Շուրջ երեք անգամ կկրճատվի առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը" />

Երևանը կազատվի միկրոավտոբուսներից՝ «մարշրուտկաներից». ներդրվում է տրանսպորտային նոր ցանց

Շուրջ երեք անգամ կկրճատվի առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը

Երևանի համար մշակվել է տրանսպորտային նոր ցանցի նախագիծ, որի համաձայն մայրաքաղաքում գործելու է ավելի քիչ փոխադրամիջոց: Նախատեսվում է ավելացնել տրոլեյբուսների ու ավտոբուսների քանակը, ակտիվացնել մետրոն, գործածությունից հանել միկրոավտոբուսները։ Առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը կկրճատվի շուրջ երեք անգամ.

  • 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի,
  • 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939-ը։

Նախագծի հեղինակները հավաստիացնում են. տրանսպորտային միջոցներն, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

«Տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի ու պատշաճ սպասարկում։ Ի պատիվ խորհրդատու կազմակերպության, պետք է նշեմ, որ իսկապես մանրակրկիտ աշխատանք է կատարվել նոր ցանցի նախագծման շրջանակում», – ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Նրա խոսքով, փոխադրումները կազմակերպվելու են միակցված ավտոբուսներով, որոնք կունենան 18 մետր երկարություն՝ մինչև 150 ուղևոր տեղափոխելու հնարավորությամբ: Գործածության մեջ կդրվեն նաև 12 մետր երկարությամբ ավտոբուսներ՝ 90-100 ուղևոր փոխադրելու համար:

«Նոր մոդելի կիրառման համար գործելու է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ: Ներդրվելու են էլեկտրոնային չվացուցակների հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային և վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն՝ ժամանակից տեխնիկական միջոցներով»,- ասել է Նիկոյանը:

Այսպիսով, Հայաստանում առաջին անգամ իրականացվում է հասարակական տրանսպորտի մասնագիտորեն հիմնավորված ցանցի նախագծում։ Այն իրականացվել է խորհրդատու WYG ընկերության կողմից:


Կարդալ ավելին JAMnews-ում