Քաղաքապետարանն ու Եվրամիությունը մեկ միլիոն եվրոն գերազանցող բյուջեով վերականգվող էներգիայի օգտագործման համատեղ ծրագիր են իրականացնում" />

Երևանի բազմաբնակարան շենքերի վրա արևային մարտկոցներ են տեղադրում

Քաղաքապետարանն ու Եվրամիությունը մեկ միլիոն եվրոն գերազանցող բյուջեով վերականգվող էներգիայի օգտագործման համատեղ ծրագիր են իրականացնում

Երևանի քաքաղապետարանն ու Եվրամիությունը վերականգնվող էներգիայի օգտագործման համատեղ ծրագիր են իրականացնում։ Այն կոչվում է «Եվրամիությունը՝ Երևանի համար։ Արևային համայնք»։

Նախագծի նպատակն էներգիայի սպառման, հետևաբար նաև՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազումն է, խոսքը տարեկան 850 տոննայի մասին է։ Համատեղ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 250 հազար եվրո։

Հայկական ատոմակայանն էլ ավելի անվտանգ է դարձել․ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների գնահատականը

Էներգետիկ կոլապս Հայաստանում։ Ժամանակավորապես հոսանքազրկվել էր ողջ երկիրը

Ի՞նչ է արվելու

Քաղաքապետարանի և Եվրամիության համատեղ ծրագրի շրջանակում ենթադրվում է․

• արևային մարտկոցների տեղադրում Երևանի 90 բարձրահարկ բնակելի շենքերի վրա,

• քաղաքի բակերում բոլոր լապտերների փոխարինում լուսավորության էներգախնայող համակարգերով,

• սոցիալապես անապահով ընտանիքներին էներգախնայող ջահերով ապահովում։

Արևային մատկոցներ ԵՄ-ից՝ երևանյան կանգառներում

Ավելի վաղ՝ 2017թ-ին, ԵՄ հետ համագործակցության շնորհիվ, Երևանում հանրային տրանսպորտի կանգառներ են հայտնվել, որոնց վրա արևային մարտկոցներ են տեղադրվել։ Դրանց օգնությամբ կարելի է լիցքավորել բջջային հեռախոսները, պլանշետներն ու այլ սարքերը։ Արևային մարտկոցների տեղադրումից հետո կանգառներից մեկում է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա այն անվանել է «Եվրամիության արևային կանգառ»․

«Հայաստանը հարուստ է արևով, և պետք է օգտվել այդ բնական բարիքից։ Էներգետիկայի ոլորտն առաջնահերթություն է Հայաստանում, այդ պատճառով էլ Եվրամիությունը տեղական, համայնքային և պետական մակարդակով էներգաարդյունավետության զարգացման համար երկարաժամկետ օգնություն է տրամադրում»։

Ինչո՞ւ է դա կարևոր

Կառավարությունը կարծում է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի արևային և հողմաէներգետիկայում, և իշխանությունները մտադիր են ավելացնել վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը։

Այդ նպատակով երկրում մինչև 120 մՎտ հզորությամբ հինգ արդյունաբերական արևային կայան կկառուցվի։

Այժմ Հայաստանում գործում է տարբեր հզորության տասն արևային կայան։

Լրացուցիչ ներդրումներ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում զգալի ներդրումներ կարող են արվել Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից։ Հայաստանի «Պետական շահերի հիմնադրամն» ու «Մասդար» ընկերությունը ներդրումների մասին հուշագիր են ստորագրել։ Ըստ նախնական տվյալների՝ սկզբնական փուլում դրանց ծավալը կարող է կազմել 500 մլն դոլար։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ «Մասդար» ընկերությունը մտադիր է Հայաստանում արևային և հողմակայաններ կառուցել, որոնց ընդհանուր հզորությունը հասնելու է 500 մՎտ։ Կառավարությունն այդ ներդրումները Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ լուրջ ներդրում է համարում։

Հայաստանի էներգահամակարգն ու վերականգնվող էներգետիկան

Այժմ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը չի գերազանցում երկրում արտադրվող էներգիայի ընդհանուր ծավալի մեկ տոկոսը։

Էներգետիկ համակարգը բավականին դիվերսիֆիկացված է և կազմված է ատոմային, ջերմային և հիդրաէներգետիկայից։

Երկրում գործում է Մեծամորի ատոմակայանը, որն արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։ Եվս 40% բաժին է ընկնում երկու խոշոր ջերմաէլեկտրակայաններին։

Հիդրաէներգետիկան ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 20%-ը։ Հիմնականում դրանք փոքր ՀԷԿ-երն են, որոնք թիվն, ըստ 2018թ-ի տվյալների, կազմում է 184։

Հայաստանն իրանական կողմի հետ համատեղ հետաքրքրված էր նաև տարածաշրջանում Մեղրիի խոշորագույն ՀԷԿ-ի շինարարության նախագծի իրականացմամբ, սակայն իրականացման ակտիվ փուլին դեռ չի հաջողվել անցնել։

Ինչո՞ւ է էներգետիկ անվտանգության հարցը կրկին արդիական

Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին փորձագետները սկսեցին խոսել խոշոր էներգետիկ վթարից հետո, որը տեղի ունեցավ այս տարվա հուլիսին։ Այն ժամանակ ողջ Հայաստանում էլեկտրամատակարարման հետ կապված մասշտաբային խնդիրներ գրանցվեցին։ Երևանում ստիպված էին տարհանել մետրոյի ուղևորներին․ վագոնները կանգ էին առել հենց թունելներում։ Էներգետիկ համակարգում տեղի ունեցած տատանումների պատճառով խաթարվել էր նաև բջջային և ինտերնետ-կապի օպերատորների աշխատանքը։

Այդ իրավիճակը ստեղծվել էր Երևանի ջերմաէլեկտրակայանում և Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկում ծագած խնդիրների պատճառով։


Կարդալ ավելին JAMnews-ում