ԵՄ-ն հետաքրքրվածությունն է ցուցաբերում Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի հզորացմամբ, ինչը կնվազեցնի Ռուսաստանից կախվածությունը " />

Եվրամիությունը արևային վահանակներ է տեղադրել Երևանի կանգառներում

ԵՄ-ն հետաքրքրվածությունն է ցուցաբերում Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի հզորացմամբ, ինչը կնվազեցնի Ռուսաստանից կախվածությունը

armenpress.am

Երևանի հանրային տրանսպորտի երկու կանգառում արևային վահանակներ են տեղադրվել, որտեղ կարելի է լիցքավորել բջջային հեռախոսները, պլանշետները և այլ տեխնիկա: Վահանակները տեղադրվել են «Եվրոպական միության էներգաարդյունավետության  օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակներում:

Կանգառներից մեկում գտնվող արևային վահանակն այսօր անձամբ փորձարկել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա կանգառն անվանել է «Եվրամիության արևային կանգառ»:

Դեսպանը տեղեկացրել է, որ վահանակները տեղադրվել են վերականգնվող, արևային էներգիայի օգտագործումը խթանելու նպատակով և կանգառներում կմնան շուրջ 1 տարի, ապա կփոխանցվեն այն հաստատություններին, որոնք ունեն դրանց կարիքը՝ օրինակ, կրթական:

«Հայաստանը հարուստ է արևով, պետք է օգտվել բնական այս հարստությունից: Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է, ուստի ԵՄ-ն երկարաժամկետ աջակցություն է տրամադրում Հայաստանին տեղական, համայնքային ու պետական մակարդակով էներգաարդյունավետության խթանման նպատակով»,- նշել է Պ. Սվիտալսկին:

Հայկական փորձագիտական ու քաղաքական շրջանակները մշտապես ահազանգում են, որ Հայաստանը «նստած է ռուսական գազի ասեղի վրա» և հարկավոր է էներգետիկ ոլորտում այլընտրանքներ փնտրել Ռուսաստանին:

Դեսպան Սվիտալսկին այս կապակցությամբ շեշտել է, որ Եվրոպական միությունն ամենայն լրջությամբ է վերաբերվում Հայաստանի անկախությանը: Էներգետիկ կախվածությունը շատ կարևոր գործոն է բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար, «շատ բաներ, որոնք մենք այսօր կատարում ենք Հայաստանում, դրանց որպես թիրախ ընտրում ենք էներգետիկ անկախությունը»:

Պյոտր Սվիտալսկին փոխանցել է, որ ավելի քան 30 միլիոն եվրո է տրամադրվել Հայաստանին՝ էներգետիկ ոլորտում ծրագրեր իրականացնելու համար, որի մեծ մասն ուղղորդվում է Հայաստանի և Վրաստանի միջև փոխանցման լարեր կառուցվելուն:

«Մեր դիտարկմամբ՝ էներգիայի այլընտրանքային, վերականգնողական աղբյուրները՝ արևային, արեգակնային էներգիան, որևէ երկրից կախված չէ, ամբողջովին ձերն է: Եվ այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որ չունի… նավթ, բնական գազ, ածուխ, սա իսկապես կարևորագույն աղբյուր է»,- շեշտել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ԵՄ դեսպանի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի այս ուղղությամբ ներդրումներ կատարվեն, «բոլոր հայերն էլ ցանկանում են ունենալ ավելի էժան էներգիա և լինել առավել անկախ, ԵՄ–ն կարծում է, որ ժամանակի ընթացքում երկուսն էլ կլինի»:


Կարդալ ավելին JAMnews-ում