընտրատեղամաս բացվել է Երևանի ժամով առավոտյան ուղիղ ժամը 8:00-ին, կփակվի 20:00:

Սրանք Հայաստանում այս գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից հետո առաջին ընտրություններն են:

Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին չի մասնակցում և պաշտոնապես չի էլ մեկնաբանել իր այդ որոշումը:

Առաջիններից մեկն ընտրատեղամաս էր եկել Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հետաձգել էր  իր պաշտոնական այցը ԱՄՆ, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի աշխատանքին: Փաշինյանն այս ընտրությունները ծայրահեղ կարևոր է համարում Հայաստանի համար: Նա բազմիցս ասել է, որ ընտրությունների արդյունքները չպետք է քաղաքացիների մոտ հարցեր առաջացնեն:

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Տարոն Մարգարյանը:

Ինչո՞ւ հեռացավ նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Հայաստանի մայրաքաղաքում 2018թ-ի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցույցերի ֆորմալ պատճառը քաղաքի կենտրոնական այգիներից մեկում կատարված ծառահատումներն էին: Այն ժամանակ ցուցարարներից ոմանց նույնիսկ հաջողվեց ներխուժել քաղաքապետարան, ակցիաները մի քանի օր չէին դադարում, սակայն Տարոն Մարգարյանն այնդպես էլ հրաժարական չտվեց:

Այդ իրադարձություններից մեկ ամիս անց Տարոն Մարգարյանը կրկին սկանդալի էպիկենտրոնում հայտնվեց: Այդ ժամանակ նրանով արդեն սկսեց զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը: Պարզվեց, որ քաղաքապետարանում կաշառք են վերցրել գույքի շինարարության և ձևակերպման համար: Արդյունքում ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց երկու հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում և խարդախություն՝ ծառայողական դիրքի օգտագործմամբ:

Դրանով նույնպես Տարոն Մարգարյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալները չավարտվեցին: Լրագրողները հետաքննություն անցկացրին Մարգարյանի չհայտարարագրված եկամուտների մասին: Հետաքննության հեղինակներն այն եզրակացության եկան, որ քաղաքապետին իր աշխատավարձով 210 տարի պետք կլիներ նման կարողություն կուտակելու համար: Լրագրողները նյութերը փոխանցեցին ԱԱԾ-ին, իսկ Երևանում կրկին ցույցեր սկսվեցին:

Կարդացեք նաև. Ասք Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին՝ բոլոր մանրամասներով

Երկու ամիս դիմադրելուց հետո հուլիսի 9-ին տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, հրաժարական տվեց: Մինչ այսօր նա լրագրողների առջև չի հայտնվել և բացատրություններ չի տվել իր հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ:

Վերջերս հայտնի դարձավ նաև, որ նախկին քաղաքապետը հարցաքննվել է ԱԱԾ-ում և պարտավորվել բյուջե վերադարձնել մոտ 3 մլն դոլար:

Ֆավորիտները

1

Հաղթողի գլխավոր թեկնածուն է համարվում «Իմ քայլը» դաշինքը: Դրա առանցքում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Վարչապետն ակտիվորեն մասնակցել է դաշինքի նախընտրական արշավին և սատարել քաղաքապետի իր թեկնածու Հայկ Մարությանին:

Կատակերգական ժանրի հայտնի դերասան և պրոդյուսեր Մարությանը հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր և մշտապես Նիկոլ Փաշինյանի կողքին էր: Իր քաղաքական կարիերան Մարությանը սկսել է մի քանի ամիս առաջ, երբ անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

2

«Իմ քայլը» դաշինքի գլխավոր մրցակիցը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է համարվում: Սակայն, հարցումների համաձայն, այն զգալիորեն հետ է «Իմ քայլը» դաշինքից: «Բարգավաճ Հայաստանի» առաջին համարն Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

Նախընտրական արշավի ժամանակ նա խիստ քննադատության արժանացրեց ինչպես «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, այնպես էլ նրան սատարող Նիկոլ Փաշինյանին: Դրա առիթը դարձավ այն հայտարարությունը, թե այս ընտրությունները լինելու են «սևերի և սպիտակների»՝ թավշյա հեղափոխության կողմնակցիների և հակառակորդների միջև:

Կարդացեք նաև. «Սևերը» և «սպիտակները» Հայաստանում. թե ինչպես են քաղաքական ընդդիմադիրները զայրացել վարչապետի վրա

3

Եվ մեկ ուժ, որն, ըստ ամենայնի, կհաղթահարի անցողիկ շեմը, «Լույս» դաշինքն է: Այն որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանին:

Այդ դաշինքը կազմավորվել է Նիկոլ Փաշինյանի երբենի դաշնակից Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի կողմից: Ֆորմալ առումով Հայաստանի խորհրդարանում նրանք մինչ այսօր Փաշինյանի դաշնակիցներն են, քանի որ մեկ դաշինքի մեջ են: Սակայն Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ դաշինքը դե ֆակտո լուծարվել է: Նախընտրական արշավի ընթացքում «Լույս» դաշինքի ներկայացուցիչները նույնպես քննադատեցին Փաշինյանի հայտարարությունները:

4

Փորձագետները կարծում են, որ ավագանի կարող է անցնել նաև «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունները:

Ինչո՞ւ է Հայաստանում վտանգավոր դարձել ձայն գնելը

Նախընտրական արշավի ընթացքում ընտրողներին կաշառելու դեպքեր չեն գրանցվել: Հնարավոր է, որովհետև ընտրությունների նախաշեմին խստացվել էր ընտրակաշառք բաժանելու համար պատիժն ու քրեական պատասխանատվություն մտցվել այն վերցնելու համար:

Կարդացեք նաև. Մանրամասներ՝ նախընտրական կաշառք բաժանելու և ստանալու պատժի մասին: Ինչպե՞ս է եղել և ի՞նչ է դարձել

Նախկինում նրանց համար, ովքեր խոչընդոտում էին ընտրության իրավունքի իրականացմանը կամ ընտրությունների կազմակերպմանը մասնակցողների կողմից իրենց լիազորությունների կատարմանը, 2-5 տարվա ազատազրկում էր նախատեսվում:

Ընտրակեղծիքների համար պատժի խստացման օրենսդրական փաթեթի ընդունումից հետո 4-6 տարվա ազատազրկում է նախատեսվում կամ 2.5-3մլն դրամ (մոտ 5-6 հազար դոլար) տուգանք:

Ընտրությունների կամ քվերակության արդյունքների կեղծումը նախկինում 3-5 տարվա ազատազրկում էր ենթադրում, այժմ՝ 4-8:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում