Լիանայի, Ռամելայի և Անուշի ամուսինները կամավորներ էին․ նրանց ճակատագրերը նման են, միևնույն ժամանակ՝ տարբեր" />

Երեք ճակատագիր՝ միանման ու տարբեր

Լիանայի, Ռամելայի և Անուշի ամուսինները կամավորներ էին․ նրանց ճակատագրերը նման են, միևնույն ժամանակ՝ տարբեր

Լիանա Վարդանյան

57 տարեկան Լիանան միայնակ ապրում է մեկ սենյականոց բնակարանում, Կապան քաղաքում։

Իսկ ժամանակին՝ այս տանը նա ապրել է իր սիրած տղամարդու՝ ամուսնու, Արամայիս Վարդանյանի հետ։ 15 տարվա համատեղ կյանքը դադարում  է՝ ղարաբաղյան պատերազմի հետևանքով:

Ծնունդով  Ղարաբաղից Լիանա Վարդանյանը 16 տարեկանում` 1977թ.-ին,  Ղարաբաղի Մարտունի քաղաքից   տեղափոխվել էր  Հայաստան, Կապան՝ պրոֆտեխուսումնարանում ուսումը շարունակելու նպատակով:  Այդտեղ էլ հանդիպել է իր ճակատագրի տղամարդուն՝ Արամայիս Վարդանյանին։

Լիանան տարիներ շարունակ  խնամքով պահում է ամուսնու մեդալները

Լիանան ու Արամայիսը: Լուսանկար, որ արվել էր նախքան ղարաբաղյան պատերազմը

Ամուսնու հետ առաջին հանդիպումը տպավորվել է․ ուսանողական տարվա առաջին օրերն էին։

«Պատահական հանդիպեցինք։ Նրան նկատեցի՝ իր հայացքի պատճառով։ Դա սովորական հայացք չէր։ Արամայիսը հետո խոստովանեց որ սիրահարվել է առաջին հայացիքից։ Մոտ մեկ տարի համառորեն  պայքարեց և ի վերջո արժանացավ իմ փոխադարձ սիրուն»:

1993թի կեսերից  Կապանի 97-րդ բրիգադի Շիկահողի  6-րդ մոտոհրաձգային  գումարտակի տղաների հետ Արամայիսը որպես կամավոր մեկնում է  առաջնագիծ:

«Երբեմն տուն էր գալիս, երեխաներին տեսնում, կարոտն առնում, կրկին գնում: Նոր տարին էլ միասին անցկացրեցինք ու կրկին միացավ գումարտակի տղաներին»:

1994-ի հունվարի 5-ին Արամայիսը հիվանդանում է, ընկերները զինակցին տուն են բերում:

«Թույլ էր, ջերմություն ուներ: Երեխաների հետ տանն էր, ես էլ հերթ էի կանգնել խանութում: Մինչև եկա տուն, տեսա առանց ինձ հաջող անելու գնացել է: Երեխաներն ասացին՝ մամա տագնապ էր, պապան գնաց: Հարևաններին հորդորել էր մեզ  լավ նայել ու վերջին անգամ  հեռվից նայեց մեր շենքին ու անվերադարձ  հեռացավ…»:

Մեկնելուց երկու օր անց՝ 1994թ.-ին  հունվարի 7-ին, ցավալի լուր ստացվեց: Արամայիսը՝ իր հրամանատար Մարտուն Բադալյանի և 19 զինակիցների հետ  հայտնվել էր շրջափակման մեջ:

Կամավոր պատերազմ մեկնած  Արամայիսը

Հորը մարտի դաշտ ճանապարհած 10-ամյա Սոնան, 12-ամյա Մխիթարը, 14-ամյա Հելենն այսօր արդեն իրենք են ծնող դարձել:

Ամուսնու կորստից հետո Լիանան միայնակ մեծացնում է իր երեք զավակներին։

«Մի ժիգուլի ունեիք, հիշում եմ՝ տղաս կուրտկա չուներ, ծախեցինք, որ կարողանանք իր ու քույրերի համար  հագուստ առնենք՝ դպրոց ուղարկենք: Եթե Արամայիսը չզոհվեր, այլ կերպ  կապրեինք», – ասում է 57-ամյա Լիանան:

Տանն ամուսնուն  հիշեցնող շատ բան կա. լուսանկարներ, մեդալներ, իրեր, պատմություններ, որ կապված են այս տան հետ։  

Այսօր Լիանան ստանում է  77 հազար դրամ կենսաթոշակ, որ անգամ երկու հայրյուր դոլար էլ չէ։ ։  

Լիանան  5 թոռ ունի, աշնանը կծնվի 6-րդը:

Թոռներից մեկը՝ Արմենն, արդեն զինվորական է։ Հայաստանում 2018-ի ապրիլին  տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նա Ռուսաստանից վերադարձել է՝  ծառայելու հայրենիքին:

Զավակներից Հելենն ու Մխիթարը   Ռուսաստանում  արագ սննդի տաղավարում են աշխատում։

Այնքան էլ հաճաախ չեն տեսնում իրար։

Լիանայի ամենամեծ ցանկությունը երեխաներին իրենց հոր պաշտպանած հողում տեսնելն է, աշխատանքով ու տանիքով ապահովված:

Ռամելա Ղուկասյան

«Ռամելա դու իմ կյանքն ես, այգուս մեջի վարդն ես, մարտ ամսին ծնվածն ես, երբեք-երբեք խաբված չես, լույսի շողին ծաղկեցիր, արևի շողին բացվեցիր»:  

Ռամելան կարդում է ամուսնու հորինած երկտողը՝ որ իրեն է նվիրված

«Թոռնուհիս հաճախ է ասում. «Տատի՛, կարդա պապիի գրած էն երկտողը, որ ծանոթության օրերին նվիրել էր քեզ: Տեսնես, որ ամուսնանամ ի՞նձ էլ են էդքան շատ սիրելու»:

Ռամելայի ու Սարգսի սիրո պատմության  մասին Ռամելան հաճախ է պատմում թոռներին Վիկտորյան, Էլենը և Սարգիսը (պապի անունով են կոչել) հպարտանում են, որ իրենց տատիկն ու պապիկը այդպիսի ռոմանտիկ սեր են ունեցել:

24 տարի առաջ ղարաբաղյան պատերազմ մեկնած  պապին նրանք երբեք չեն տեսել։

«Վերջին անգամ երեխեքի ծնունդներից աղջկաս՝ Սոնայի,  11-ամյակին էր ներկա: Ղարաբաղյան պատերազմի թեժ շրջանն էր դեռ. 1993թ.-ի նոյեմբերի 1-ին Շիկահող գյուղից մինչեւ Կապանի Հալիձորի թաղամաս 23 կմ քերծված ոտքերով քայլելով  եկել էր, երկու հավ ձեռքին, որ աղջկա ծնունդին մասնակցի: Նոր տարին նշեցինք գնաց, ասաց վերադառնալու եմ այլ գործի անցնեմ, ուրիշ ծրագրեր ունեմ»,- պատմում է Ղարաբաղի պատերազմի տարիներին անհետ կորած կապանցի Սարգիս Ղուկասյանի կինը՝  58-ամյա Ռամելա Ղուկասյանը:

1994թ.-ի հունվարի 7-ին Շիկահողի գումարտակի զինակիցների հետ Հորադիզում շրջափակման մեջ հայտնվելուց հետո նա այդպես էլ չվերադարձավ:  24 տարվա փնտրտուքներն արդյունք չեն տվել:

Հայաստանի նոր իշխանությունների հետ Ռամելան մեծ հույսեր է կապում․ հույս ունի, որ ավելի ակտիվ բանակցություններ կսկսվեն, անհետ կորածներ կգնտվեն։

«Թեկուզ ծերացած, կիսաջան, առանց ձեռքի, միայն թե վերադառնա, տեսնի, թե ինչպես է իր թույլ կինը, ում միշտ երես է տվել, ձեռքերի վրա պահել, անարդարությունների միջով անցել,  երեխաներին հասցրել իրենց նպատակին, հպարտանա իր դաստիարակած երեխաներով»:

Տարիների հեռվից  Սարգսին միշտ երիտասարդ, առնական, կնամեծար, ծնողասեր ու հոգատար հայր է  հիշում:

«Մենք ամեն ինչ միասին էինք անում. տեխնիկումում սովորում, դիպլոմային գրում, Կապանի Ռելեի գործարանում աշխատում,  նույնիսկ տան գործերն էինք միասին անում: Ուրիշ սեր էր, կարծես իրար համար էինք ծնվել: 9 տարի ընկերություն արեցինք, հետո ամուսնացանք: Համատեղ ընատնեկան երջանիկ 12 տարիների հիշողություններն ու մեծ սիրուց ծնված 3 երեխաները դարձան իմ ներկան, որտեղ միշտ հոգեպես ներկա է Սարգիսը»:  

«16 տարի 3 հերթափոխով Կապանի լեռնահարստացման կոմբինատի Շահումյանի հանքում լամպավար էի աշխատում, ամեն օր լացելով էի հանք մտնում, ինձ հույս տալիս, որ հեսա ամուսինս կգա մեջքիցս կգրկի, կհանի ինձ էնտեղից: 35 հազար աշխատավարձով ու պետության կողմից տրվող չնչին նպաստով մեծացրեցի երեխաներիս, ոսկիներս ծախեցի՝ ապրեցինք»:

Ռամելան շուրջ 8 տարի է անգործ է, այժմ նորածին թոռանն է խնամում:  Համոզված է, եթե Սարգիսը ողջ լիներ, այլ կյանքով կապրեին, ինքն աշխատելու կարիք չէր ունենա, երեխաները բարձրագույն կրթություն կստանային, տղան Ռուսաստան չէր մեկնի աշխատելու:

«Ամուսնուս անհետ կորելուց հետո լրիվ մենակ մնացի. նրա ծնողներն ու քույրը մեկ տարվա ընթացքում մահացան, ես օգնող ձեռք չունեի:  Երեխաներս մինչ օրս ինձ թև են տալիս, Սարգսի ուժն էլ կարծես ինձ է փոխանցվել»:

Անհետ կորածների նվիրված անկյունը՝ Կապանի թանգարանում

Կապանի պատմության թանգարանում՝ Ղարաբաղի պատերազմի մասնակից զոհված և անհետ կորած զինվորներին նվիրված անկյունում փակցված է մարտական գործողությունների մասնակից, մի շարք մեդալներով պարգևատրված  Սարգիս Ղուկասյանի նկարը, շուտով նաև իր ավարտական՝ Կապանին թիվ 1 հիմնական դպրոցում, անկյուն կստեղծվի և դասարաններից մեկը կանվանակոչվի հերոսի անունով:

«Թեկուզ 24 տարի էլ  անցնի, միևնույն է սպասելու եմ Սարգսին, իմ կյանքում այլ տղամարդ տեղ չունի», – ասում է Ռամելան:

Անուշ Ադամյան

Արցախյան պատերազմում զոհված  Ասատուր Հակոբյանի այրին՝ Անուշ Ադամյանը, 7 տարի   է մեղվապահությամբ է զբաղվում, ծնողների գործն է շարունակում: «Մեղուների հետ շփվելով  հանսգտանում եմ, լիցքավորվում, հոգսերիցս կտրվում»,- ժպիտով ասում է  մեղուների հետ ընկերություն  անող հաշվապահ Անուշը:

Տարիներ շարունակ քաղցր բերքն անվճար բաժին է հանում ոչ միայն բարեկամներին, այլև ծանոթ-անծանոթներին: Մեղրաքամի սեզոնը սկսելուն պես արդեն գիտի որ հարազատին որքան մեղր և որ բնակավայր  պետք է ուղարկի:

Անուշ Ադամանը մեղրաքամի պրոցեսին է մասնակցում

«Միայն մի անգամ եմ վաճառել, 114 հազար դրամ աշխատել, մնացած ժամանակ նվիրում եմ կամ տան օգտագործման, աղջիկներիս ընտանիքների համար պահում: Մեղրին պեսոկ /շաքարավազ խմբ․/ չեմ խառնում,  նախընտրում եմ մաքուր տարբերակը, որն ավելի բուժիչ է»,- ասում է Անուշ Ադամյանը:  

Տարին բարենպաստ չէր, առատ բերք չի ակնկալում, ամեն մի փեթակից հազիվ 7 կգ մեղրի հույս ունի: Անուշն ապրում է Երևանից  մոտ 357 կմ հեռու գտնվող Սյունիքի սահմանամերձ Ծավ գյուղում:

Հարևան Շիշկերտ գյուղից էր ուղիղ 40 տարի առաջ հարս եկել: Ապագա ամուսնու հետ ծանոթացել էր Ծավի  դպրոցում սովորելու տարիներին:

Ասատուր Հակոբյանը, որ զոհվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում

«1993թ.-ի ապրիլի 10-ի առավոտյան գյուղի հարակից տարածքների ադրբեջանցիները հարձակվեցին հարևան  Ներքին Հանդ գյուղի վրա: Այդ կռվի ժամանակ զոհվեց Ասատուրը: Մենք գյուղացիներով այդ օրը վերևի Շիշկերտ գյուղ էինք գնացել, որտեղ մի փոքր ապահով էր: Հաջորդ օրը վերադարձանք, տանկիստից պատահական լսեցի, որ ամուսինս զոհվել է:  Ապրիլի 16-ին հայկական ու ադրբեջանական կողմերը դիակներով փոխանակվեցին, բերեցին նաև ամուսնուս դին»:

«Շորերը ցույց տվեցին, հաստատեցինք, որ Ասատուրինն է:  Մեծ աղջիկս՝ Վարդուհին, 12 տարեկան էր, փոքրս՝ Անին, 2 տարեկան: Անին ասում է՝ մամա հիշում եմ, որ պապայի հետ դիվանին պառկած էի, ուրիշ բան չեմ հիշում»:   

Ամուսնու մահից հետո մեղվապահությամբ, այգեգործությամբ, Ծավի, Ներքին Հանդի դպրոցներում հաշվապահ աշխատելով, հարազատների աջակցությամբ  4 անչափահաս աղջիկներին մեծացրել ու բարձրագույն կրթությամբ է ապահովել:

«Տան նկուղներում էինք մնում, լույս չկար, ամուսնուս զոհվելուց հետո  աղջիկներս տեղափոխվեցին ապահով վայր, Նոր Հաճն՝ հորաքրոջ մոտ, ես ամուսնուս ծնողների մոտ մնացի:

Հրադադարից հետո վերադարձան գյուղ: Փառք Աստծո, էսօր բոլորը կրթություն ունեն, երեք աղջիկներս ամուսնացած են, երեխաներ ունեն, շուտով նաև Արմենուհիս կպսակվի: Ինչպես նախկինում, հիմա էլ Ասատուրի  կարիքը զգացվում է մեր կյանքում: Աղջիկներս միշտ հպարտանում են իրենց հորով, լավ մասնագետ են դարձել, հոր անունը բարձր են պահել»:  

Հակոբյանների ընտանիքը

Մեծ աղջիկը՝ Վարդուհին,  բուժքույր է, Արմենուհին՝  ինժեներ-ծրագրավորող, Գոհարը՝ մանկաբարձ-գինեկոլոգ է Մոսկվայում, Անին՝ ֆինանսիստ:

«Նրանք երբեք դրոշակ չեն դարձրել, որ զոհվածի երեխաներ են, բուժման, կրթության  համար պետական աջակցություներից չեն օգտվել: Իրենց խելքով, բարձր բալերով անվճար ընդունվել, սովորել են: 4 թոռ են պարգևել ինձ»,- ասում է    60-ամյա Անուշ Ադամյանը:  

Ծավի մեկհարկանի  առանձնատանը սկեսուրի՝ 92-ամյա  Վարդանուշի հետ է ապրում:

«Թող միշտ խաղաղություն լինի, պատերազմի երես չտեսնենք, բոլոր ընտանիքներն էլ ապրեն հոր  սիրով ու ջերմությամբ շրջապատված»,- երազանք դարձած  ցանկությամբ է կիսվում Անուշ Ադամյանը:

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում