Հյուսիսային Կովկասի բեռնատարների վարորդներ. նոր թեժ կետ" />

«Երբ ռուսական հեռուստատեսությամբ լրագրողներին պրեսինգի էին ենթարկում, դուք լռում էինք: Այժմ մարդ չկա, որ ձեզ աջակցի»

Հյուսիսային Կովկասի բեռնատարների վարորդներ. նոր թեժ կետ

фото: Влад Докшин, “Новая газета”

Մեկ տարի առաջ մեծ բեռնատար մեքենաների ռուս վարորդները փորձում էին բողոքել կառավարության քաղաքականության դեմ: Բողոքի առիթ էր դարձել դաշնային մայրուղիներով 12 տոննայից ավել քաշ ունեցող մեքենաների երթևեկության համար գումար գանձելու որոշումը: Մի քանի հարյուր վարորդներ փորձում էին կազմակերպել «հեռահար ուղղությունների վարորդների երթ դեպի Մոսկվա», որ իշխանություններին պատմեն իրենց աղետալի վիճակի մասին:

Այն ժամանակ ոչինչ չստացվեց: Ակցիան զանգվածային չդարձավ: Դրա մասնակիցներին վախեցրին, և նրանք գնացին իրենց տներ:

Մեկ տարի է անցել, և, ինչպես պարզվեց մարտի վերջին, հեռահար ուղղությունների վարորդներն այդ ժամանակն իզուր չեն վատնել: Ինչպես պնդում է ցուցարարների առաջնորդներից մեկը՝ Անդրեյ Բաժուտինը, այս անգամ ողջ Ռուսաստանում արվող գործադուլներին մասնակցում է բեռնատար մեքենաների մոտ մեկ միլիոն վարորդ:

Բողոքն առավել զանգվածային և վճռորոշ էր Հյուսիսային Կովկասում: Ցույց են անում Դաղստանի ԿաբարդաԲալկարիայի, ԿարաչաևոՉերկեսիայի, Հյուսիսային Օսիայի վարորդները:

2016թ-ին ես այլ մոսկվացիների պես մերձմոսկովյան Խիմկի ջուր և դիզելային վառելիք էինք բերում բողոքող վարորդներին, շատ եմ զրուցել նրանց հետ: Եվ ահա վերջերս՝ 2017թ-ի ապրիլին, հաջողվեց լինել հյուսիս-օսական Կարջին գյուղում, որտեղ վրան է խփել տեղական բեռնատարների 100-ից ավել վարորդ: Զրուցեցինք:

Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա մեջ

Տնտեսական պահանջները նույնն են մնացել: Բեռնատարների վարորդներն անարդարացի են համարում եռակի հարկումը. ակցիզ, գնի մեջ ներառված վառելիք (մոտ 0.6 դոլար՝ դիզելային վառելիքի մեկ լիտրի համար), ամենամյա տրանսպորտային հարկը (մոտ $200), իսկ այժմ էլ՝ դաշնային մայրուղիներով երթևեկելու համար վճարը ($0.05՝ մեկ կիլոմետրի դիմաց):

Առանձնակի վրդովմունք է առաջացնում այն, որ մայրուղիներով երթևեկելու համար փողը հավաքում է ոչ թե պետական, այլ մասնավոր կառույցը, որը պատկանում է Ռուսաստանի նախագահ Պուտինի մոտ ընկեր Արկադի Ռոտենբերգին:

Եվ դա համար մեկ նորությունն է. միամիտ համոզմունքը, թե Պուտինը պարզապես չգիտի՝ ինչ է տեղի ունենում երկրում, և պետք է միայն նրան ճշմարտությունը պատմել, այդ միամտությունն այլևս չկա:

Նորություն համար երկու.  նրանք հասկացել են, որ իրենց հետ հաշվի են նստելու, միայն եթե իրենք համերաշխ լինեն:

Եվ նրանք միմյանց աջակցում են՝ անմիջական կապ պահելով Դաղստանի, Կաբարդայի և Ինգուշիայի հետ, համացանցում ուշադիր հետևելով, թե ինչ է տեղի ունենում Ուֆայում, Պետերբուրգում, Մոսկվայում և Վորոնեժում:

Եվ այո, պետք է լսել, թե ինչ խոսքերով են նրանց ճանապարհ դնում իրենց գործընկերներին, որոնք չեն աջակցում ցույցին և սլանում են մայրուղով: «Առնետնե՛ր». սա ամենամեղմ բառն է, որը կարելի է լսել:

Արդեն կան դեպքեր (ոչ միայն Օսիայում, այլ նաև Ռուսաստանում), երբ գործադուլաբեկների մեքենաներ են այրել և կոտրել դիմապակին:

Արտասահմանյան համարանիշներով բեռնատարները՝ վրացական, ադրբեջանական, բելառուսական, ուկրաինական, այդպիսի ուժեղ զգացմունքներ չեն առաջանցում: Սակայն ամեն դեպքում շարժվում են շարքով՝ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ:

Երրորդը՝ վարորդներն ավելի կոշտ են դարձել: Եթե մեկ տարի առաջ նրանք հաճույքով խոսում էին ցանկացած իրենց մոտեցածի հետ, ապա այժմ ավելի կասկածամիտ են դարձել՝ խուսափելով սադրիչներից:

Ինձ հետ մի ամբողջ հարցաքննություն անցկացրին՝ ով եմ, ուր եմ գնում, ինչու: Գագաթնակետն այն հարցն էր, թե արդյոք անգլերեն գիտեմ: Գիտեմ, ասում եմ, մի քիչ: Դրա հաջորդ հարցը հետևեց, սակայն ոչ թե անգլերենով, այլ օսերենով: Դուք, հետաքրքրվում եմ, ի՞նչ լրտեսի եք իմ մեջ տեսնում՝ ոստիկանակա՞ն, թե՞ ամերիկյան: Ծիծաղում են և վերջապես հրավիրում խորոված ուտելու:

Եվ չորրորդը՝ թվով վերջին, սակայն կարևորությամբ ոչ վերջին հանգամանքը: Բողոքող վարորդները սկսել են հասկանալ, թե ինչ է սոցիալական համերաշխությունը:

Այդ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ոչ մի հեռուստաալիք մեր մասին չի պատմում: Մարդ չկա, որ պատմի, պատասխանում եմ: Բոլոր նրանց, ովքեր ձեզ կցանկանային օգնել, վաղուց վռնդել են հեռուստատեսությունից և թերթերից: Մյուս կողմից, երբ նրանց հեռացնում էին, դուք նրանց ինչ-որ կերպ աջակցեցի՞ք: Չէ՞ որ ոչ: Աչքերն են իջեցնում. այո, ասում են, այժմ հասկանում ենք:

Սակայն ամենակարևորն այն է, որ գործադուլ անողներն արդեն ստիպել են իրենց հետ հաշվի նստել: Ոստիկանությունն ու այլ ուժային կառույցներն աշխատում են նրանցից որոշակի հեռավորության վրա մնալ:

Օս ցուցարարների մոտ, օրինակ, բանակցությունների էր եկել Հյուսիսային Օսիայի ղեկավար Բիտարովը: Ի՞նչ էր առաջարկում: Ոչ մի լուրջ բան, ասում են, համոզում էր կլոր սեղան կազմել, Մոսկվայից էր բողոքում, իբր նրանք են ամեն ինչ անում, ես այստեղ անզոր եմ… մի խոսքով, պոչ էր խաղացնում: Իսկ դո՞ւք: Իսկ մենք, ասում են, որոշել ենք մինչև վերջ պայքարել:


Կարդալ ավելին JAMnews-ում