Ինչպես խորացնել համագործակցությունը Եվրոպայի հետ՝ առանց «խանդոտ» դաշնակից Ռուսաստանի հետ խնդիրներ ստեղծելու" />

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները հեղափոխությունից հետո՝ ինչը խանգարեց դրական շրջադարձին

Ինչպես խորացնել համագործակցությունը Եվրոպայի հետ՝ առանց «խանդոտ» դաշնակից Ռուսաստանի հետ խնդիրներ ստեղծելու

2018թ.-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նոր, հավակնոտ հեռանկարներ է բացում Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման համար։

Հայաստանի ընդլայնվող եվրոպական օրակարգի առաջին ակնառու նշաններն են

  • Եվրոպական խորհրդարանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը,
  • Գերմանիայի կանցլեր Մերկելի հաստատակամ աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումներին և եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին։

Միաժամանակ, դեռևս պարզ չէ, թե Հայաստանը որքան կկարողանա խորացնել համագործակցությունը ԵՄ հետ՝ առանց իր հիմնական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելու՝ հաշվի առնելով վերջինիս «խանդոտ» վերաբերմունքը հետխորհրդային տարածքում եվրոպական ինտեգրման գործընթացների նկատմամբ։

Նախապատմություն

2017թ. նոյեմբերին ԵՄ-ն և Հայաստանը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այն պետք է փոխարինի 1999թ.-ից գործող և արդեն իսկ հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։

Կարդացեք նաև. Ինչո՞ւ էին Հայաստանում կասկածում էին, որ Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիը կստորագրվի 

ՀԸԳՀ-ն, ըստ էության, նախկինում բանակցված և չստորագրված Ասոցացման համաձայնագրի կրճատված տարբերակն է: Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, որովհետև նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. Հայաստանը մտադիր է միանալ Ռուսաստանի հովանու տակ գործող Մաքսային միությանը: Նոր համաձայնագիրը կարևոր ազդակ դարձավ ԵՄ- Հայաստան երկկողմ կապերի ամրապնդման համար։

Չնայած դրան, ԵՄ- Հայաստան հարաբերությունների խորացումը նախկին իշխանության օրոք շատ մեծ հեռանկարներ չէին խոստանում։

Նախևառաջ, ստորագրված պայմանագիրը չի ենթադրում ԵՄ հետ Հայաստանի համագործակցության այն խորությունը, որը կար Ասոցացման համաձայնագրում։

Բացի այդ, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և ազատ շուկայի հետ կապված խնդիրները շարունակում էին չլուծված մնալ և իշխանություններն առանձնակի քաղաքական կամք չէին դրսևորում այս հարցերը կարգավորելու համար։

Իսկ 2018թ. ապրիլին Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին: Եվ նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած նախկին հավաստիացումներին, մտադրված էր շարունակել կառավարումը՝ այժմ էլ վարչապետի պաշտոնում: Եվ այդ դեպքում Հայաստանը կհայտնվեր «անփոխարինելի» առաջնորդներ ունեցող հետխորհրդային երկրների ակումբում։ Սա լուրջ կասկածի տակ կդներ երկրի՝ ժողովրդավարական զարգացման առանց այդ էլ համեստ հեռանկարները։

Թավշյա հեղափոխությունը և նոր իշխանությունների առաջին շփումները ԵՄ հետ

Իրավիճակը այլ է իշխանության խաղաղ փոփոխությունից հետո։

2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բերեց Սերժ Սարգսյանի հրաժարականին և բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն։

Նոր կառավարությունը որպես առաջնայնություններ հռչակեց

  • ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը,
  • արդյունավետ կառավարումը,
  • դատական իշխանության անկախությունը,
  • կոռուպցիայի դեմ պայքարը,
  • օլիգարխիկ համակարգի վերացումը,
  • ընտրական համակարգի բարեփոխումը:

Միաժամանակ հայտարարվեց, որ ԵՄ կողմից աջակցությունը շատ կարևոր է այս բարեփոխումներն իրականացնելու համար։

Եվ քանի որ Հայաստանի կառավարության նպատակները համահունչ են ԵՄ՝ Արևելյան գործընկերության երկրների համար ունեցած տեսլականին, Եվրամիության պաշտոնյաները միանգամից հայտարարեցին, որ էլ ավելի մեծ օժանդակություն են ցուցաբերելու այս հավակնոտ օրակարգի իրականացմանը։

Կարդացեք նաև. Ինչ խոստացավ Գերմանիայի կանցլեր Մերկելը Երևանում

2018թ. հունիսից սկսած ՀԸԳՀ-ի դրույթների 80 տոկոսը ուժի մեջ մտան։ Իհարկե, համաձայնագիրը  կարևոր գործիք կարող է լինել Հայաստանի արդիականացումը և զարգացումը խթանելու համար։

Սակայն ՀԸԳՀ ազդեցությունը կզգացվի միայն միջինից երկարաժամկետ կտրվածքով։ Իսկ Փաշինյանի կառավարությունը այդքան երկար սպասել չի կարող: Նրան արագ հաղթանակներ ու կարճաժամկետ արդյունքներ են պետք, քանի որ բնակչության սպասումները, ինչպես ցանկացած հեղափոխությունից հետո, շատ բարձր են։

Այս իրավիճակում, Եվրամիությունը հնարավորություն ունի զգալիորեն ընդլայնել իր ազդեցությունը և շահել Հայաստանի բնակչության «մտքերը և սրտերը», եթե ավելացնի ֆինանսական աջակցությունը և հանդես գա նոր նախաձեռնություններով` կառավարության բարեփոխումներին աջակցելու նպատակով։

Սակայն, ԵՄ մինչ այժմ դանդաղկոտություն է ցուցաբերում, ինչի արդյունքում կարող է կրկնել Արաբական գարնան  ժամանակ կատարած սխալները: Այն ժամանակ Միությունը պատրաստ չեղավ արձագանքել իրավիճակի հանկարծակի փոփոխությանը և կորցրեց իրադարձությունների վրա ազդեցություն ունենալու կարողությունը։

Հունիսի վերջին տեղի ունեցած ԵՄ- Հայաստան Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ 2017-2020թթ. Հայաստանին 160 մլն եվրոյի աջակցություն կցուցաբերի։

Իրականում այս գումարը ԵՄ արդեն իսկ խոստացել էր Հայաստանին դեռ մինչև հեղափոխական զարգացումները։ Եվ զարմանալի չէ, որ Բրյուսել աշխատանքային այցից և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Փաշինյանը քննադատեց եվրոպացիներին՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չփոխելու համար՝ չհաշված ջերմ շնորհավորանքները և խանդավառ ելույթները։

Հայաստանում ԵՄ դեսպանը բացատրեց Եվրոպայի մոտեցումը հետևյալ հանգամանքով. Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն լինելու։ Ըստ այդմ, Եվրամիությունը պատճառ չունի իր քաղաքականությունը արմատապես փոխելու։

ԵՄ նման ռազմավարությունը հաշվի չի առնում Հայաստանի պայմանները և հազիվ թե արդյունավետ լինի։

Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը և Ռուսաստանի գործոնը

Եվրոպական միությունը չպետք է ակնկալի կտրուկ փոփոխություններ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ:

Աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունը Ադրբեջանի հետ և շրջափակումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, Հայաստանին այլ ընտրություն չեն թողնում: Մնում է հենվել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի վրա՝ թուրք-ադրբեջանական դաշինքը համակշռելու համար։

Ավելին, Ռուսաստանը շոշափելի տնտեսական ազդեցություն ունի Հայաստանում՝ լինելով երկրի առաջին առևտրային գործընկերը և ներդնողը։ Բացի այդ, ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում գերիշխում են ռուսական պետական ընկերությունները: Եվ Հայաստանի բնակչության զգալի մասի բարեկեցությունը կախված է Ռուսաստանում աշխատող միգրատների դրամական փոխանցումներից։

Չնայած Կրեմլը չխառնվեց Հայաստանի ներքին գործերին գարնանը տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում և լռելյայն ընդունեց իշխանափոխությունը, այն կասկածամտորեն է վերաբերվում նոր կառավարող էլիտային։

Այս առումով, Հայաստանի՝ դեպի Արևմուտք շարժվելու նույնիսկ փոքր նշանների հայտնվելու դեպքում, Ռուստաստանը պատժիչ միջոցներ կկիրառի՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկարինայի նկատմամբ գործողությունների համանմանությամբ, երբ վերջիններս որոշեցին հրաժարվել Մոսկվայի «հովանավորությունից»:

Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը նաև զգալիորեն ամրապնդել է Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ դառնալով վերջինիս համար զենքի հիմնական մատակարարը։ Բացի այդ, Թուրքիայի հետ հարաբերությունները նոր, ջերմ շրջան է թևակոխել։

Այս իրավիճակում պաշտոնական Երևանի կողմից ակտիվ եվրոպական ինտեգրման գործընթացը կարող է լուրջ հակասություններ առաջացնել Ռուսաստանի հետ։ Եվ վերջինս կարող է, ի թիվս այլ պատժիչ գործողությունների, Ադրբեջանին «թույլ տալ» և նույնիսկ խրախուսել հարձակում սկսել Արցախի դեմ։

Եվ եթե նույնիսկ վաղը Հայաստանի ղեկավարությունը հայտարարեր դեպի ԵՄ շարժվելու ցանկության մասին, վերջինս չի ցանկանա և չի էլ կարողանա իր վրա վերցնել Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը: Եվրամիությունը դեռևս քաղաքացիական ուժ է, որը կոշտ անվտանգության կարողությունների մեծ պակաս ունի։

Սա նշանակում է, որ Հայաստանը կանխատեսելի ապագայում աշխարհաքաղաքական վերակողմնորոշում չի նախաձեռնի։

ԵՄ դերը դիմադրողականություն կառուցելու գործում

Եթե ԵՄ ռազմավարությունը ուղղված լինի Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմադրողականության և ինքնիշխանության ամրապնդմանը, դա հնարավորություն կտա Հայաստանին ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարել։

Կօգնեն նվազեցնել Հայաստանի կախումը Ռուսաստանից

  • ժողովրդավարական ինստիտիուտների զարգացմանը միտված ֆինանսական և տեխնիկական աջակցությանը,
  • առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատումը,
  • էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծումը։

Մուտքի արտոնագրերի ազատականացումը զգալիորեն կնպաստի մարդկային շփումներին, խթանելով ժողովրդավարացման և եվրոպականացման գործընթացները Հայաստանում։ Այն նաև շոշափելի տնտեսական օգուտներ կբերի՝ զբոսաշրջության, առևտրի և բիզնես ոլորտներում նոր հնարավորություններ ստեղծելով։

Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը Հայաստանը կարող է անցնել բավականին արագ՝ հիմնվելով Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի փորձի վրա։ Բացի այդ, ազատականացման համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումների զգալի մասը Հայաստանն արդեն իսկ կյանքի կոչել է։

Էներգետիկայի ոլորտում ԵՄ արդեն զգալի գործունեություն է ծավալում՝ օգնելով Հայաստանին զարգացնել այլընտրանքային էներգետիկան և բարձրացնել էներգետիկ համակարգի արդյունավետությունը: Դա նպաստում է ռուսական Գազպրոմից կախման նվազեցմանը։

Դեռևս Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրվեց Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը  և ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցին (TEN-T) Հայաստանի միանալու արձանագրությունը։

Տրասնպորտի ոլորտում կարևոր քայլ կլինի ԵՄ կողմից 556 կմ-անոց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ֆինանսավորման շոշափելի ավելացումը։ Ավտոմայրուղին կկապի Հայաստանը Վրաստանի ու Իրանի հետ և նպատակ ունի հուսալի ելք ստեղծել դեպի Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները։

Եզրակացություն

Այն ժամանակ, երբ աշխարհում ժողովրդավարությունը դանդաղորեն նահանջում է՝ պոպուլիստական կուսակցությունների և ավտորիտար համախմբման ճնշման ներքո, խաղաղ իշխանափոխության շնորհիվ ժողովրդավարական զարգացումները Հայաստանում անսպասելի և ողջունելի են։

Նոր կառավարությունը բնակչության աննախադեպ աջակցությունն ունի, և առկա է քաղաքական կամք՝ իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումները։ Այս առումով, նոր իշխանությունները շատ ավելի հանձնառու կլինեն երկրի եվրոպական օրակարգի իրականացմանը և ընկալունակ՝ ԵՄ խորհուրդներին։

Միաժամանակ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի ակամա կախվածությունը Ռուսաստանից, երկրի արտաքին քաղաքականության մեջ անհապաղ ու հիմնարար փոփոխություններ և ակտիվ եվրոպական ինտեգրում սկսելու մասին հայտարարություններ չեն լինի։

Այնուամենայնիվ, ԵՄ հետ համագործակցությունն առանցքային է լինելու՝ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու գործում։

Նոր կառավարության առաջնայնություններից է երկրի ինքնիշխանության ամրապնդումը և բազմավեկտոր արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության վերականգնումը, հետևաբար կօգտագործվեն ԵՄ հետ փոխգործակցելու բոլոր հնարավորությունները։

Իսկ երկրում հիմնարար բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ Եվրամիությունն, իր հերթին, հետևելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին, նշանակելիորեն ավելացնի իր աջակցությունը Հայաստանին:

Միության աջակցությամբ Հայաստանում ժողովրդավարական ուժերի համախմբումը և իրավական երկրի կայացումը հաջողության պատմություն կդառնան թե հայ հասարակության, թե ԵՄ համար։

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում