Ի՞նչ գիտեն և ի՞նչ են Ռուսաստանում մտածում այն դեպքերի մասին" />

Երբ խորհրդային տանկերը մտան Պրահա. Չեխիայում ժողովրդավարական շարժման ճնշման 50-րդ տարին

Ի՞նչ գիտեն և ի՞նչ են Ռուսաստանում մտածում այն դեպքերի մասին

Պրահայի բնակիչները շրջապատել են խորհրդային տանկերը Պրահայում՝ «Չեխոսլովակիայի ռադիոյի» շենքի մոտ: 1968թ-ի օգոստոսի 21, REUTERS/Libor Hajsky

Ըստ «Նովայա գազետայի» հրապարակման

1968թ-ի օգոստոսի 21-ին՝ ուղիղ 50 տարի առաջ, Պրահա մտան խորհրդային տանկերը: Դրանով կասեցվեց այն ժամանակվա Չեխոսլովակիայում ազատականացման և հասարակական վերելքի շրջանը, որը սկսվել էր այդ տարվա հունվարին՝ Ալեքսանդր Դուբչեկին որպես տեղական Կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար ընտրելուց հետո:

Ընտրվելուց անմիջապես հետո Դուբչեկը մի շարք բարեփոխումներ իրականացրեց, որոնք ուղղված էին քաղաքացիների իրավունքների և ազատությունների ընդլայնմանը, երկրում իշխանության ապակենտրոնացմանն ու լրատվամիջոցների հանդեպ վերահսկողության թուլացմանը:

Այդ յոթ ամիսները պատմության մեջ հայտնի են «Պրահյան գարուն» պոետիկ անվամբ: Փոփոխությունների վերջնական նպատակը Դուբչեկը ձևակերպել է 1968թ-ի հուլիսի 18-ին հեռուստատեսությամբ ունեցած իր ելույթով, որը կոչվում էր «Մարդկային դեմքով սոցիալիզմ»:

Դրանով ամեն ինչ ավարտվեց: Մեկ ամիս անց՝ օգոստոսի 21-ին, Չեխոսլովակիա մտան Վարշավյան պայմանագրի երկրների զորքերը՝ մինչև 500 հազար զինվոր և սպա, մոտ 5 հազար տանկ և զրահափոխադրիչ մեքենա:

Պրահայի կենտրոն, ավտոբուսի վարորդը փորձում է օգնել խորհրդային զինվորականների հետ բախումներում տուժածներին: 1968թ-ի օգոստոսի 21: REUTERS/Libor Hajsky

Դիմակայության ժամանակ Պրահայի փողոցներում զոհվեց Չեխոսլովակիայի 108 քաղաքացի և խորհրդային 11 զինծառայող: Դրան հետևեց Չեխոսլովակիայից արտագաղթի հսկայական ալիք:

Ցույցի մասնակիցները Պրահայի փողոցներում Մոլոտովի կոկտեյլներ են նետում խորհրդային ռազմական տեխնիկայի ուղղությամբ: REUTERS/Libor Hajsky

Ի՞նչ գիտեն և ի՞նչ են մտածում Ռուսաստանում «Պրահյան գարնան» մասին

Ագրեսիայից 4 օր անց Մոսկվայում 7 մարդ հավաքվեց և դուրս եկավ Կարմիր հրապարակ հետևյալ պաստառներով՝ «Մենք կորցնում ենք լավագույն ընկերներին», «Կեցցե ազատ և անկախ Չեխոսլովակիան», «Ամոթ օկուպանտներին», «Ձեռքերը հեռու ՉԽՍՀ-ից», «Հանուն ձեր և մեր ազատության», «Ազատություն Դուբչեկին»:

Նրանց այլևս ոչ ոք չմիացավ, բոլոր յոթին կալանավորեցին և մի քանի տարի պահեցին հոգեբուժարաններում, ճամբարներում, աքսորում: Իսկ այդ ակցիան պատմության մեջ մտավ որպես «Յոթի ցույց»:

Աջից՝ Լարիսա Բոգորազն ու Պավել Լիտվինովը: Նրանք էլ հենց կազմակերպել էին Կարմիր հրապարակի բողոքի ցույցը 1968թ-ի օգոստոսի 25-ին: Լուսանկարը՝ «Մեմորիալ» կազմակերպության արխիվից

Հաջորդ օրը «Լիտերարնի լիստի» պրահյան թերթը հաղորդեց այդ ցույցի և մասնակիցների կալանքի մասին: Խորհրդային տանկերը դեռ կանգնած էին Պրահայի կենտրոնում, սակայն թերթը գրում էր.

«Այդ յոթ հոգին՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում, նվազագույնը 7 պատճառ են, որ մենք երբեք չկարողանանք ատելություն տածել ռուսների հանդեպ»:

2008 և 2013թթ-ին Ռուսաստանում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել հետևյալ հարցով. «Ի՞նչ գիտեք «Պրահյան գարնան» մասին»:

 

  • 2008թ-ին հարցվածների 18%-ն ասել է, որ դա «Չեխոսլովակիայում ՆԱՏՕ-ի ռազմական ինտերվենցիայի սպառնալիք էր»:

 

  • 2013թ-ին Չեխոսլովակիա ներխուժելու մասին «լավ գիտեր» հարցվածների 7 տոկոսը, «լսել էր» 23 տոկոսը: Ոչինչ չգիտեր 50 տոկոսը:

Պրահայում ցույցերի մասնակիցներից մեկի գրած ցուցապաստառը: 1968թի օգոստոսի 21: Pavel Macháček, provided by Post Bellu
Խորհրդային մարտիկնե՛րողջ աշխարհի երիտասարդությունը ցնցված է Չեխոսլովակիայի տարածքում ձեր կատարած արարքներից: Ինչո՞ւ եք սպանում սոցիալիստական երկրի խաղաղ բնակիչներին: Ինչո՞ւ եք մեզ խանգարում հանգիստ աշխատել: Ինչո՞ւ չեք ուզում, որ մենք ձեր եղբայրները լինենք: Ինչո՞ւ: Ինչո՞ւ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում