Իրանի հետ սահման, վատ ճանապարհներ, մեկական աշակերտ դասարաններում, նուռ, թուզ ու արքայանարինջ՝ այս ամենի մասին հենց նռնաձորցիների խոսքերով" />

Կյանքը հայկական գյուղում, ուր նախկինում ադրբեջանցիներ էին ապրում

Իրանի հետ սահման, վատ ճանապարհներ, մեկական աշակերտ դասարաններում, նուռ, թուզ ու արքայանարինջ՝ այս ամենի մասին հենց նռնաձորցիների խոսքերով

Նռնաձոր գնալիս, վարորդները համագյուղացիներից շատերի համար տնտեսական ապրանքներ ու մթերք են գնում Մեղրիի տարբեր խանութներից: Այս գյուղից մինչև մայրաքաղաք մոտ 400 կմ է, այն ամենահեռավորն է Երևանից և սահմանակից է Իրանին: Բայց նույնիսկ մոտակա Մեղրի քաղաք նռնաձորցիներն անհրաժեշտ գնումների համար ամեն օր կամ գոնե օրը մեջ չեն կարող հասնել:

«Մեր գյուղը հենա հա Հայաստանի վերջին կետն է: Մեղրի եկող տրանսպորտը շաբաթվա մեջ երկու օր է, դա էլ մի տարի է, ինչ համայնքապետարանը տրամադրել է: Գյուղում էլ խանութ չունենք: Մեկս մեկին օգնելով ապրում ենք», – ասում է 23-ամյա Թաթուլ Մնեյանը:

Մեղրիից դեպի Նռնաձոր ճանապարհի 30 կմ-ից՝ 13-ը գրունտային է, ինչը խիստ անհարմարություններ է ստեղծում գյուղ գնացող-եկողների համար: Ճանապարհն անցնում է Արաքս գետի հովտով:

Արաքսն այն բաժանարար սահմանային գետն է, որն ընկած է Հայաստանի ու Իրանի միջև: Արաքսի այն ափին տեսանելի են պարսկական գյուղերը՝ մինարեթների աշտարակներով, երթևեկող մեքենաները, դաշտերում աշխատող իրանցիները:

Հայաստանը ավարտվում է, կամ սկսվում է Արաքսի հովտում, երկու կողմերից լեռների արանքում ծվարած Նռնաձորով, որը տարվա այս եղանակին շաղախված է նռան ծաղկած այգիներով:

Գյուղի  բարձրադիր հատվածում երբեմնի տներից մնացած ավերակներ են, ավելի ցածրադիր գոտում՝ ապրում են Նռնաձորի նոր բնակիչները:

«Խորհրդային տարիներին գյուղը բնակեցված է եղել միայն ադրբեջանցիներով, կոչվել է Նյուվադի: Բավականին մեծ է եղել, միայն դպրոցը հազար աշակերտ է ունեցել՝ երկու հերթափոխով:

Ադրբեջանցիները գյուղը լքում են մեկ օրում և բոլորով միասին՝ 1991 թվականի օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունները առավել սրված էին: Գյուղում որևէ բախում տեղի չի ունենում: Տեղական իշխանությունը ապահովում է ադրբեջանցիների խաղաղ անցումը: Միայն  մեկ ադրբեջանցի էր մնացել՝Հեյդարը: Նա էլ Հայաստանից հեռանում է երկու տարի անց», – ասում է Նռնաձորի վարչական պատասխանատու Ալեքսան Բոյաջյանը:

Ավելի ուշ այստեղ ապրելու են տեղափոխվում ընտանիքներ ամենատարբեր շրջաններից՝ Գյումրիից, Կապանից, Գորիսից, Արմավիրից: Մեծ թիվ են կազմում նաև Գետաշենից տեղահանվածները: 1991 թվականին, սովետական զորքերի «Կոլցո» Լեռնային Ղարաբաղի շուրջ իրականացրած օպերացիայից հետո, այս գյուղի հայ բնակչությունը տեղահանվեց, ոմանք ընտանիքներով եկան այստեղ:

Ա լեքսանդր Չիչյանը 71 տարեկան է,  կարոտով է խոսում իր ծննդավայրի՝ Գետաշենի մասին: Ասում է, այնտեղ է թողել անցյալն, իսկ այստեղ, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, փորձել է ամեն ինչ սկսել նոր էջից:

«Մասնակցել եմ Գետաշենի ինքապաշտպանությանը, երկու տարի դիրք եմ պահել: Հայաստանում այս գյուղը առաջարկեցին, տեղն էլ չգիտեինք: Մեր հագի շորերով, առանց որևէ բան վերցնելու, դուրս եկանք Գետաշենից՝ ես, կինս ու փոքր տղաս, չորս մեծ երեխեքիս ավելի շուտ էի ուղարկել Հայաստան՝ բարեկամներիս մոտ», – պատմում է Ալեքսանդր Չիչյանը:

Նրա կինը, Սիրանը, ասում է, որ Նռնաձորում կյանքը զրոյից սկսելը հեշտ չէր.

«Գետաշենցիներից շատերը լքեցին Նռնաձորը, գնացին Ռուսաստան, մենք մնացինք: Երկու տղաս ու աղջիկս էլ են այս գյուղում են»:

Նրան ընդհատում է ամուսինը.

