Համառոտ պատմանական ակնարկ " />

Երեք Հայաստանի Հանրապետություն մեկ դարում

Համառոտ պատմանական ակնարկ

Մայիսի 28-ին Հայաստանում նշում են Հանրապետության տոնը, այն անվանում են նաև Առաջին հանրապետության օր: Դա ունի իր պատմական բացատրությունը: Ընդունված է 1918 թվի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետությունն անվանել «Առաջին Հանրապետություն»: Ըստ այդմ, Խորհրդային Հայաստանը երկրորդն է, իսկ ներկայիս Հայաստանը, որն իր անկախությունը հռչակեց 1991 թվականին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում՝ երրորդը:

Վրաստանում նշում են Անկախության օրը․ ֆոտոռեպորտաժ

Ի՞նչ են արել Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանը, երբ 100 տարի առաջ անկախ հանրապետություններ են դարձել

Առաջին հանրապետության կառավարության շենքն ու վարչապետները

Հայաստանի առաջին հանրապետությունն արդյունք էր Անդրկովկասի ժողովրդավարական Դաշնային հանրապետության անկման: Այն ինչպես ծնվեց, «մեծացավ» պատերազմների մեջ, այնպես էլ կործանվեց խորհրդային կարգերի հաստատման արդյունքում:

Անկախության մասին հայտարարության տեքստը

Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը կառավարության շենքի պատշգամբի տակ հավաքված բազմահազար ներկաներին հայտարարեց անկախության ավետիսը.«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով… ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային Խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Այս հայտարարությամբ, որն ընթերցվեց Թիֆլիսում 1918-ի մայիսի 28-ին, օրեր անց՝ արդեն Երևանում, ըստ էության հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:

Արամ Մանուկյանի զինվորական հագուստն ու կուսակցական զինանշանը

Փաստացի Թուրքիայի հետ պատերազմող Հայաստանն այնքան փոքր էր (ոչ ավելի քան 10 հազար քառակուսի կմ տարածքով), որ շատերն այն կոչում էին Արարատյան Հանրապետություն, Երևանի Հանրապետություն: Սակայն իր գոյության երկուս և կես տարիների ընթացքում, այն կարողացավ իր իշխանության տակ վերադարձնել ցարական Ռուսաստանի օրոք հայկական համարվող շրջանների որոշ մասը՝ ձգվելով Օլթի քաղաքից (ներկայիս Թուրքիայի Էրզրումի շրջան) մինչև Մեղրի:

Առաջին հանրապետության օրերի քարտեզ՝ Հայաստանի Հանրապետության տարածքը 1919 թվականին

Կառավարությունը ջանք չէր խնայում դիմակայելու արտաքին ճնշումներին, միաժամանակ փորձելով հոգ տանել «ժառանգություն» ստացած հարյուր հազարավոր որբերի և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդի մասին:

Առաջին Հանրապետության կառավարության շենքի վրա ծածանված դրոշը, թիկունքում՝ զորավար Անդրանիկ Օզանյանի զինվորական հագուստը

Հազարավոր գաղթականների պաշտպանների թվում առանձնակի կարևոր է զորավար Անդրանիկ Օզանյանի դերակատարությունը, ով հանրապետության գոյության ամբողջ ընթացքում թե պատերազմում էր, թե բանակցում, թե միաժամանակ փորձում առաջնորդել ու ապահովել իրեն հետևող տասնյակ հազարավոր գաղթականների անվտանգությունը:

Անկախության օրվա միջոցառում Երևանում, Մայիսի 28, 1919

Այդ ծանր օրերին չքավորությունը սահմաններ չէր ճանաչում: Միջոցների պակասը զգացնել էր տալիս անգամ իշխանությունների ներսում: Առաջին հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանն, ով շուրջ 7 տարի մինչ այդ եղել էր նաև Թիֆլիսի քաղաքապետը, հաճախ պաշտոնական ընդունելությունների ժամանակ փոխ էր տալիս այլ պաշտոնատար անձանց իր հագուստը:

Իսկ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանից, օրերից մի օր, գողանում են միակ տաբատը: Կինը ստիպված է լինում այդ մասին հայտնել կառավարությանը, որ իր ամուսինը չի կարող աշխատանքի ներկայանալ առանց տաբատի:

Ալեքսանդր Խատիսյանի հագուստը

Հայաստանի խորհրդայնացումից հետո, մայիսի 28-ը շարունակում էր նշել հատկապես սփյուռքի հայությունը, որի ճնշող մեծամասնությունը ցեղասպանության տարիներին փրկվածներն էին կամ նրանց ժառանգները, մի մասն էլ՝ հենց այդ տարիներին ու հաջորդած խորհրդայնացման արդյունքում Հայաստանից արտագաղթածներն էին:

Հայաստանի անկախությունը նշում էին անգամ Ստամբուլում. ՀՀ անկախության երկրորդ տարեդարձի տոնակատարություն Կ.Պոլիս, գյուղ Մաքրի 1920 թ. մայիսի 28

Բոլոր լուսանկարները՝ ՀՅԴ պատմության թանգարանից

Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում