Քաղաքապետարանում նույնիսկ չգիտեն, թե որքան մարդ է ապրում կյանքի համար վտանգավոր և քանդման ենթակա այս շենքերում " />

Երևանի վթարային շենքերի բնակիչները ոչ տեղ ունեն գնալու, ոչ ճար

Քաղաքապետարանում նույնիսկ չգիտեն, թե որքան մարդ է ապրում կյանքի համար վտանգավոր և քանդման ենթակա այս շենքերում

Երևանում վթարային շենքերը վերացնելու, դրանց բնակիչներին նորմալ պայմաններով վերաբնակեցնելու խոստումներ տվել են բոլոր քաղաքապետերը։ Սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել վերջնական լուծել այս խնդիրը։ Քաղաքում կան քանդման ենթակա հարյուրից ավելի շենքեր, որտեղ բնակվելը վտանգավոր է մարդկանց կյանքի համար։ Սակայն այդ շենքերում մարդիկ շարունակում են ապրել՝ երեխաներ, տարեցներ, բազմանդամ ընտանիքներ։

Կյանքը վթարային շենքում

«Հենց անձրև է գալիս, երեխեքը վազելով գնում, դույլերը բերում, շարում են սենյակում, ես էլ կլինկորով փակում են բազմոցն ու մահճակալը։ Հետո հարևանները գալիս, երեխեքին տանում, քնացնում են, որ տունը չմնան, չթրջվեն։ Երկու հեռուստացույց ունեինք, նվեր էինք ստացել անծանոթ մարդկանցից, առաստաղից ջուր կաթաց մեջը, փչացավ», – պատմում է վթարային շենքում բնակվող Քրիստինե Կարապետյանը։

Քրիստինեն 35 տարեկան է։ Նրա կյանքի կեսն անցել է այս շենքում։ Նախկինում սա ռոբոտաշինական գործարանի հրշեջ ծառայության շենքն է եղել։ Գործարանը հայտնի է «Մարս» անունով։ Վերջին 20 տարին վթարայնության երրորդ աստիճան ունեցող այս շենքում մարդիկ են բնակվում:

Երիտասարդ ընտանիքները Հայաստանում առանց բնակարան չեն մնա

14 երեխա ընտանիքում՝ տեսանյութ Հայաստանից

Շենքը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Այստեղ հասնելու համար պետք է իջնել երթուղայիններից մեկի վերջին կանգառում, մի քանի հարյուր մետր քայլել ամայի տարածքով, որի շրջակայքն աղբավայր է հիշեցնում և որտեղ մշտապես թափառող շներ են պտտվում։

Այս շենքը չի համապատասխանում բնակելի տարածքի չափանիշներին, քանի որ կառուցվել է որպես գործարան։ Եվ չնայած վթարային պայմաններին, այստեղ բնակվում է մոտ քառասուն ընտանիք։ Բնակիչներն այն անվանում են «օդից կախված», քանի որ պետական որևէ մարմին դրա խնդիրներով չի ցանկանում զբաղվել:

Քրիստինեն ծնողների հետ տեղափոխվեց այստեղ, երբ 17 տարեկան էր։ Հիշում է երբ նոր էին տեղափոխվել, շենքն ուներ մոտ երեսուն բնակիչ։ Տարիների ընթացքում նրանց թիվն ավելացավ՝ կյանքի որակը չփոխվեց։

Շենքում ծանոթացավ ապագա ամուսնու հետ, ընտանիք կազմեց։ Այս շենքում էլ ծնվել և մեծանում են Քրիստինեի վեց երեխանները՝ չորս աղջիկն ու երկու տղան, բոլորն էլ դեռ անչափահաս են։ Ութ հոգուց բաղկացած ընտանիքը բնակվում է տասնութ քառակուսի մետր մակերեսով սենյակում: Այն միաժամանակ ծառայում է և որպես հյուրասենյակ, և ննջարան։

Ամբողջ ըբտանիքը քնելիս տեղավորվում է մի բազմոցի և մի մահճակալի վրա։ Կա նաև սանհանգույց, որում միայն զուգարանակոնք է դրված, լվացարան և ցնցուղ չկա։

Բնակարան կոչվող այս տարածքը երբևէ չի վերանորոգվել. պատերն ու առաստաղը խարխլված են, ծեփն ամբողջովին պոկված։

Շենքով ացնող հոսանքալարերը՝ նաև որոշ բնակարանների ներսում, ամրացված չեն։ Եվ դա ոչ մեկ անգամ է դժբախտ պատահարի պատճառ դարձել:

Բաց հոսանքալարերի պատճառով տարիներ առաջ վնասվել է նաև Քրիստինեի որդին։ Այն ժամանակ 11 ամսական երեխան հոսանքահարվել է՝ կորցնելով ձեռքի երկու մատներն ու շրթունքի մի հատվածը։

Բնակիչների միջև հաճախ վեճեր են ծագում սանհանգույցների պատճառով։ Ոմանք «թշնամիներ» են դարձել այն պատճառով, որ սանհանգույցի վնասված խողովակներից ջուրը հոսել է մեկ ուրիշի բնակարան՝ էլ ավելի փչացնելով առաստաղը։

Բնակիչներն ամենից շատ մտահոգվում են երեխաների համար։ Անընդհատ պտտվում են երեխաների հետևից, որ քանդված աստիճաններով զգուշ բարձրանան և իջնեն, զգուշանան բակում հայտնվող օձերից և թափառող շներից, շենքի հարկերում վազվազող առնետներից։

«Երեխեքն էլ ամբողջ օրը այս քարերի ու աղբանոցի մեջ խաղում են։ Հոգնել են, խաղալու տեղ էլ չունեն։ Էս պայմանները նրանց վրա էլ են շատ ազդում. ուրիշ տեղ չունեն գնալու, մենք գումար չունենք, որ տանենք կառուսել, ման տանք։ Հույսս կորցրել եմ։ Մտածում եմ, որ ամբողջ կյանքս մնալու եմ ստեղ։ Հուր հավիտյան», – ասում է Քրիստինեն։

Բնակիչները զարմացան, որ «լրագրողը համարձակվել է» ոտքով հասնել իրենց շենք և չի վախեցել ճանապարհին հանդիպած թափառող շներից, օձերից ու առնետներից։

Տեղացիներն իրենք խուսափում են միայնակ այս ճանապարհն անցնել։ Ամեն ամսվա սկիզբին, երբ պետք է գնան նպաստ ստանալու, հարևաններով հավաքվում են ու միասին այս ճանապարհով քայլում։

«Մարսեցիները» հոգնել են խոստումներից

«Մարսի» բնայիչները կատակում են իրենց շենքն իրականում Երկրից մեծ հեռավորության վրա գտնվող այլ մոլորակ է։

Բնակիչներն այս շենք տեղափոխվել են պարտադրված՝ այլ ելք չունենալով: Նրանցից ոմանք ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց բնակարանները, ոմանք էլ ի սկզբանե բնակարան չեն ունեցել։ Չնայած կենցաղային և շենքային վատ պայմաններին՝ շենքում շատերն են իրենց երջանկությունը գտել, ընտանիք կազմել, ինչպես Քրիստինեն և նրա ամուսինը։

Նրանք մշտապես պատրաստ են խոսել իրենց խնդիրների մասին, միայն թե կարողանան ևս մեկ անգամ բաձրաձայնել իրենց կարիքները, այլ շենք տեղափոխվելու լուծումներ գտնել:

Միաձայն ասում են, որ հույսները կորցրել են՝ բոլոր պետական մարմինների դռները թակել են, բոլորի պատասխանը նույնն է եղել շենքն իրենց չի պատկանում, դրա համար չեն գալիս փորձաքննեն ու պարզեն, թե ինչ վտագներ են սպառնում բնակիչներին։

Ո՞վ պետք է լուծի մարդկանց վերաբնակեցման հարցը

Սկզբից բնակեցման մասին։ Այստեղ պատմում են, որ շենքի բնակեցումը սկսվել է Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի առաջարկով 1999 թվականին։ Ռոբոտաշինական գործարանը կառուցվել է նրա նախաձեռնությամբ, երբ դեռ զբաղեցնում էր Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը։ Դեմիրճյանն առաջարկել է բնակության խնդիր ունեցողներին թույլ տալ զբաղեցնել շենքի սենյակները։ Բայց մինչ օրս այստեղ ապրողները չեն ստացել իրենց զբաղեցրած տարածքների սեփականության իրավունք։

Երբ JAMnews-ը պարզաբանումներ էր ստանում շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ, քաղաքապետարանում համաձայնեցին հանդիպել բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում նրանց մեղադրեցիբ ապրելու տարիներին մի շարք ապօրինի շինարարություններ են կատարելու մեջ, այդ թվում, շենքի գլխավոր կրող պատերին «ձեռք տալու» մեջ, ինչն անթույլատրելի է անվտանգության նկատառումներով։

Եվ որևէ հարց չլուծվեց, բնակիչներին միայն խորհուրդ տվեցին դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե, որի հաշվեկշռում է գրանցված շենքը:

Կոմիտեում էլ պնդեցին, որ բնակիչներն այդ տարածքում բնակվում են ապօրինի՝ չունենալով սեփականության վկայական: Հայտնեցին նաև, որ բազմիցս հորդորել են բնակիչներին ինքնակամ դուրս գալ վթարային շենքից, քանի որ դա վտանգավոր է իրենց կյանքի համար: Բայց այս հորդորները որևէ բան չեն փոխել՝ մարդիկ տեղ չունեն գնալու։ Գույքի կառավարման կոմիտեն նրանց վերաբնակեցման ծրագիր չունի, քանի որ դա պետք է լինի կառավարության որոշմամբ:

Անհայտ է, քանի մարդ է ապրում վթարային շենքերում

Բնակության համար առավել վտանգավոր են 3-րդ և 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերը։ Երևանում այս պահի դրությամբ բնակեցված է

• 3-րդ կարգի 107 և

• 4-րդ կարգի 8 շենք։

Թե քանի մարդ կամ ընտանիք է բնակվում վթարային շենքերում, քաղաքապետարանում տեղյակ չեն։ Պատճառն այն է, որ նրանց թիվն անընդհատ փոփոխվում է։ Նույնիսկ եթե հաշվառում է կատարվում, ընդամենը մեկ շաբաթ անց թվերը կարող են զգալիորեն փոխվել՝ ոմանք լքում են այս շենքերը, ոմանք էլ նրանց տեղն են գրավում։

Անհաջողակների մասին

Սա Երևանի Շիրակի փողոցում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերից մեկն է, որը ենթակա է քանդման։

Բնակիչների խոսքով՝ հույսները վաղուց կորցրել են, որ շենքը ապամոնտաժվելու է և իրենց տեղափոխելու են այլ վայր։ Պատմեցին, որ տարիներ առաջ իրենց վերաբնակեցնելու մասին քննարկում է եղել քաղաքապետարանում։

Սայլը տեղից այն ժամանակ չի շարժվել՝ բնակիչների և քաղաքապետարանի միջև ինչ-ինչ հարցերում անհամաձայնության պատճառով։ Դրանից հետո պետական մարմինները մոռացել են այս շենքի գոյության մասին՝ վերաբնակեցման ծրագիրը դադարեցվել է անհայտ ժամկետով։

Հաջողակների մասին

Քաղաքային իշխանությունը վերջին ամիսներին քննարկում էր մեկ այլ՝ Արցախի 8 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի վերաբնակեցման ծրագիրը։

Եվ օրեր առաջ հայտարարվեց, որ շենքի 81 ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրվող բնակարաններ։ Մյուսները ժամանակավորապես կտեղավորվեն բնակարաններում, որոնց վարձավճարները կփոխհատուցի քաղաքապետարանը՝ մինչև ավարտվի հատուկ այս մարդկանց համար քաղաքի միջոցներով կառուցվող բնակելի շենքի կառուցումը:

Հաջորդիվ քաղաքապետարանը նախատեսում է վերաբնակեցնել Արցախի 10 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին։

Սակայն անհայտ է, թե երբ բոլոր վթարային շենքերից կտարհանվեն դրանց բնակիչները։ Քաղաքային իշխանությունն այս հարցի վերջնական լուծման հստակ ժամանակացույց չունի։


Կարդալ ավելին JAMnews-ում