«Ես սիրում եմ Հայաստանը, դրա համար էլ մնացինք Հայաստանում, հարգում եմ իմ հայրենիքը: Վատ է, լավ է՝ սա է»:

Նռնաձորում կյանքը հեշտ չէ՝ ոչ միայն այս ընտանիքի համար, արդյունքում վերջին 15 տարիներին վերաբնակվողներից շատերը դուրս են եկել:

«Այսօր 42 տնտեսություն ունենք՝ 128 բնակիչ, մինչդեռ 1990-ականներին կրկնակի էր այս թիվը: Մարդիկ կարծում էին, որ հեշտ է լինելու, բայց չդիմացան գյուղատնտեսական աշխատանքներին: Այսօր մնացողների թիվն արդեն կայուն է: Գյուղացիները ապրում են ադրբեջանցիների նախկին տներում, իհարկե շատերը վերակառուցել են, նորոգել, նրանց նաև հողամասեր են տրամադրվել», – ասում է գյուղի  վարչական պատասխանատու Ալեքսան Բոյաջյանը:

Նռնաձորի բրենդն են համարվում նուռը, թուզը և արքայանարինջը: Սակայն գյուղը Մեղրիի հետ կապող վատ ճանապարհը խնդիրներ է առաջացնում մեկ գյուղատնտեսական տարում 200 տոննայից ավել նուռ ստացող համայնքի համար:

Սիրան Չիչյանն ասում է, մեկ հեկտարից 2-2.5 տոննա նուռ են ստանում, բայց բերքի վաճառքից ստացված գումարը հազիվ է բավարարում տնտեսությունը պահելու համար.

«Ասֆալտ չկա, չենք կարողանում շուկա հասցնենք նուռը: Վերավաճառողները ինձնից տանում են 250 դրամով, վաճառում՝ 1000 դրամով, ես որ չեմ կարողանում ինքս տանեմ, ո՞ւմ բողոքեմ»:

Գ յուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի 69-ամյա Լյուբա Մուրադյանն իր կյանքի 19-ը տարիները անցկացրել է Նռնաձորում: Այստեղ է տեղափոխվել ամուսնու, երկու տղաների հետ: Այստեղ են ծնվել նրա հինգ թոռները:

«Նռնաձորը մագնիսի նման ձգում էր: Մեղրիում թողեցի մանկավարժի աշխատանքս, այստեղ տեղավորվեցի դպրոցում: Սա ադրբեջանցու տուն է եղել, երկու սենյակով, երկար պատշգամբով, մենք ձևափոխեցինք այն: Նռնաձորի հին ու նոր  բնակիչները միմյանց չեն տեսել, երբ մենք եկանք, այս գյուղում միայն գետաշենցիներն էին», – ասում է Լյուբան:

Նա ցավում է, որ աշակերտների թիվը գնալով նվազում է.

«Ուրախացանք, որ էս տարի երկու երեխա ունեցանք առաջին դասարանում: Եկող տարի էլ կունենանք: Երկրորդում  մեկ աշակերտ ունենք, երրորդում՝ երեք, չորրորդում՝ չունենք, հինգում ու վեցում՝ երկու, յոթում՝ մեկ, ութում՝ մեկ, այ 9-ում շատ են՝ հինգ հոգի, 10-ում՝ 8 հոգի, 11-ում և 12-ում մեկական աշակերտ ունենք»:

Մ ասնագիտությամբ հոգեբան Աննա Բաբայանը բուհն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, աշխատում է դպրոցում, դասավանդում է ռուսերեն, անգլերեն.

«Փորձում ենք եղածով լրացնել մասնագետների պակասը: Չունենք պատմություն, աշխարհագրություն, քիմիայի, կենսաբանության, պատմության, ռուսաց լեզվի, անգլերենի մասնագետներ»:

Աննան իր ապագան չի կապում գյուղի հետ.

«Մենք այստեղ շատ բաներից զուրկ ենք մեծացել, մեր գյուղն է, մեր հողը՝ սիրում եմ, բայց ուզում եմ ավելի մեծ առաջընթաց ունենալ: Մենք այնքան հրաշալի երեխաներ ունենք, բայց նրանք ոչնչից չեն օգտվում, անգամ Մեղրի չեն կարողանում հասնել որևէ խմբակի հաճախելու համար: Տրանսպորտը կա միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին»:

Ալեքսան Բոյաջյանը համոզված է. ճանապարհի հարցը կարգավորելուց հետո գյուղի խնդիրները կլուծվեն.

«Ճանապարհը կլուծի և դպրոցի, երեխաների հարցը, գյուղացիների հոգսը կթեթևանա: Հաճախ այս ճանապարհի պատճառով վերավաճառողները գերադասում են հարևան Շվանիձորից նուռը տանել, բայց մեզ մոտ չհասնել»:

Այնուհանդերձ, դժվարություններին հակառակ Նռնաձորում նոր այգիներ են տնկվում:  

 

«Այնքան փոքր է մնացել մեր հայրենիքը, որ ամեն մի փոքր հողի կտորը կարևոր է մեզ համար, այդ թվում և այս գյուղը», – ասում է Ալեսան Բոյաջյանը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում