Հայաստանը Ռուսաստանի հովանու ներքո գործող այդ կազմակերպության անդամ է և վետոյի իրավունք ունի " />

Երևանը պատրաստ է արգելափակել Բաքվի մուտքը ՀԱՊԿ ռազմական դաշինք՝ ցանկացած ձևաչափով

Հայաստանը Ռուսաստանի հովանու ներքո գործող այդ կազմակերպության անդամ է և վետոյի իրավունք ունի

ՀԱՊԿ, Ռուսաստան, Ադրբեջան

Ռուսաստանում չեն բացառում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմամկերպության (ՀԱՊԿ) շրջանակում Ադրբեջանի հետ համագործակցության հնարավորությունը։ Դրանում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակի հնարավոր  շնորհման մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Երևանը պատրաստ է արգելափակել Բաքվի մուտքը ՀԱՊԿ ռազմական դաշինք, որին անդամակցում է նաև Հայաստանը։

ՀԱՊԿ-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Ռուսաստանի հովանու ներքո գործող տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է։ Ինչպես նշված է ՀԱՊԿ կանոնակարգում, կազմակերպության նպատակները «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումն է, հավաքական հիմքի վրա անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը»։

 

Կազմակերպությունը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ տարածքում 1992թ-ին վերջինիս փլուզումից հետո: Վրաստանն, Ադրբեջանն ու Ուզբեկստանը շատ շուտ լքեցին կազմակերպության շարքերը, և այժմ ՀԱՊԿ 6 անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Ինչից սկսվեց քննարկումը

Այն մասին, որ Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի ստացումը իրեն ոչ բարեկամ պետության կողմից, սկզբից հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նա այդ մասին խոսել է Արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Դրա ընթացքում քննարկվում էին ՀԱՊԿ-ի կանոնակարգում կատարվելիք փոփոխությունները։ Որոշ պատգամավորներ մտահոգ էին, որ Ադրբեջանը կարող է դիտորդի կամ գործընկերրոջ կարգավիճակ ստանալ դաշինքում, որի անդամ է Հայաստանը։

Ինչպես պատգամավորներին ասել է փոխարտգործնախարարը, ՀԱՊԿ-ի նպատակն իր անդամների անվտանգությունն է։ Այն դեպքում, երբ որևէ երկիր ուղղակիորեն սպառնում է Հայաստանի անվտանգությանն, ապա որևէ կարգավիճակի ստացման փորձերի արգելափակման համար լրացուցիչ փաստեր պետք չեն։ Եվ Հայաստանն անհանգստության որևէ պատճառ չունի, քանի որ ՀԱՊԿ կանոնակարգը նախատեսում է․ նման կարգավիճակ ունեցող երկրներն իրենց վրա են վերցնում կազմակերպության անդամների դեմ գործողություններ չձեռնարկելու պարտավորություն։

Այն մասին, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ կամ նույնիսկ դիտորդ երբեք չի լինի, Հայաստանի վարչապետը խոսել էր դեռևա 2018-ի հոկտեմբերին։

Ըստ Փաշինյանի՝ Երևանը երբեք չի համաձայնի, որ երկիրը, որը «երկար տարիներ գնդակոծում է» Հայաստանի բնակավայրերը, դառնա «մեզ համար գլխավոր ռազմաքաղաքական կազմակերպության անդամ կամ նույնիսկ դիտորդ»։

 Փոխարենը Ռուսաստանը դեմ չէ

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ստանա․

«Մենք շատ կշռադատված և լրջամիտ քաղաքականություն ենք վարում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ երկրներին, ինչպես նաև Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանն, ապա հավատացեք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ [ղարաբաղյան] համակարտության վերսկսման հարցում և, ընդհակառակը, նպաստելու է, որ այն լուծվի»։

ՀԱՊԿ, Ռուսաստան, Ադրբեջան

Լուսանկարը՝ azatutyun.am

Սակայն ավելի ուշ Բորիսովը հավելել է, որ, եթե Հայաստանը դեմ լինի, Ադրբեջանը չի կարող որևէ կարգավիճակ ստանալ կազմակերպությունում։

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին է խոսել նաև  կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը․

«Ցանկացած պետություն կարող է ցանկություն արտահայտել դառնալու անդամ, դիտորդ և գործընկեր, սակայն միշտ կան որոշակի սահմանափակումներ, որոնք ամրագրված են նորմատիվային փաստաթղթերում։

Եկեք հիմնվենք ՀԱՊԿ-ում ընդունված նորմատիվային-իրավական բազայի վրա։ Բոլոր որոշումները, հատկապես՝ անդամակցության, դիտորդության, գործընկերության վերաբերյալ, ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Եթե չլինի թեկուզ մեկ անդամ պետության համաձայնություն, որոշում չի լինի»։

Փորձագիտական կարծիք

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Եվրախորհրդում Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակ անդամակցության հետ կապված խնդիր չկա, քանի որ այն ռազմաքաղաքական դաշինք չէ։ Բայց ՀԱՊԿ-ն այլ հարց է, դա այն կազմակերպությունն է, որը պետք է Հայաստանը պաշտպանի արտաքին ագրեսիայի դեպքում․

«Հայաստանն Ադրբեջանի հետ ունի չլուծված խնդիր, և բնական է, որ մեր երկիրը, ելնելով իր արտաքին քաղաքական շահերից, չպետք է թույլ տա, որպեսզի այդ դաշինքի մեջ լինի իր հետ ռազմական կոնֆլիկտի մեջ գտնվող Ադրբեջանը»։

Այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում արտահայտվել է նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը․

«Պաշտոնական Բաքուն վաղուց է զոնդաժ անում և փորձում ընկալել, թե Հայաստանն ինչ դիրքորոշում կհայտնի իր ՀԱՊԿ-ում դիտորդ կամ անդամ դառնալու հարցի վերաբերյալ։ Ադրբեջանը ոչ մի պարագայում չպետք է ո՛չ դիտորդի կարգավիճակ ստանա, ո՛չ էլ անդամակցի ՀԱՊԿ-ին, նույնիսկ, եթե դա ցանկանան ՀԱՊԿ անդամ բոլոր մեր “գործընկերները”»։


Կարդալ ավելին JAMnews-ում