Սելեկտիվ աբորտներն Ադրբեջանում. ի՞նչ անել " />

Երկրորդ տեսակի երեխաներ

Սելեկտիվ աբորտներն Ադրբեջանում. ի՞նչ անել

Տարեցտարի Ադրբեջանում աճում է սելեկտիվ աբորտների քանակը: Հղիության ընտրովի ընդհատման վիճակագրություն չկա, այդ պատճառով ստիպված ենք կողմնորոշվել իրավապաշտպան կազմակերպությունների հետազոտությունների արդյունքներով: Իսկ այդպիսի հետազոտությունների համար առիթ է ծառայում գենդերային դիսբալանսը. Ադրբեջանում ծնված 100 աղջկան բաժին է ընկնում 117 տղա: Հանրապետության գլխավոր մանկաբույժ Նասիբ Գուլիևի խոսքով՝ նորածինների շրջանում գենդերային դիսբալանսի պատճառը հենց սելեկտիվ աբորտներն են:

Այդ երևույթը լայն տարածում ունի. ընտանիքները, որոնք ցանկանում են անպայման տղա ունենալ, ազատվում են երեխայից հղիության 3-րդ ամսում արված ուլտրաձայնային հետազոտությունից հետո, եթե դա աղջիկ է:

Մեզ աղջիկներ պետք չեն

8-ամսական Ռենայի հետ ես ծանոթացա «Ադրբեջանի երեխաների միություն» ոչ կառավարական կազմակերպությանը կից Անապաստան երեխաների վերաինտեգրացիոն կենտրում: Նա այնտեղ է հայտնվել իր 23-ամյա մոր հետ: Կինը փողոցում ոստիկաններին ասել է, որ գնալու տեղ չունի, իսկ նրանք կնոջը բերել են այս ապաստան:

Ամուսինը պահանջել է ազատվել երեխայից, աղջկան ինտերնատ հանձնել, քանի որ տղայի է սպասել, բայց աղջիկ է ծնվել: Նա մորն ու երեխային փողոց է վռնդել:

Սա սելեկտիվ աբորտի մասին պատմություն չէ, սակայն այն արտացոլում է խնդրի պատճառները. շատ ադրբեջանցիներ դեռևս կարծում են, որ աղջիկը երկրորդ տեսակի երեխա է: Չնայած որ նման դիրքորոշումը քննադատում է և ակտիվ հանրություը, և իսլամական հոգևորականությունը, և պաշտոնյաները:

ՄԱԿ ազգաբնակչության հարցերով հիմնադրամի ադրբեջանական ներկայացուցչության խորհրդական Ֆարիդ Բաբաևի պնդմամբ՝ Ադրբեջանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում նորածինների շրջանում սեռերի հարաբերակցության խախտման ցուցանիշով:

«Ներկա պահին Ադրբեջանում 10-11%-ով ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ: Եթե այդ խնդրին լուրջ ուշադրություն չդարձվի, գենդերային անհավասարակշռությունը մի քանի տասնյակ տարուց Ադրբեջանի համար իսկական ժողովրդագրական աղետ կդառնա», – կարծում է Բաբաևը:

Ինչո՞ւ մեզ աղջիկներ պետք չեն

Նարմինե Մամեդովան [անունը փոխված է էթիկական նկատառումներով – հեղ.] 27 տարեկան է, նա մայրաքաղաք է եկել Բիլյասուվար քաղաքից: Մի քանի տարի առաջ ամուսնու և սկեսուրի ճնշման տակ նա ազատվել է պտղից:

«Ամուսինս հենց տղա էր ուզում և սպառնում էր ինձ երեայի հետ մեկտեղ վռնդել տնից, եթե աղջիկ ունենամ: Երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մեզ ասացին, որ աղջկա ենք սպասում, երկու շաբաթ չէի կարող նման որոշում ընդունել: Լացում էի, խնդրում, աղերսում: Սակայն ինձ այնուամենայնիվ տարան աբորտի: Դրանից հետո էլ չէր ստացվում հղիանալ: Եվ ինձնից ազատվեցին, ինչպես այդ երեխայից», – պատմում է Նարմինան:

Բաքվում Նարմինան միայնակ է ապրում, էժան բնակարան է վարձում և մատուցողուհի է աշխատում: Ծնողների հետ գրեթե չի շփվում. ամոթ է, նրանք էլ այնքան ուրախ չեն իր հետ շփվել: Եվ ոչինչ էլ իր կյանքից չի սպասում:

«Մաքուր աշխարհ» կանանց օգնության հասարակական միավորման նախագահ Մեհրիբան Զեյնալովայի խոսքով՝ սելեկտիվ աբորտների տարածվածությունը կապված է կանանց հանդեպ հասարակությունում առկա վերաբերմունքի հետ:

«Սեռական հատկանիշով աբորտները կանանց հանդեպ խտրականություն են: Այդ խնդիրն ամենաշատն արդիական է այն երկրներում, որտեղ կանանց իրավունքների խախտում է նկատվում: Իգական սեռի երեխաներից ազատվող ընտանիքներում աղջիկներին վերաբերվում են որպես «երկրորդ տեսակի» երեխաների», – ասում է Զեյնալովան:

Նրա կարծիքով՝ մեծ մասամբ սելեկտիվ աբորտների նախաձեռնողները տղամարդիկ են լինում:

Ինչո՞վ են տղաներն աղջիկներից լավը: Տղաներին ընկալում են որպես ազգը շարունակողի, նրանց վրա են հիմնական «խաղադրույքն» անում՝ հույս ունենալով, որ հետագայում նա կօգնի իրենց: Բացի այն կանանց պատմությունները, որոնց սկեսուրն ու ամուսինը ստիպել են ընդհատել հղիությունը, դա նաև բազմաթիվ պատմություններ են լիովին բարեկեցիկ ընտանիքների մասին, որտեղ կանայք լիովին գիտակցաբար ուզում են տղա ունենալ, որ, ինչպես իրենք են ասում, «ամուսնուն օգնոզ լինի», «որպեսզի ծերության ժամանակ մենակ չմնանք, երբ աղջիկներն ամուսնանան և տեղափոխվեն ամուսնու տուն» կամ նույնիսկ «որ աղջկան դասախոսների մոտ պարապելու գնալիս ուղեկցող լինի, երբ նա ինստիտուտ ընդունվի»:

Այդ ամենը կապված է հասարակության ընդհանուր ցածր մշակութային մակարդակի հետ, որի շնորհիվ Ադրբեջանում բարգավաճում են «գենդերային նախապաշարմունքները», որոնց պատճառով կինը թույլ, կախյալ էակ է մնում, որը տղամարդու պաշտպանության և վերահսկողության կարիքն ունի: Զարմանալի չէ, որ ծնողները «վախենում են» նման հասարակություն մտցնել իրենց աղջիկներին առանց եղբոր հսկման:

Կօգնի՞ արդյոք ուլտրաձայնային հետազոտության արգելքը

Հետաքրքիր է, որ այդ խնդրի մասին արդեն վաղուց է հայտնի. 2011թ-ին ԵԽԽՎ-ում արդեն խոսում էին Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ներարգանդային փուլում ապագա երեխայի սեռի ընտրության ծանրակշիռ ապացույցների գոյության մասին: Այդ ժամանակ ադրբեջանական հասարակությունն առաջին անգամ սկսեց մտածել այդ երևույթի մասին: Պաշտոնյաների մակարդակում սկսեցին ամենատարբեր միջոցներ առաջարկվել, առաջարկում էին բժիշկներին արգելել ծնողներին երեխայի սեռը հայտնել կամ ընդհանրապես արգելել աբորտները: Սակայն այդպիսի ծայրահեղ միջոցներին քչերն էին կողմ:

Միլլի Մեջլիսի պատգամավոր Էլմիրա Ախունդովա.

«Այս հարցում ինչ-որ բաների հասնել կարելի է միայն լայնամասշտաբ լուսավորության շնորհիվ: Պետք է հասարակությանը հասկացնել, որ կարևոր է առողջ երեխայի ծնունդը, որ յուրաքանչյուր կյանք սուրբ է և Աստծո կողմից է տրված»:

Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ապագա երեխայի սեռը ծնողներին հաղորդելու արգելքի մասին կետը 2009թ-ին մտցվեց «Վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման մասին» վերամշակված օրինագիծ: Հեղինակները հույս ունեն, որ դա կօգնի կրճատել երկրում սելեկտիվ աբորտների քանակը:

Օրինագիծը բազմաթիվ վեճեր ծնեց: Դրա կողմնակիցները վստահ են, որ միայն լուսավորությունը չի գօնի, խիստ միջոցներ են անհրաժեշտ, օրինակ, վարչական կամ քրեական պատասխանատվություն:

Խիստ մեթոդներին դեմ արտահայտվողները կարծում են, որ արգելքները կբերեն բժիշկների շրջանում կաշառակերության և ընդհատակյա աբորտների: Դա ցույց է տալիս Հնդկաստանի և Չինաստանի փորձը, որտեղ սեռական հատկանիշով աբորտների արգելք է գործում. չնայած պատժվելու վտանգին, մարդիկ միջոցներ են գտնում օրենքը շրջանցելու:

Ստացվում է, որ ողջ հույսը լուսավորչական աշխատանքի վրա է: Այդ թեման ժամանակ առ ժամանակ բարձրացվում է հեռուստատեսությամբ և այլ լրատվոմիջոցներում, սակայն, հաշվի առնելով այն, որ գործը տեղից չի շարժվում, ավելի ինտենսիվ ազդեցություն է պետք:

52688


Կարդալ ավելին JAMnews-ում