Ներկայացնում ենք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի բոլոր մանրամասները " />

Երիտասարդ ընտանիքները Հայաստանում առանց բնակարան չեն մնա

Ներկայացնում ենք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի բոլոր մանրամասները

Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ անելու մասին: Ծրագիրը մեկնարկել է 8 տարի առաջ: Եվ փոփոխություններն արվել են այն իրոք նպատակային և արդյունավետ դարձնելու համար: Ի՞նչ հիմունքներով հիմա երիտասարդ ընտանիքները հնարավորություն կունենան բնակարան ձեռք բերել: Ներկայացնում ենք բոլոր մանրամասները։

Անհասանելի հիփոթեք

Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շրջանակներում կատարված համապատասխան հարցման արդյունքներով`երիտասարդների շուրջ 90 տոկոսն ընտանիքի կազմավորման և լիարժեք կենսագործունեության համար, ի թիվս այլ պայմանների, ամուսնության համար պարտադիր պայման է համարում բնակարան ունենալը:

Ընդ որում, երիտասարդների 78,6 տոկոսը ցանկություն է հայտնել ունենալ 2-4, իսկ 13,4 տոկոսը` 5 և ավելի երեխա: Սակայն հարցվածների միայն 12.2 տոկոսն է այսօր հնարավոր համարում 3 երեխան: Գլխավոր խոչընդոտներից կարելի առանձնացել ոչ բավարար բնակարանային պայմանները:

Վիճակագրական ևս մեկ տվյալ. ամուսնացած երիտասարդների 46 տոկոսը պատրաստ է բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորման միջոցով: Սակայն մեծ մասը խուսափում է նշված միջոցից` բարձր տոկոսադրույքների և հիփոթեքային համակարգի նկատմամբ անվստահության պատճառով:

Համաձայն Հայաստանի 2005թ. սահմանադրության, «յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս  իրավունքի իրականացման համար»: 2015թ. փոփոխությունների ժամանակ դրույթը հանվել է:

14 երեխա ընտանիքում՝ տեսանյութ Հայաստանից

Ղափամա՝ կերակուր, որի մասին երգում են

Ինչ խնդիրների առաջ են հայտնվում մանկատների սաները Հայաստանում չափահաս դառնալուց հետո

600 երանգ վեց գույնից՝ ինչպես են Երևանում գորգեր ստեղծում ու վերականգնում

Ծրագրի սկիզբն ու նպատակը

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրն ընդունվել է առաջին անգամ 2010թ. փետրվարի 12-ին: Այն նպատակաուղղված էր իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրել:

Ո՞րն է երիտասարդ ընտանիքը

Երիտասարդ է համարվում 18-30 տարեկան քաղաքացին, իսկ երիտասարդ ընտանիք՝ այն ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ): Ծրագրի սկզբնական շրջանում ամուսինների գումարային տարիքը չպիտի գերազանցեր 60-ը: Այնուհետև փոփոխություն արվեց ծրագրում և գումարային տարիքը դարձավ 65: Այժմ այն դարձել է 70: Ծրագիրը աջակցություն է նախատեսում նաև երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողներին:

Բնակարանի ձեռքբերման պայմանները

Սկզբնական ծրագրում միայն կառուցապատողից կարող էին ձեռք բերել բնակարանը, այսինքն՝ առաջնային շուկայից: Հետագայում փոփոխություններ արվեցին, և արդեն հնարավոր է բնակարան գնել նաև երկրորդային շուկայից:

Երկրորդային շուկայից բնակարանի կամ բնակելի տան ձեռբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը:

Վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5 տոկոս: Իսկ մարզերում տրամադրված վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը: Այսինքն` վարկառուի համար տոկոսը կկազմի առավելագույնը 5.5 տոկոս:

Առաջնային շուկայից, այսինքն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում:

Երկրորդային շուկայից ձեռք բերվող անշարժ գույքի առավելագույն չափ է ընդունվել 25 մլն դրամը, առաջնային շուկայի դեպքում՝ 30 մլն:

Վարկառուն գրավադրում է ձեռք բերվող գույքն ու այլ բնակելի անշարժ գույք: Ընտանիքի անդամներից առնվազն մեկը պետք է լինի Հայաստանի քաղաքացի: Եվ պետք է իմանալ, որ ընտանիքը կարող է ծրագրից օգտվել մեկ անգամ:

Կարևոր խնդիրը՝ կանխավճար

Մինչ այս, թե´ Երևանի, թե´ մարզերի համար կանխավճարը կազմում էր երկրորդային շուկայի դեպքում բնակարանի գնի առնվազն 30 տոկոսը, առաջնային շուկայի դեպքում 20 տոկոսը: Ծրագրի շահառուներին այժմ հնարավորություն է ընձեռնվելու ձեռք բերել բնակարաններ արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով:

Ծրագրի ֆինանսավորումը

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության միջոցով:

Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն:

Քանի՞ բնակարան է ձեռք բերվել

Ծրագրի մեկնարկից՝ 2010 թվականից մինչ 2018 թվականի օգոստոսի 30-ը տրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում, 1652՝ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 28 մլրդ 524 մլն դրամ:

Նախաձեռնության հեղինակները

Կառավարության այս որոշման նախագիծը մշակել է ֆինանսների նախարարությունը՝ համագործակցելով Կենտրոնական բանկի հետ:

Գլխավոր թերությունը

Երկրորդային շուկայից ձեռքբերված բնակարաննրի դեպքում վարկի տոկոսը եկամտահարկից չի վերդարձվում: Համաձայն կառավարության, կարգավորումը պետք է տրվի հարկային օրենսդրությամբ:

Քաղաքացիների կարծիքը ծրագրի մասին

Ծրագիրը հանրային քննարկում է անցել իրավական նախագծերի հրապարակման միասնական հարթակում, չի ունեցել բացասական գնահատական։ Եղել է ընդամենը 6 առաջարկ, որոնք չեն ընդունվել։

Քաղաքացիներից մեկն առաջարկել է ամուսինների գումարային աշխատավարձի թույլատրելի շեմը բարձրացնել. մերժվել է, քանի որ ծրագիրը սոցիալական է, իսկ այդ դեպքում բնույթը կփոխի:

Նշենք, որ եթե ամուսինների ամսական զուտ եկամուտը միասին գերազանցում է 800 հազար դրամը, իրավունք չունեն մասնակցել ծրագրին:

Մեկ այլ քաղաքացի առաջարկել էր ընդհանրապես հանել կանխավճարը կամ սահմանել սիմվոլիկ՝ 5 տոկոս: Կառավարությունն առարկել է, քանի որ կանխավճարի սահմանումը պայմանավորված է ռիսկերի առկայությամբ: Այն պետք է լինի ոչ թե սիմվոլիկ, այլ «խելամտության» սահմաններում:

Ընդհանուր տեղեկություններ բնակարանների թվի ու կարիքի վերաբերյալ

2017թ. սեպտեմբերի 14-ի դրությամբ, Հայաստանում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք և 98 հազար տարբեր նշանակության շենքեր և շինություններ:

Գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Դրանց նախագծային սեյսմակայունությունը նախատեսված է եղել 7-8 բալ: Սակայն, ըստ փորձագիտական գնահատականների՝ ներկայում գոյություն ունեցող շենքերի 70%-ը խոցելի են և կարող են վտանգ ներկայացնել ընդունված նորմատիվային ուժգնության երկրաշարժերի դեպքում:

Երևանին բաժին է ընկնում պետության բնակարանային ֆոնդի ավելի քան կեսը (ավելի քան 230 հազար միավոր, կամ 52.7 տոկոսը):

Ըստ տարբեր հաշվարկների, մեր երկրում բնակարանի կարիք ունի շուրջ 70 հազար ընտանիք, որոնցից 20 հազարը, համաձայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ստանում են ընտանեկան նպաստ: Սրանց գումարվում են շուրջ 29 հազար անօթևան ընտանիքները, որոնք բնակվում են տնակներում, հասարակական նշանակության օբյեկտներում և այլն:

Հայաստանում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2011թ. վերջին կազմել է 92.6 մլն. քառ. մետր: Մեկ բնակչին Հայաստանում բաժին է ընկնում 28.3 քառ. մետր բնակտարածք: Այս տվյալով Հայաստանը գերազանցում է ԱՊՀ ներկա ու նախկին բոլոր երկրներին: Ռուսաստանում մեկ մարդուն բաժին է ընկնում 23 քառ. մետր բնակտարածք, Ուկրաինայում՝ 23.3, Ղազախստանում՝ 18.1:

Ի՞նչ է սոցիալական բնակարանաշինությունը

Սոցիալական բնակարանաշինության հասկացություն Հայաստանի օրենսդրությունը չի պարունակում: Սոցիալական բնակարանաշինությունը ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի բնակարանային կարիքների բավարարմանը կամ բարելավմանը ուղղված միջոցառում է:

Արտասահմանում սոցիալական բնակարանային ֆոնդը ստեղծվում է պետական ու համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանների կամ բնակելի տների կառուցման (անավարտ շինարարություն, վերակառուցում, նոր շինարարություն), շուկայից ձեռքբերման (գնում, վարձակալում) միջոցով:

Եթե Նիդերլանդներում բնակարանաշինության մեջ սոցիալական բնակարանաշինության բաժինը, օրինակ, կազմում է 35 տոկոս, Շվեդիայում` 20 տոկոս, Մեծ Բրիտանիայում` 18 տոկոս, ապա Հայաստանում այն կազմում է 2.5 տոկոս. Իսկ արտերկրի սոցիալական բնակարանային ապահովման կարևոր տարր հանդիսացող սոցիալական վարձակալական ինստիտուտը, կարելի է ասել, Հայաստանում բացակայում է:


Կարդալ ավելին JAMnews-ում