Մինչ քաղաքապետարանն ու Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության պատասխանատու ընկերությունը մեղադրանքներով են փոխանակվում, քաղաքում շարունակում են ավելանալ աղբի կույտերը" />

Երևանում աղբահանությունը սանիտարական խնդրից վերածվում է քաղաքականի

Մինչ քաղաքապետարանն ու Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության պատասխանատու ընկերությունը մեղադրանքներով են փոխանակվում, քաղաքում շարունակում են ավելանալ աղբի կույտերը

Երևանում կրկին սրվել է աղբահանության խնդիրը։ «Սանիթեք» ընկերությունը, որը պատասխանատու է մայրաքաղաքի աղբահանության համար, լավ չի կատարում իր պարտականությունները։ Բանը հասել է վարչապետին։ Նա առաջարկել է չտուգանել «Սանիթեք» ընկերությանը, որպեսզի այն կարողանա իրավիճակը շտկել առանց լրացուցիչ ծախսերի։ Կառավարությունը որոշում է կայացրել․ Երևանում պետք է աղբահանության երկրորդ օպերատոր հայտնվի։

Իսկ մինչ այդ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աղբահանության համար նոր մեքենաներ գնել։ Եվ ընդդիմությունը դժգոհ է նրանից, թե ինչպես է քաղաքապետարանը դրանց գնման համար մրցույթ հայտարարել։

Երևանի աղբահանության համար պատասխանատու ընկերությունը խոշոր գումարով տուգանվել է

Ֆոտոպատմություն․ հայկական Կիրովական-Վանաձոր արդյունաբերական քաղաքի փլատակները

Ուրիշ աշխատանք չկա

Երևանցիների բողոքները

Երևանում աղբահանության շուրջ սկանդալային իրավիճակը ամիսներ է տևում։ Մայրաքաղաքի բնակիչները քննադատում են քաղաքապետարանին, իսկ քաղաքային իշխանությունը մատնանշում է միակ օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության վատ աշխատանքը, որը պատասխանատու է Երևանի աղբահանության համար։

Ընկերությունը մի քանի անգամ տուգանվել է այն բանի համար, որ չի կարողանում պատշաճ մակարդակով կատարել իր վրա վերցրած պարտականությունները։ Ընդհանուր առմամբ «Սանիթեքն»այս ընթացքում տուգանվել է 50 հազար դոլարին համարժեք գումարի չափով։ Սակայն իրավիճակը չի փոխվել։

Երևանի քաղաքապետարանի՝ «Սանիթեք» ընկերության հետ աշխատանքի համակարգման պատասխանատուի խոսքով՝ իրենք ամեն օր մայրաքաղաքի բնակիչներից լուսանկարներ են ստանում, որտեղ երևում են աղբամանների մոտ կուտակված կույտերը։ Հարություն Խաչատրյանը հայտարարել է․

«Խնդիրն այն է, որ, պայմանագրով ամրագրված պարտավորության համաձայն, աղբամանները չպետք է 80 տոկոսից ավելի լցված լինեն։ Սակայն մենք արդեն տեսնում ենք, որ դա 80% չէ, այլ ավելին, և պարզ է, որ այդ պարագայում աղբահանություն հաստատ չի իրականացվել մի քանի օր»։

«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավոր է արագ արձագանքել և լուծել խնդիրը։ Սական «Սանիթեքն» արդեն մի քանի ամիս է, ինչ իր պարտականությունները հարկ եղած ձևով չի կատարում։ Ընկերությանը դրա համար լրացուցիչ աղբահավաք մեքենաներ են պետք։

Ինչպե՞ս է քաղաքապետարանը մտադիր լուծել խնդիրը

Աղբահանության խնդիրն ինչ-որ կերպ լուծելու համար Հայաստանի կառավարությունը քաղաքապետարանին թույլ է տվել աղբահավաք լրացուցիչ 15 մեքենա գնել։

Ընդհանուր առմամբ, այդ նպատակի համար 900 մլն դրամ կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։

Այս որոշումը նախարարների կաբինետն ընդունել է ապրիլի 18-ի նիստին, որին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա պատմել է, որ քաղաքապետի պաշտոնում իր աշխատանքի առաջին ամիսներին ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որի համաձայն՝ այն պետք է ենթակապալառուներ վարձեր իր պարտավորությունները հաջողությամբ իրականացնելու համար։

Սակայն դա օգնեց միայն ժամանակավոր լուծում տալ խնդրին։ Հասկանալով իրավիճակի բարդացման անխուսափելիությունը՝ քաղաքապետարանը որոշել է մեկ անձից աղբահավաք մեքենաների գնման տենդեր հայտարարել։

Ինչի՞ց է դժգոհ ընդդիմությունը

Լրացուցիչ մեքենաներ գնելու մասին որոշումն առաջացրել է ընդդիմության դժգոհությունը։ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները հայտարարել են, որ քաղաքապետն ու իր թիմն են դիտմամբ իրավիճակը կրիտիկականի հասցրել։ Մասնավորապես, «Լույս» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը կարծում է, որ քաղաքապետարանի ղեկավարության նպատակը կոնկրետ մեկ անձից մեքենաներ գնելն է եղել։ Եվ նա այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում․

«Ես կառավարությանը կոչ չեմ անում ոչ մի որոշում չընդունել, քանի որ իրավիճակն իրոք սարսափելի է։ Սակայն իրավիճակն այս կետին հասցրած պաշտոնյաները, որոնք գործարքի մեջ են մտել, պետք է օրենքով պատասխան տան», – հայտարարել է Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ աղբահավաք մեքենաների գնման մրցույթի չափանիշներն այնպիսին են ընտրվել, որոնց համապատասխանում են բացառապես «Կամազ» մակնիշի մեքենաները։ Արդյունքում՝ ուրիշ ընկերությունները չեն կարողացել մասնակցել տենդերին։

«Եթե մրցույթը պատշաճ ձևով անցկացվեր, կարելի կլիներ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դրամ տնտեսել», – կարծում է Խաժակյանը։

«Սանիթեք» ընկերության մասին

«Սանիթեքը» Լիբանանի՝ թափոնների կառավարման միջազգային կազմակերպության մասնաճյուղն է։ Այն ստեղծվել է 2010թ-ին, իսկ 2014թ-ի դեկտեմբերից աշխատում է Հայաստանի մայրաքաղաքում։

Այն Երևանի նախկին քաղաքապետի հայտարարած միջազգային տենդերի հաղթողն է։ Ընկերության նախնական ներդրումը, երբ այն նոր էր անցել իր պարտականությունների կատարմանը, կազմել է 10 մլն եվրո։

Ինչպե՞ս է իրավիճակը մեկնաբանում «Սանիթեք» ընկերությունը

«Սանիթեք» ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում քաղաքապետարանին կշտամբել է ոչ օբյեկտիվ տեղեկություններ տարածելու համար․

«Խնդրում ենք մեր գործընկերոջը պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը ներկայացնել միմիայն օբյեկտիվ տեղեկատվություն, այլ ոչ միակողմանի ու ի շահ Երևանի քաղաքապետարանի։ «Սանիթեք» ընկերությանը, որպես օտարերկրյա ներդրողի, Հայաստանում մշտապես պետք է տրամադրվի առավել բարենպաստ ռեժիմ և արդար ու հավասար պաշտպանություն»։

Հարցը դրանում է, որ ընկերությունը խնդիրներ ունի՝ կապված աղբահավաք մեքենաների հետ։ Դրանք փչանում են, և ընկերությունը ստիպված է նորերը գնել։ Մասնավորապես՝ անցյալ տարվա սեպտեմբերին «Սանիթեքը» հայտարարեց, որ 500 հազար դոլարի տեխնիկա է գնել։ Միաժամանակ ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Տավիլը հայտարարեց, որ անգամ եթե իրենք հարյուրավոր աղբահավաք մեքենա գործարկեն, միևնույն է, խնդիրներ են ունենալու։ Նա պարզաբանեց, որ անհրաժեշտ է լուծել դեպի Երևանի «Նուբարաշեն» աղբավայր տանող ճանապարհի խնդիրը․ դրա պատճառով են շարքից դուրս գալիս աղբահավաք մեքենաները։

Բացի այդ, սեպտեմբերին ընկերության ղեկավարությունը քաղաքապետարանի հետ պայանավորվել էր, որ «Սանիթեքը» նոր մեքենաներ կգնի, իսկ քաղաքապետարանը կլուծի ճանապարհի հարցը։ Ընկերությունը մատնանշում է այն, որ քաղաքապետարանը չի կատարել իր պարտավորությունը, ինչի հետևանքով «Սանիթեքը» շարունակում է վնասներ կրել։

Հայտարարությունում խոսվում է նաև տենդերի մասին, որ քաղաքապետարանը հայտարարել էր դեռ փետրվարին՝ մեքենաներ գնելու նպատակով։ Այդ մեքենաները պետք է «Սանիթեքին» վարձակալության տրվեին, սակայն, ըստ ընկերության ղեկավարության, քաղաքապետարանը չի կատարել նաև այս պայմանավորվածությունը։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Facebook սոցիալական ցանցում օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել։

Ոմանք կարծում են, որ քաղաքապետարանն «անազնիվ խաղ է խաղում», և միանում են ընդդիմության կասկածներին։ Մյուսները վստահ են, որ քաղաքապետարանը գործում է ի շահ քաղաքացիների։

Ահա երևանցիների մեկնաբանություններից մի քանիսը․

«Չեմ հասկանում՝ մի՞թե բոլորին դուր է գալիս ապրել երկրում, որտեղ օրենքը չի գործում։ Խաժակյանն ուղղակիորեն մատնանշում է խախտումները, որ թույլ է տվել Երևանի քաղաքապետարանը։ Ինչո՞ւ են բոլորը դրա վրա աչք փակում։ Ուրեմն մեզ քիչ էր նախորդ իշխանությունը»։

«Պետք է քաղաքապետին հեռացնել։ Թող թատրոնում պահակ աշխատի»։

«Ընդդիմությունը հատուկ է խանգարում նրան, որ քաղաքը վերջապես մաքրվի աղբից»։

«Արդեն կարևոր էլ չէ, թե ինչպես այս քաղաքը կմաքրեն, ով և ինչպես կշահի տենդերը, միայն թե Երևանը վերջապես մաքրեն տոննաներով աղբից»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում