«Եթե պատկերացնենք, որ շենքերը քաղաքի հագուստն են, ապա քանդակները կարելի է համարել զարդերը», - ճարտարապետ" />

Երևանի անհայտ արձանները՝ լուսանկարներով

«Եթե պատկերացնենք, որ շենքերը քաղաքի հագուստն են, ապա քանդակները կարելի է համարել զարդերը», - ճարտարապետ

Երևանում կան քանդակներ, որոնք ոչ բոլորին են հայտնի: Ընդ որում դրանց մի մասը գտնվում է հենց կենտրոնական փողոցների վրա:

JAMnews-ը ներկայացնում է «թաքնված» մի քանի քանդակ: Դրանց գեղագիտական արժեքի մասին ոչ մի արվեսատգետ չկարողացավ մեզ մեկնաբանություն տալ, քանի որ նրանք էլ ծանոթ չէին այս գործերին: Եվ միայն քաղաքապետարան հարցում ուղարկելուց հետո կարողացանք պարզել, թե ինչ աշխատանքներ են դրանք և ովքեր են դրանց հեղինակները, այն էլ ոչ բոլորի: Այն գործերը, որոնք պատկանում են որևէ կազմակերպության կամ անհատի, ոչ թե քաղաքային իշխանություններին, չեն գրանցված քաղաքապետարանի ցանկում:

«Վանեցի աղջիկ», հեղինակ` Հռիփսիմե Սիմոնյան

Հռիփսիմե Սիմոնյանի «Վանեցի աղջիկ» աշխատանքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոց – Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկից քիչ վերև, տեղադրվել է 1975-ին։

Նույն հեղինակի մեկ այլ անհայտ աշխատանք տեղադրված է մայրաքաղաքի ոչ կենտրոնական մասում և կոչվում է «Մայրություն»:

«Մայրություն», կամ «Ընտանիք», հեղինակ՝ Հռիփսիմե Սիմոնյան, ճարտարապետ՝ Արծվին Գրիգորյան: Պատրաստված է հրակայուն կավից

Իսկ հաջորդ քանդակը «Գաֆեսչյան թանգարանի» հավաքածուից է: Արագիլը գտնվում է Խորհրդային Հայաստնի 50-ամյակի հուշարձանին հարող սիզամարգում՝ Երևանի հյուսիսային բարձունքի եզրին:

Արագիլը՝ «Գաֆեսչյան թանգարանի» հավաքածուից 

Քաղաքապետարանից ստացված հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ հաջորդ աշխատանքը կոչվում է «Բարերարների ճեմուղի», դրա հեղինակն է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Նա այս նույն ոճի այլ գործեր էլ է քանդակել, որոնք տեղադրված են Երևանի տարբեր հատվածներում և հայտնի են շատերին՝ ի տարբերության այս մեկի:

«Բարերարների ճեմուղի», հեղինակ՝ Ֆերդինանդ Առաքելյան

Այս աշխատանքը տեղադրված է մայրաքաղաքի Նոր Նորքի վարչական շրջանում: Դրա հեղինակն է քանդակագործ Գևորգ Մշեցին:

«Վարդան Մամիկոնյան. Ավարայրի ճակատամարտ. 451թ.», հեղինակ՝ Գևորգ Մշեցի

Կոմիտասի անվան կամերային համերգասրահին կից ջրավազանների մոտ գտնվող այս աշխատանքը կոչվում է «Պար»: Հեղինակն ու տեղադրման ժամկետը չհաջողվեց պարզել:

«Պար»

Մի փոքր երևանյան քանդակագործության մասին

«Եթե պատկերացնենք, որ շենքերը քաղաքի հագուստն են, ապա քանդակները կարելի է համարել զարդերը: Քանդակ ստեղծողն, իհարկե, քանդակագործն է, բայց քաղաքում տեղադրվող արձանները, որպեսզի համապատասխանեն քաղաքային միջավայրին, կարևոր է, որ իրականացվեն ճարտարապետների հետ համատեղ: Միասին ընտրվեն արձանի չափսերը, տեղը, քարի գույնը և այլն: Հայաստանում, սական, ոչ բոլոր արձաններն են համապատասխանում միջավայրին», – կարծում է ճարտարապետ Տիգրան Գալստյանը:

Նա ասում է, ոև Երևանի արձանների մեծ մասը տեղադրվել է խորհրդային տարիներին: Եվ դա է պատճառը, որ այդ արձանները փոքր-ինչ նման են իրար, դրանք անգամ կարելի է շփոթել: Ըստ ճարտարապետի՝ քանդակները պետք է փոխանցեն այն ժամանակաշրջանի շունչը, որում ստեղծվել են:

Մարդիկ, քանդակներին նայելիս, պետք է լցվեն այդ տարիների մշակութային, քաղաքային էներգիայով: Այնինչ, երևանյան մի շարք արձաններ, անգամ այն մասը, որ տեղադրվել է անկախություն ձեռքբերելուց հետո, դեռ շարունակում են սովետական շունչը պահպանել:

Միաժամանակ, նրա խոսքով, ոչ հաճախ, երբեմն տեղադրվում են ժամանակակից արվեստի գործեր՝ պատրաստված պոլիէթիլենից, շշերից, անիվներից, մետաղական թափոնից և այլն, որոնք թարմություն են հաղորդում քաղաքին:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ասում է, որ քանդակները քաղաքային տարածքում ունեն այն նույն դերն, ինչ շատ գեղեցիկ ելակի տորթի վրա 1-2 գեղարվեստական նշանակություն ունեցող ելակները.

«Եթե դրանք չլինեն, ապա քաղաքային տարածությունը կշարունակի լինել տարածություն, բայց առանց դրանց, կարծես թե, ինչ-որ բան պակասում է։ Այսինքն, քաղաքային կառուցապատված որակյալ տարածքում դրանք գրեթե պարտադիր են։ Այստեղ շատ կարևոր է, որ դրանք իրապես լինեն 1-2-ը և ելակի միջուկով տորթի դեպքում չլինեն, օրինակ, շագանակ»:

Սաևհատի կարծիքով, քանդակները պետք է լինեն միջավայրային ու նորարար, սակայն Երևանում, հատկապես վերջին շրջանում, նման նշանակալից օրինակներ դժվար է առանձնացնել:

Ձեռք չտալ արձաններին

Երևանում շատ արձանների դիպչել չի կարելի. դրանք կամ հսկվում են այն մասնավոր տարածքների անվտանգությունը ապահովող անձանց կողմից, որտեղ տեղադրված են, կամ էլ շրջապատված են շղթաներով: Տիգրան Գալստայնն ասում է, որ իր համար զարմանալի է, ինչո՞ւ են քանդակները «հեռու պահում» իրենցով հիացողներից.

«Արձանը կենդանի է մնում, երբ մարդիկ գալիս են, փաթաթվում են, որ նկարվեն, ձեռքները դնում են արձանի ուսին՝ ինչպես Հռոմում, Ամստերդամում, Բարսելոնայում կամ աշխարհի մյուս քաղաքներում: Ես չեմ հասկանում, թե ինչու են արձաններին այդպես շրջափակում ու թույլ չեն տալիս մարդկանց դիպչել դրանց, օրինակ՝ Մադրիդում Բոտեռոյի արձանի վրա զբոսաշրջիկները պառկում են, կանգնում են, որ նկարվեն, իսկ Երևանում նույն Բոտեռոյի արձանին դիպչել չի կարելի, նույնը Ինդիանայի և մյուս քանդակագործների արձանների է վերաբերում:

Ինչպե՞ս կարելի է մտածել, որ բաց երկնքի տակ դրված արձանները կարող են փչանալ, եթե մարդը ձեռք տա դրանց: Խոսքն իհարկե ծայրահեղ դեպքերի մասին չէ, երբ ոմանք հատուկ փչացնում են դրանք»:

Սարհատ Պետրոսյանն ասում է, որ Երևանում չի թույլատրվում դիպչել այն քանդակներին, որոնք մասնավոր կազմակերպությանն են պատկանում կամ որևէ անհատի.

«Եթե այլ երկրում մենք տեսնում ենք մեկ աշխարհահռչակ հեղինակի գործ, որը կարող է մի քանի հարյուր հազար դոլար արժենալ, ապա այն կամ պատկանում է քաղաքին, կամ որևէ կազմակերպության, որն իր բազմաթիվ թանկարժեք գործերից բաղկացած հավաքածուի մեկ օրինակը տեղադրելով հանրային տարածքում, պատրաստ է կորցնել դրա արժեքի մի մասը ոչ պատշաճ պահպանության հետևանքով։

Մեզանում շատ կենցաղային մակարդակի վրա է այս խնդիրը, բայց տնտեսական հարց է, որն ի վերջո վերածվում է մշակութային խնդրի։ Եթե հիշում եք որոշ քանդակներ Երևանում տեղադրման սկզբում շատ ավելի հասանելի էին, սակայն ենթադրաբար մեր համաքաղաքացիների և հյուրերի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով ի վերջո որոշվել է դրանք «պաշտպանել»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում