Պատմություն Ադրբեջանի ամենամեծ հոգեբուժարանի մասին" />

Երբ հիվանդանում են նկարիչները

Պատմություն Ադրբեջանի ամենամեծ հոգեբուժարանի մասին

Հոգեբուժարանների մասին տարբեր միֆեր են պատմում. որ այստեղ բուժում են էլեկտրաշոկով, որից հետո անգամ առողջ մարդիկ կորցնում են բանականությունը, կամ որ մի անգամ այստեղ ընկնողը էլ չի վերադառնում և այլն: Բաքվի համար 1 հոգեբուժարանը, որը քաղաքում հայտնի է որպես Մաշթաղանյան, հայտնի վայր է, և դրա մասին նույնպես ամենատարբեր ասեկոսեներ կան:

Մաշթաղան բնակավայր է, որը գտնվում է Բաքվի կենտրոնից 40 րոպե հեռավորության վրա: Այստեղ միայն մեկ հասարակական տրանսպորտ է գնում՝ համար 172 ավտոբուսը: Ճանապարհի երկայնքով Բաքվի ամառանոցային բնակավայրի տիպիկ բնապատկեր է՝ քարե ցանկապատներ, տեղ-տեղ ամայի տարածություն, թզի ծառեր:

Մաշթաղայի հոգեբուժարանի կողքով անպայման անցնում ես. ավտոբուսի կանգառը հենց բարձր քարե ցանկապատի փոքր դռան մոտ է: Այստեղ հաճախ մարդիկ են իջնում, և կախված նրանից՝ ինչպես է ուղևորը վարորդին խնդրում կանգնել, կարելի է գուշակել նրա այցի նպատակը: Եթե խնդրում են կանգնել «հիվանդանոցի մոտ», նշանակում է՝ հիվանդի մոտ են եկել, մյուսներն ասում են «կանգնեք գժանոցի մոտ»:

Անցակետում ոստիկաններն այցելուից հարցնում են՝ ինչու և ում մոտ է եկել, զանգահարում են հիվանդանոց՝ ճշտելու համար: Երբեմն պայուսակն են խուզարկում: Հիվանդանոցի տարածքում կա քննչական մեկուսարան կասկածյալների համար, որոնց դատից առաջ ստուգում են, թե արդյոք անմեղսունակ են, բացի այդ, անվտանգության միջոցառումները նման տիպի հաստատությունների համար սովորական են: Որպես անվտանգության աշխատակիցներին օգնություն՝ ամբողջ տարածքում տեղադրված են տեսահսկման խցիկներ:

Երկրի ամենախոշոր այս հիվանդանոցը զբաղեցնում է մի քանի հեկտար տարածք: Մի մասնաշենքից մյուսը առավել հարմար է անցնել մեքենայով, քան ոտքով: Հիվանդանոցի տարածքը խորհրդային հանգստավայր է հիշեցնում. ասֆալտ, ծառեր, անգամ արհեստական ջրավազաններ:


 

Մաշթաղայի հոգեբուժարանը բացվել է 1936թ.: Սկզբնապես այն ուներ 3 բաժանմունք և նախատեսված էր 100 մարդու համար: Այժմ այն ունի 30 բաժանմունք, այդ թվում 6-ը կանանց, 12-ը տղամարդկանց համար, 4-ը՝ մանկական, ինֆեկցիոն, դեռահասների և թոքախտավորների համար: Ունի ավել քան 300 հիվանդ, մարդիկ, որոնք կորցրել են բոլոր սոցիալական կապերը, դրա համար էլ հայտնվել են հիվանդանոցի խնամակալության տակ:

Հիվանդանոցում կա պահման 4 ռեժիմ. բաց (հիվանդը կարող է ազատ տեղաշարժվել հիվանդանոցի տարածքում), կիսաբաց (տեղաշարժը՝ անձնակազմի հսկողությամբ), փակ (չի կարելի դուրս գալ մասնաշենքից) և մեկուսարան:

Էլեկտրաշոկ

Էլեկտրաշոկը բնավ ոչ այնքան երկար և վտանգավոր ընթացակարգ է, ինչպես ցույց են տալիս որոշ ֆիլմերում: Այն կիրառում են մարդու վիճակը նոպաների ժամանակ թեթևացնելու համար, օրինակ, էպիլեպտիկների կամ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների դեպքում: Գործընթացը տևում է մոտ 2 վայրկյան և կարող է անցկացվել միայն հիվանդի ցանկությամբ: Պատմում է կլինիկական հոգեբան Սայիդա Հուսեյնովան.

«Երբ ես նոր էի սկսել աշխատել Մաշթաղայում, ես թույլտվություն էի խնդրել ներկա գտնվել էլեկտրաշոկի ընթացքին. ինձ՝ հոգեբանիս համար հետաքրքիր էր տեսնել և ընթացակարգը, և բուժման արդյունքը: Բայց շատ երկար ժամանակ հիվանդանոցում ընդհանրապես այն չէին անցկացնում, ուստի խնդրանքիս մասին կարծես թե մոռացան»:

Ինչ վերաբերում է հիվանդանոցում բուժման մեթոդներին, կա նաև դեղամիջոցային բուժում և հոգեթերապիա: Դեղամիջոցային բուժման նպատակը նյարդային համակարգն «առավել հանգիստ» դարձնելն է, որպեսզի հիվանդը կարողանա ընդունել հոգեթերապիան, որը հնարավոր չէ «սուր» շրջանում:

Ինչպե՞ս են հայտնվում հիվանդանոցում

Եթե մարդու մոտ ախտորոշում է արվել, միանգամայն պարտադիր չէ նրան բռնի պահել հիվանդանոցում: Բացատրում է համար 1 հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Աղահասան Ռասուլովը. «Հարկադիր բուժման համար անհրաժեշտ է երկու պայման. կամ մարդը վտանգ է ներկայացնում իր համար, կամ՝ շրջապատի: Բոլոր հիվանդները չէ, որ առաջին հայացքից վտանգավոր են թվում: Բայց եղել են դեպքեր, երբ հիվանդն արցունքոտ աչքերով մորը խնդրել է իրեն տուն տանել, հետո հրկիզել է բնակարանը»:

Հարկադիր բուժման համար որոշում է կայացնում հանձնաժողովը:

Ինչպե՞ս դուրս գալ այստեղից

Եվս մեկ առասպել. եթե արդեն հայտնվել ես հոգեբուժարանում, ապա դա ամբողջ կյանքի համար է: Սակայն, ինչպես ասում է Աղահասան Ռասուլովը, դա այդպես չէ: «Իմ փոխարեն ավելի լավ կխոսի վիճակագրությունը: 2014թ. դուրս է գրվել 10 680, իսկ 2015թ.՝ 12 896 մարդ: Այո՛, բոլոր հիվանդությունները չեն, որ լիարժեք բուժվում են: Մոտավորապես՝ բոլոր հիվանդների 30 տոկոսը: Բայց անգամ խրոնիկ հիվանդությունների դեպքում հնարավորություն կա թեթևացնելու հիվանդության ընթացքը: Մարդը, որ մի ժամանակ եղել է հիվանդանոցի պացիենտը, այժմ միգուցե ձեր ղեկավարն է: Կյանքի մեծ մասը նա սովորական քաղաքացի է, իսկ սրացումից որոշ ժամանակ առաջ նա ինքն է գալիս այստեղ և սպասում ռեմիսիայի»:

Կլինիկական հոգեբան Սայիդա Հուսեյնովան ասում է, որ բուժվելու հնարավորությունը կախված է ախտորոշումից: «Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով տառապող մարդիկ 100 տոկոսով բուժվում են և հանգիստ մերվում սոցիումում:

Մենք ունեցել ենք մի հիվանդ, եթե չեմ սխալվում, 30 տարեկան էր: Մասնակցում էր ցուցահանդեսների, երբեմն շրթհարմոն էր նվագում: Ախտորոշումը՝ պարանոյիդ շիզիֆրենիա: Բայց նա ժամանակին բուժում ստացավ և ռեմիսիայի վիճակն այժմ ավելի երկար է ձգվում: Շիզոֆրենիայով տառապող մարդկանց բնորոշ է սոցիալական մեկուսացումը, իսկ ռեաբիլիտացիան կանխեց այն և օգնեց հարմարվել հասարակությանը:

Մեկ այլ շիզոֆրենիայով հիվանդ՝ Շաբանը, հարսանիքներին մեյխանա է նվագում: Նրան արդեն շատերը գիտեն, և նա հանգիստ վաստակում է գումար և հարգանք: Իսկ երբ վիճակը վատանում է, գալիս է բուժման:

Նկարիչների մասին

Բացի դեղամիջոցային և թերապևտիկ բուժումից՝ Մաշթաղայում կա նաև վերականգնողական բաժանմունք: Վերականգնողական թերապիան անհրաժեշտ է՝ օգնելու համար պացիենտին ինտեգրվել հասարակություն: Դրա համար նրանց խրախուսում են ստեղծել ցանկացած բան՝ կլինի պլաստիլինից ինչ-որ բան կամ նկարներ:

Իմրան

Հիվանդ Իմրանը տեղական նշանակության յուրօրինակ հայտնի նկարիչ է: Նա աշխատում է կիսանկուղային շենքում՝ ոչ մեծ հիվանդանոցային կինոստուդիայի հարևանությամբ: Այդ վայրն այստեղ անվանում են «արտադրամաս»: Այդ տարածքը գլխավոր բժիշկը հատկացրել է հատուկ Իմրանի համար, քանի որ Իմրանը (նա ժամանակին ավարտել է գեղարվեստի քոլեջը) նկարում է անդադար:

Իմրանը բուժվում է ավելի քան 10 տարի, նրան հիվանդանոց է բերել կինը: Ախտորոշումը՝ պարանոյիդ շիզոֆրենիա:

Հասկանալ՝ ինչ է ասում Իմրանը, դժվար է: Եվ պատճառն այն չէ, որ նա բառերը սխալ է արտասանում: Նրա խոսքում նկատվում է շիզոֆրենիա, հետևաբար նախադասություններում կարող է բացակայել տրամաբանությունը:

Իմրանի նկարներն ու տեքստերը

“Այս նկարում տղամարդը հավատացյալ է և ցանկանում է սպանել որդուս”



Իմրանը շախմատի տախտակի տեսքով պատկերել է Ադրբեջանը

Թոֆիգ Խալիլովը հիվանդանոցի «գլխավոր կինոմեխանիկն է», շատ լավ է վերաբերվում Իմրանին: Իմրանը նրան օգնում է ձևավորել ինքնաշեն կինոթատրոնը: Թոֆիգը ոչ թե հիվանդանոցի հիվանդ է, այլ Մաշթաղա բնակավայրի բնակիչ, բայց մշտապես գալիս է այստեղ հիվանդներին զվարճացնելու համար: Հիմնականում միացնում են կամ խորհրդային, կամ հնդկական ֆիլմեր:

Ամիլ

Մեկ այլ նկարիչ է Ամիլը: Ախտորոշումը՝ ծանր տեսակի էպիլեպսիա: Այսինքն, այն ուղեկցվում է ոչ միայն նոպաներով, այլև հանգեցնում է ընդհանուր առմամբ ինքնության փոփոխության, ինչպես բացատրեց հոգեբան Սայիդա Հուսեյնովան: Նրան հիվանդանոց են հասցրել մշտական չվերահսկվող ագրեսիայի նոպաները և ինքնասպան լինելու մտքերը: Շփման մեջ Ամիլը թվում է շատ հավասարակշռված և դաստիարակված մարդ, չնայած դողացող ձեռքերը մատնում են նրա ներքին նյարդային վիճակը: Ամիլը պնդում է, որ հենց հիվանդանոցում է իրեն զգում հանգիստ և թուլացած:

Ամիլն իր նկարներում սիրում է օգտագործել մոխիր, թելեր և այլ ոչ ստանդարտ իրեր

«Սա մի մարդ է, որին խորտակում է շիզֆրենիան», – ասում է Ամիլը:

«Իսլամական պետությունը» ծառին է կապել մարդու, որպեսզի նրան գայլերն ուտեն: Բայց գայլերը հրաժարվում են ուտել՝ դրանով ցուցաբերելով ավելի մեծ մարդկություն, քան մարդիկ: Սև գույնը խորհրդանշում է արյուն, իսկ օձը՝ ագրեսիա, որը խեղդում է մարդուն», – բացատրում է Ամիլը:


Ամիլն արդեն ավելի քան 15 տարի բուժվում է հիվանդանոցում, բայց, ի տարբերություն Իմրանի, պարբերաբար դուրս է գրվում և գնում տուն: Քանի որ նրա մոտ ծանր էպիլեպսիա է, նրա մոտ առաջ են գալիս իմպերատիվ ցնորքներ, որոնցում նա հրամաններ է լսում՝ «սպանիր» կամ «ինքնավնասվիր»:

«Խելագար հանճարները»

Արդո՞ք գոյություն ունի կապ ստեղծագործելու և հոգեկան հիվանդությունների միջև: «Ե՛վ այո, և՛ ոչ,- պատասխանում է Աղահասան Ռասուլովը:- Եթե առանձնահատուկ տաղանդ չունեցող մեկը հիվանդանա շիզոֆրենիայով, նա հազիվ թե արժեքավոր ինչ-որ բան ստեղծի: Բայց տաղանդն օգնում է հանճարին իր աննախանձելի վիճակի մեջ տեսնել ստեղծագործելու նոր հնարավորություններ: Եթե Ամիլն էպիլեպսիայով չտառապեր, հնարավոր է՝ կրկին նկարիչ դառնար: Բայց այն, թե ինչպես է նկարում հիմա, մասամբ նրա ախտորոշման արդյունքն է. չէ՞ որ էպիլեպտիկները հայտնի են իրենց մանրախնդրությամբ, միշտ գործն ավարտին հասցնելու ձգտումով»:

Երբ է Իմրանը տուն վերադառնալու

Սայիդա Հուսեյնովա. «Երբ մարդը հայտնվում է սովորական հիվանդանոցում, նա կարեկցանք է առաջացնում: Երբ հայտնվում է հոգեբուժարանում՝ վախ, ընդ որում, անգամ մերձավորների մոտ: Հասարակությունը նրա վրա խաչ է քաշում: Հաճախ հարազատները հրաժարվում են հիվանդին տուն տանել՝ նրանց հոգսը գցելով պետության ուսերին»:

Այդ գործընթացը բժիշկներն անվանում են ստիգմատիզացիա. երբ մարդկանց վրա դրվում է խարան, նրանց նկատմամբ սկսում են կանխակալ վերաբերմունք ցույց տալ: Նախկին հիվանդն անընդհատ իր թիկունքում լսում է «շիզոֆրենիան չի բուժվում», «իսկ եթե նորի՞ց վատանա և ինչ-որ մեկին սպանի՞»: Նման իրավիճակում հասարակությունն ավելի մեծ վտանգ է ներկայացնում հիվանդի համար, քան հիվանդը՝ հասարակության»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում