Բոլոր մանրամասները․ ինչի՞ համար է մեղադրվում «Սանիտեկը», որը պատասխանատու է մայրաքաղաքի մաքրության համար, և ընկերության պատասխանը " />

Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է աղբահանությունը «սաբոտաժ անող» ընկերության ծառայություններից

Բոլոր մանրամասները․ ինչի՞ համար է մեղադրվում «Սանիտեկը», որը պատասխանատու է մայրաքաղաքի մաքրության համար, և ընկերության պատասխանը

Սանիտեկ, աղբ, Երևանի քաղաքապետարան, Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միակողմանի կերպով խզել է միակ ընկերության հետ բոլոր պայմանագրերը, որը պատասխանատու է Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության համար։

Որոշումը կայացվել է այն բանի առնչությամբ, որ երկար ժամանակ «Սանիտեկ» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները լիարժեք ծավալով։ Ընկերության աշխատանքում թերություններ են սկսել նկատվել 2017թ-ից, 2018թ-ին դրանք ավելացել են։ 2019թ-ի օգոստոսից «Սանիտեկն» ընդհանրապես դադարել է զբաղվել աղբահանությամբ։

Այդ կապակցությամբ Ավագանին պաշտոնական ստուգումներ է անցկացրել։ Քաղաքապետը պարզաբանել է, որ պետք էր գրանցված փաստեր ունենալ այն մասին, թե արդյոք հարկ եղած ձևով է «Սանիտեկ» ընկերությունը կատարում է իր հետ կնքված պայմանագրերն, ինչպես նաև ստուգել հենց պայմանագրերի կնքման օրինականությունը։

Բանն այն է, որ այդ միջազգային ընկերությունը սկսել է աշխատել նախորդ՝ նախահեղափոխական կառավարության ժամանակ։ Եվ դրա աշխատանքում խնդիրները սկսել են արտահայտվել արդեն նոր կառավարության և քաղաքապետարանի նոր ղեկավարության ժամանակ։

Հայկ Մարությանի խոսքով՝ ստուգումներն ավարտված են։ Երևանի քաղաքապետը հիմնավորել է պայմանագրերի խզումը դրանց արդյունքներով։ Իսկ դրանք խոսում են աղբահանության առնչությամբ ընկերության ուղիղ պարտականությունների տևական չկատարման մասին։ Բացի այդ, առանց ստուգումների էլ Երևանում վաղուց է նկատվում աղբամանների պակաս և առկաների ոչ նորմալ վիճակ, աղբահավաք մեքենաների ոչ բավարար քանակ։

Ուրիշ աշխատանք չկա

«Սանիտեկ» ընկերության մասին

«Սանիտեկը» թափոնների կառավարման լիբանանյան միջազգային կազմակերպության մասնաճյուղ է։ Ընկերությունը ստեղծվել է 2010թ-ին, 2014թ-ի դեկտեմբերից աշխատում է Հայաստանի մայրաքաղաքում։

Այն եղել է միջազգային տենդերի հաղթողը, որը հայտարարվել էր Հայաստանի նախկին իշխանությունների կողմից։ Ընկերության նախնական ներդրումն այն պահին, երբ այն սկսել է իրականացնել իր պարտականությունները, կազմել է 10 մլն եվրո։

Երևանի քաղաքապետարանի և «Սանիտեկ» ընկերության հարաբերությունների մասին

Երևանում աղբահանության հետ կապված սկանդալային իրավիճակը շարունակվում է շուրջ մեկ տարի։

Երևանի քաղաքապետարանը չի կարողանում լուծել աղբահանության և դրա համար պատասխանատու ընկերության հարցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի անգամ հանրային կերպով դժգոհություն է հայտնել ընկերության աշխատանքից և հայտարարություններ արել, որ «երևանցիներն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք»։

2019թ-ի գարնանը «Սանիտեկ» ընկերությունը երկու անգամ տուգանվել է իր պարտավորությունները չկատարելու համար։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 39 մլն դրամ [$80 հազար]։

Հուլիսի կեսերին ընկերությունը խոստովանել է, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և բացատրել է դրանք քաղաքապետարանի կողմից «անհիմն պատժամիջոցներով և տուգանքներով»։

Ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Տավիլը հայտարարել է, որ իրենց վնասները կապված են նաև այն բանի հետ, որ քաղաքապետարանը չի կատարում իր խոստումները։ Խոսքը Երևանի ծայրամասում գտնվող աղբավայր տանող ճանապարհի վերանորոգման մասին է, որի պատճառով, ըստ «Սանիտեկի» ղեկավարի, փչանում են ընկերության թանկարժեք աղբատար մեքենաները։

Վերջին անգամ ընկերությունը տուգանվել է 12 մլն դրամով (25 հազար դոլար) 2019թ-ի օգոստոսին։ Սակայն «Սանիտեկի» ղեկավարությունը նախապես զգուշացվել է պայմանագրի պայմանների խախտման մասին, նրան առաջարկվել է շտկել դրանք խելամիտ ժամկետներում։ Տուգանքը սահմանվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ընկերությունն անտեսում է քաղաքային իշխանությունների նախազգուշացումները։

«Ելք» խմբակցությունը, որն Ավագանիում ներկայացնում է վարչապետ Փաշինյանի քաղաքական ուժն, առաջարկել է խզել օպերատորի հետ պայմանագիրը, որը պատասխանատու է Երևանի աղբահանության համար․

«Առաջարկում ենք միջազգային մրցույթ հայտարարել, նոր օպերատորի ներգրավել, որը կկատարի աղբահանության և սանիտարական աշխատանքները մայրաքաղաքում։ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրները կապված  են չորս տարի առաջ Սանիտեկ ընկերության հետ կնքած համաձայնագրի հետ։ Աղբի մշակման ոլորտում պետք է մրցակցություն լինի»։

«Երբ մի քանի տարի առաջ պայմանագիր էր կնքվում «Սանիտեկ» միջազգային կազմակերպության հետ, որը գրանցված է Բեյրութում, երկրորդ օպերատորի մրցույթ այդպես էլ չհայտարարվեց», – հայտարարել է Ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

Իրավիճակն ինչ-որ կերպ բարելավելու համար քաղաքապետարանը նոր աղբատար մեքենաներ և աղբամաններ է գնել։

Այդ նպատակով կառավարությունը թույլ է տվել օգտագործել պետբյուջեի պահուստային ֆոնդի միջոցները։ Ընդհանուր առմամբ, տրամադրվել է 900 մլն դրամ (մոտ $1,8 մլն)։

Սա սաբոտա՞ժ է 

Տնտեսագետ և Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը «Սանիտեկ» ընկերության գործողությունները գնահատում է որպես սաբոտաժ։ Այս մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում․

«Վերջերս աշխատակիցներից հետաքրքրվեցի, թե որն է այդ անբավարար աշխատանքի պատճառը։ Նրանք պատասխանեցին, որ «մեքենաներ չկան»։ Ինձ համար դա շատ տարօրինակ է։ Ի՞նչ է նշանակում մեքենաներ չկան։ Ես դա չեմ կարող հասկանալ․․․ Որքան հասկանում եմ, դա սաբոտաժ է։ Դա նշանակում է վարկաբեկել քաղաքային իշխանություններին և պետությանը»։

Նախկին քաղաքապետի կարծիքով՝ երբ «Սանիտեկը» շահեց Երևանի աղբահանության տենդերը, երկրի նախկին իշխանությունների հետ այն չգրված ինչ-որ պայմանավորվածություն ուներ, որը չի աշխատում ներկայիս իշխանությունների հետ։

«Սանիտեկի» պատասխանը մեղադրանքներին

«Սանիտեկը» հերքում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ կապը, որը Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամ էր։ Հերքվում է նաև այն ենթադրությունը, որ ընկերության ավտոպարկում աղբատար մեքենաներ կային, որոնք պատկանում էին նախկին քաղաքապետին և որոնք նա «Սանիտեկից» հետ է վերցրել իր հրաժարականից հետո։

Այն հարցին, թե ինչու է աղբահանության հետ կապված իրավիճակը վատթարացել նոր կառավարության իշխանության գալուց հետո հենց, ընկերությունում հայտարարում են, որ խնդիրներն առաջացել են ավելի վաղ, իսկ ճգնաժամը համընկել է նոր իշխանությունների կառավարման հետ։

Հուլիսին «Սանիտեկ» ընկերությունը հայտարարել է, որ Թբիլիսիում մեծ մամուլի ասուլիս կանցնացնի, որի ընթացքում կներկայացնի բոլոր հացերի պատասխանները։ Բացի այդ, այն առաջարկել էր լրագրողների համար կազմակերպել տեղափոխումը Վրաստանի մայրաքաղաք և սնունդը։

Ընկերության այդ նախաձեռնությունը դուր չի եկել Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությանը։ Դրա ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է ֆինանսական խնդիրներ ունեցող ընկերությունը պատրաստվում մամուլի ասուլիս անցկացնել հարևան երկրի մայրաքաղաքում՝ իր վրա վերցնելով լրագրողների տեղափոխման և սննդի ծախսերը։

Արդյունքում՝ ասուլիսը կայացել է Երևանում։ Սակայն բացատրություն է հնչել, թե ինչու էր այն պլանավորվում Թբիլիսիում անցկացնել և ինչու «Սանիտեկի» տնօրեն և սեփականատեր Նիկոլաս Էլ Տավիլը ներկա չէր երևանյան ասուլիսին և լրագրողների հարցերին պատասխանում էր Skype տեսակապի միջոցով։

Պարզվել է, որ ընկերությունը վախեցել է տնօրենի հնարավոր կալանքից «Սանիտեկի» նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ։ Այն հարուցվել էր դեռ 2019թ-ի փետրվարին խոշոր չափի հարկերի չվճարման փաստով։

«Սանիտեկի» տնօրեն Նիկոլաս Էլ Տավիլը պնդում է, որ իրենք ագրեսիվ վարչական ճնշման են ենթարկվում և այդ ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում։

«Քրեական գործն անհիմն է և ապօրինի, այն քաղաքական շարժառիթներ ունի, այն «Սանիտեկի» ֆինանսական ռեսուրսները սպառելու Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ փորձերից մեկն է, ինչն, ըստ էության, մեկ նպատակ է հետապնդում․ անարդար և խտրական ճանապարհով իշխանության կողմից մասնավոր ներդրողի գույքն առգրավելը», – ասել է  Նիկոլաս Էլ Տավիլը։

Բանը հասել է դատարան

2019թ-ի հուլիսին «Sanitek International» ընկերությունը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Այն քաղաքապետարանից պահանջում է ավելի քան 24,7 մլն դրամի (մոտ $52 հազար) փոխհատուցում։

Այժմ դատարանում արդեն երկու դատական հայց կա, երկրորդը «Սանիտեկից» է՝  «Sanitek International»-ի դուստր ընկերությունից։

Դատարան դիմելուց առաջ «Սանիտեկը» քաղաքապետարանից բազմիցս պահանջել է միջոցներ ձեռնարկել այն կապակցությամբ, որ իր աղբամանները մշտապես այրում են կամ կոտրում։ Ընկերությունը պահանջել է նաև վերանորոգել աղբավայր տանող ճանապարհը։ «Սանիտեկում» անարդարացի են համարում նաև տուգանքները, որոնց ենթարկվել է ընկերությունը, և պնդում են, որ հենց դրանց պատճառով չեն կարողանում աշխատակիցների աշխատավարձերը վճարել։


Կարդալ ավելին JAMnews-ում