Զոհվածները Ղարաբաղից եկած փախստականներ են" />

Երկու մարդ է զոհվել Բաքվի հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

Զոհվածները Ղարաբաղից եկած փախստականներ են

Ամուսիններ Սուրխայ և Էլզա Ալիևները զոհվել են հրդեհի հետևանքով, որը տեղի է ունեցել մարտի լույս 6-ի գիշերը Բաքվի հանրակացարաններից մեկում։ Զոհվածները Ղարաբաղից եկած փախստականներ էին։

Հարևան բնակարանից ծխի հոտ առնելով՝ ամուսինները դուրս են վազել միջանցք, կորցրել գիտակցությունն ու խեղդվել՝ հաղորդում է Qafqazinfo-ն։

Հանրակացարանի բոլոր բնակիչները տարհանվել են։ Ընդհանուր առմամբ տուժել է 22 մարդ, որոնցից հինգը հոսպիտալացվել է։

• Պայթյուն ռուսական Մագնիտոգորսկում․ գազի արտահո՞սք, թե ահաբեկչություն

Բնակարանը, որտեղ բռնկվել էր հրդեհն, ամբողջությամբ այրվել է։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի օջախն էլեկտրական լարերն են եղել։ Շենքի մնացած հատվածները չեն տուժել։

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով հարյուր հազարավոր ադրբեջանցիներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ու հարակից շրջաններից փախստական և բռնի տեղահանված են դարձել։ Բաքվում հայտնվելով՝ նրանք տեղավորվել են, ինչպես ստացվել է՝ ներառյալ հանրակացարանները։ Հետագայում նրանցից շատերին է պետությունը բնակարանով ապահովել, սակայն հազարավոր մարդիկ այդպես էլ տուն չեն ստացել։

• Երեք կին և մեկ սենյակ հանրակացարանում․ փախստականների ընտանիքի պատմությունը 

Անցյալ տարվա նոյեմբերին նման դեպք էր տեղի ունեցել բռնի տեղահանվածներով բնակեցված շենքերից մեկում։ Այն ժամանակ հրդեհն առանց բնակարանի էր թողել 46 ընտանիք։


Կարդալ ավելին JAMnews-ում