Նրանք բողոքի ցույց են սկսել դեռ մեկ շաբաթ առաջ, իսկ այժմ արդեն հասել են կառավարության շենքի մոտ և վարչապետի հետ հանդիպում են պահանջում " />

Երևանի քաղաքապետարանն ազատվում է շրջիկ սրճարաններից, դրանց տերերը բողոքում են

Նրանք բողոքի ցույց են սկսել դեռ մեկ շաբաթ առաջ, իսկ այժմ արդեն հասել են կառավարության շենքի մոտ և վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Երևանի քաղաքապետարանը որոշել է ազատվել շրջիկ սրճարաններից։ Դրանք վերջերս շատացել էին, և դրանց կարելի էր հանդիպել քաղաքի տարբեր վայրերում։ Քաղաքապետի հրահանգով 47 շրջիկ սրճարան առանց էլեկտրաէներգիայի է մնացել։ Սրճարանների տերերը, որոնք համաձայն չեն այս որոշման հետ, մեկ շաբաթ է արդեն ցույց են անում և արդեն բողոքի ակցիա են կազմակերպել հենց կառավարության շենքի դիմաց։

Նրանք պատրաստվում են շարունակել բողոքի ցույցերը, քանի դեռ չեն հանդիպել վարչապետի կամ նրա ներկայացուցչի հետ։

Երևանում պատերազմ է հայտարարվել ապօրինի շինարարության և տարածքներ զավթելու դեմ

Երևանի անհայտ հուշարձանները․ լուսանկարներ և մեկնաբանություններ

Ինչի՞ց են դժգոհ ցույցի մասնակիցները

Սրճարանների՝ կառավարության շենքի դիմաց հավաքված տերերն ու աշխատակիցները ցույց են անում թրեյլերների լույսն անջատելու քաղաքապետի որոշման դեմ։ Քաղաքային իշխանությունները նման կերպ որոշել են սահմանափակել շրջիկ սրճարանների աշխատանքը։

Սրճարանների տերերը խոստովանում են, որ իրենց գործունեությունն օրենքով չի կարգավորվում։ Գիտակցելով կանոնակարգման անհրաժեշտությունը, նրանք, այնուամենայնիվ, պահանջում են չսահմանափակել իրենց գործունեությունը նախքան օրենսդրական  փոփոխությունների ընդունումը։ Ի դեպ, դրանք արդեն մշակվել են քաղաքապետարանի կոմղից։ Սակայն սրճարանների տերերն ու աշխատակիցները պահանջում են իրենց թույլ տալ ներկայացնել սեփական առաջարկներն ու մասնակցել օրենքի լրամշակմանը։

«Տվյալ պահին կասեցվել է 47 շրջիկ սրճարանների գործունեություն։ Դրանցից 9-ը մենք արդեն դուրս ենք բերել Երևանի կենտրոնից և կարող ենք ինքնուրույն ազատել տարածքը։ Սակայն մենք քաղաքապետարանին խնդրում ենք մեզ ընդառաջել, այդ թվում՝ բիզնեսին հնարավորություն տալ աշխատել, մինչև որ դաշտը վերջնականապես չկարգավորվի», – հայտարարել է «Շրջիկ սրճարանների միության» ղեկավար Արեն Մելիքյանը։

Արդյո՞ք քաղաքապետարանի գործողություններն օրինական են

Սրճարանների տերերն ապօրինի են համարում քաղաքապետարանի գործողություններն այն պատճառով, որ իրենք կատարել են իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ հարկային։

«Շատ առաջատար երկրներում շրջիկ սրճարաններ կան։ Ինչո՞ւ մեզ թույլ չեն տալիս աշխատել։ Հեղափոխությունից հետո ասվում էր, որ մանր ու միջին բիզնեսի զարգացման համար կարվի ամեն ինչ։ Ուզում եմ հասկանալ, նրանց պատկերացմամբ սա՞ է ամեն ինչ անելը», – վրդովվում է «Շրջիկ սրճարանների միության» ղեկավարը։

Ի պատախան քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը հայտարարել է․

«Երևանի քաղաքապետարանն, ինչպես նախկինում, շահագրգռված է մանր ու միջին բիզնեսի զարգացմամբ, սակայն ոչ ապօրինի գործունեության հաշվին, որն արդյունքում կարող է վնասել մայրաքաղաքի բնակիչներին»։

Էլեկտրաէներգիայի անջատումը ցուցարարները նույնպես ապօրինի են համարում, քանի որ շրջիկ սրճարաններն էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպության հետ ուղղակի համաձայանգիր են ունեցել։

Իսկ սրճարաններն էլեկտրականությունից զրկած «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կարծում են, որ իրենց գործողություններն օրենքի շրջանակից դուրս չեն․

«Որոշ սրճարաններ անվտնգության հետ կապված խնդիրներ ունեին, մյուսներն էլեկտրաէներգիա էին օգտագործում պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, այսինքն՝ ապօրինի կերպով»։

Ինչո՞ւ են լույսն անջատել

Ամեն ինչ սկսվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունից այն մասին, որ քաղաքային իշխանությունները թույլ չեն տա նոր թրեյլեր-սրճարաններ բացել, հատկապես ավտոկայանատեղիներում․

«Երկիրը պետք է զարգանա, առաջ գնա, այլ ոչ թե վերադառնա 90-ականներ, երբ ով որտեղ ինչ ուզում անում էր»։

Քաղաքապետարանում կարծում են, որ այդ 47 շրջիկ սրճարաններից շատերն աշխատում են անվտանգության տեխնիկական նորմերի խախտմամբ։ Այդ առնչությամբ որոշում է կայացվել զրկել նրանց էլեկտրականությունից։

Ընդդիմության կարծիքը

Շրջիկ սրճարանների հետ կապված իրավիճակն ընդդիմության ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչները համակարծիք են, որ ոլորտը պետք է օրենսդրորեն կարգավորվի։ Սակայն, ինչպես և սրճարանի տերերն, նրանք համաձայն չեն քաղաքային իշխանության կիրառած մեթոդների հետ։

«Անհրաժեշտ է խաղի հստակ կանոններ սահմանել։ Եվ մենք արդեն մի քանի շաբաթ է, ինչ օրենսդրական փոփոխություններ ենք քննարկում։ Սակայն էլեկտրաէներգիայի անջատումն ու նման մեթոդներն ես անթույլատրելի եմ համարում», – JAMnews-ին ասել է «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում