Դա տեղի է ունեցել քաղաքապետարանում ԱԱԾ հայտնաբերած մեքենայությունների և չարաշահումների, ինչպես նաև Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ լրագրողական հետաքննության ֆոնին" />

Երևանի քաղաքապետը հրաժարական է տվել երկամսյա դիմադրությունից հետո

Դա տեղի է ունեցել քաղաքապետարանում ԱԱԾ հայտնաբերած մեքենայությունների և չարաշահումների, ինչպես նաև Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ լրագրողական հետաքննության ֆոնին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011թ-ից: Երևանցիներին հասցեագրված նրա վերջին ուղերձում ասված է.

«Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»:

Նա այդպես էլ չի հանդիպել լրագրողներին և չի բացատրել իր հրաժարականի պատճառները: Մինչդեռ, քաղաքապետարանի շենքի մոտ վերջին երկու ամսում նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ ցույցեր էին անցկացվում: Սակայն Մարգարյանը չէր պատրաստվում հեռանալ:

Հայաստանում շատերն են վստահ, որ նա հրաժարականի որոշումը կայացրել է լրագրողական հետաքննության արդյունքների հրապարակումից հետո: 20-րոպեանոց տեսանյութում մանրամասն ներկայացվում էին արդեն նախկին քաղաքապետի և նրա մերձավոր շրջապատի առանձնատները և եկամտի աղբյուրները: Հեղինակները հաշվարկել էին, որ Տարոն Մարգարյանին իր աշխատավարձի դեպքում 210 տարի անհրաժեշտ կլիներ նման ունեցվածք կուտակելու համար:

•   Լրագրողները Երևանի քաղաքապետի եկամուտների մասին հետաքննություն են անցկացրել և նյութերը փոխանցել ԱԱԾ-ին

Վահագն Խաչատրյանը, որը Երևանի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում 1992-1996թթ-ին, նույնպես վստահ է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը կապված է լրագրողների հետաքննության հետ.

«Նման ֆիլմերից հետո ցանկացած պաշտոնյա, որը ներքաշված է նման գործերում, պետք է հրաժարական տա: Հայաստանում բարոյական կոդեքսը երկար ժամանակ չէր աշխատում: Այն բանից հետո, երբ իշխանության եկան բոլորովին այլ մարդիկ, որոնք գաղափարական այլ պատկերացումներ ունեն, իրավիճակը փոխվեց: Այդ տեսանյութի ցուցադրումից հետո նա հասկացավ, որ իշխանության մնալու իմաստ չկա»:

Խաչատրյանը կարծում է, որ Տարոն Մարգարյանը պետք է դեռ 2 ամիս առաջ հեռացած լիներ, երբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և Նիկոլ Փաշինյանը նրան փոխարինեց վարչապետի պաշտոնում:

«Անկախ նրանից՝ լավ ես աշխատում, թե ոչ: Եթե դու թիմային խաղացող ես, եթե դու իշխանության ես եկել թիմի օգնությամբ, այդ թիմի ղեկավարի հեռանալուն զուգահեռ հեռանում ես նաև դու: Հատկապես այն պայմաններում, երբ դու չես ընտրվել, այլ նշանակվել ես, քանի որ լեգիտիմ ընտրություններ չեն եղել»:

Երևանի ավագանու անդամ, «Ելք» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը հաղորդեց, որ այսօր Տարոն Մարգարյանը հասցրել է հրաժեշտ տալ քաղաքապետարանի աշխատակիցներին: Նա Մարգարյանի հրաժարականի երկու պատճառ է նշել:

«Առաջին պատճառը քաղաքական իրողությունների փոփոխությունն է: Գաղտնիք չէ, որ Տարոն Մարգարյանը նախկինում իշխող Հանրապետական կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներից է, այդ համակարգի մի մասը: Եվ բնական է, որ նոր պայմաններում նա, կարծում եմ, քաղաքը կղեկավարեր անարդյունավետ: Եվ երկրորդը քաղաքացիների բազմաթիվ բողոքներն են, որոնք կուտակվել են տարիներով: Այս փուլում բողոքները շատացել էին: Մարդիկ պարզապես նրա հրաժարականն էին պահանջում»:

Բացի այդ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր անցկացրել Երևանի քաղաքապետարանում և մեքենայությունների և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ բացահայտել:

Երկու քաղաքացի է բողոքով դիմել ԱԱԾ և հաղորդել, որ գույքի ձևակերպման և կառուցապատման թույլտվության համար քաղաքապետարանում օրենքով սահմանված վճարներին զուգահեռ պահանջել են նաև խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամի հաշվին:

Իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր: Խորհրդի կազմում էին նրա տեղակալները, խորհրդականը, քաղաքապետարանի վարչակազմի քարտուղարը, վարչությունների պետերն, Ավագանու անդամները:

ԱԱԾ հաղորդագրությունում ասվում էր.

«Նյութերի նախապատրաստման գործընթացում պարզվել է, որ նշված գումարների մի մասը, որն առձեռն է ստացվել, չի մուտքագրվել հիմնադրամի հաշվին և յուրացվել է»:

Արդյունքում՝ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել երկու հոդվածով. պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների, ինչպես նաև ծառայողական դիրքի չարաշահմամբ խարդախություն:


Կարդալ ավելին JAMnews-ում