Մյուս լուծումը տրանսպորտի գնի թանկացումն է, որը կարող է առաջացնել զանգվածային դժգոհություն" />

Երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել գազի գնի իջեցման պահանջով

Մյուս լուծումը տրանսպորտի գնի թանկացումն է, որը կարող է առաջացնել զանգվածային դժգոհություն

Երևանի մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր գործադուլ են հայտարարել` բողոքելով գազի գնի թանկացումից:

Վարորդները նշում են, որ գազի թանկացման հետևանքով ավելացել են իրենց ծախսերը: Այս ամիս մեքենան լիցքավորելու համար նրանք 45.000 դրամ ավել գումար են ծախսել, քան՝ նախորդ ամիսներին:

Վարորդների խոսքով, գազի գինն անօրինական է թանկացել, իրենք չեն ուզում աշխատել առանց եկամուտի, ողջ վաստակը տրամադրելով մեքենայի լիցքավորմանը:

«Մենք մեր գումարի համար ենք պայքարում, մենք մեր ընտանիքների համար ենք պայքարում: Մենակ գազը չի թանկացել, յուղն էլ է թանկացել, տրանսպորտի հետ կապված ամեն ինչ թանկացել է: Գազի մեջ որակ էլ չկա: Մի ժամանակ 6000 դրամի 5 ռեյս էինք քշում, հիմա՝ 8000 դրամի 5 ռեյս ենք քշում: Մենք աշխատել ենք ուզում, թող իջեցնեն գինը»,- հայտարարել է վարորդներից մեկը:

Գազի գինը թանկացել է հունվարի 1-ից ուժի մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն: Ավելի ստույգ, բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը, ինչի հետևանքով 10-15 տոկոսով թանկացել են բենզինը, դիզվառելիքն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը խոստացել է՝ լավ կլինի: Նա նշել է, որ երթուղիները աշխատում են, սա չի կարելի համարել զանգվածային գործադուլ:

«Դժգոհում են ոչ թե սպասարկողները, այլ մի քանի հոգի վարորդ: Նրանց կազմակերպել են՝ գուցե և դրսի ուժերից: Երթուղիները աշխատում են, մի երթուղի չկա, որ ամբողջությամբ կանգնած է, մեկերկու վարորդ է, որ գործադուլ է հայտարարել: Մենք հասկանում ենք, որ կան թանկացումներ, չենք կարող ասել, որ նման բան չկա, բայց հարցն այսպես չեն լուծում»,- ասել է պաշտոնյան:

Վարորդներից մեկն էլ ասել է, որ պաշտոնյաների խոստումներին չեն հավատում, իրենց հետաքրքիր է միայն այն, որ իրենց աշխատանքի դիմաց հացի գումար չեն վաստակում:

«Էս ձեր փափուկ բարձերը չենք ուզում, որ դնեք մեր գլխի տակ, հեքիաթներ չենք ուզում, լուծում ենք ուզում»,- ասել է նա:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ վառելիքի թանկացումը հանգեցնելու է այլ ապրանքների թանկացման, քաղաքացիները թանկ են վճարելու առաջին անհրաժեշտության բոլոր մթերքների համար: Նրա կարծիքով, գնաճը հասնելու է 20-30 տոկոսի:

Պատգամավորը նշել է, որ իշխանությունները չեն կարող վարորդների դժգոհությունը նվազեցնելու համար թանկացնել տրանսպորտի գինը, որովհետև այդ պարագայում զանգվածային դժգոհություն կսկսվի:

Թանկացումները կանխելու համար ընդդիմադիրները բողոքի երթ են կազմակերպելու՝ նոր Հարկային օրենսգիրքը փոխելու պահանջով: Իշխանությունները առայժմ չեն հստակեցրել՝ կգնա՞ն զիջումների, թե՞ ոչ, բայց առաջիակայում նախատեսել են հարցը քննարկել խորհրդարանում:


Կարդալ ավելին JAMnews-ում