Պատմությունը, որը տեղի է ունեցել Վրաստանում՝ Թբիլիսի-Բաթում երթուղայինում" />

Ես, սևամորթ տղան, տիկին Նունուն, «հարբեցող հայրը», այրած մազերով աղջիկն և այլք

Պատմությունը, որը տեղի է ունեցել Վրաստանում՝ Թբիլիսի-Բաթում երթուղայինում

Լուսանկարը՝ Դավիթ Մձինարիշվիլիի / REUTERS

Առաջին անգամ հրապարակվել է 2010թ-ին վրացական «Լիբերալի» պարբերականում

«Եվս մեկ ուղևոր, և անմիջապես մեկնում ենք», արդեն կես ժամ էր՝ կանչում էր միկրոավտոբուսի վարորդը:

Առավոտյան յոթն էր: Բաթումի մեկնողները քիչ չէին, սակայն մեր երթուղայինն ոչ ոք չէր ցանկանում նստել. մեկ տեղ էր մնացել հետևում՝ հնամաշ պաստառով, թեքված հենակով, նստարանն այնքան բարձր էր, որ նստողի ոտքերն օդում կախված էին մնալու:

Նստարանը ոչ ոքին դուր չէր գալիս: Նրանցից մեկն, ով արձագանքեց վարորդին կոչերին և ներս նայեց, նույնիսկ վրդովվեց և վարորդին կշտամբեց. «Նե՞գր եմ քեզ համար, ի՞նչ է, այսպիսի տեղ ես ինձ առաջարկում»:

Տասներեք ուղևոր կա, սպասում ենք ևս մեկին, որպեսզի ճամփա ընկնենք: Տիկին Նունուն ամենաակտիվն է: Նա պատմում է, որ Քոբուլեթի՝ Բաթումիից ոչ հեռու գտնվող քաղաք է մեկնում հանգստանալու «Հասանի հյուրանոցում», և որ իրենց այդ մասին թախանձել են երեխաները, որոնք ապրում են Բարսելոնայում: Տիկին Նունուն հետաքրքրվում է բոլոր ուղևորների սոցիալական կարգավիճակով և հերթով «հարցազրույց է վերցնում» ուղևորներից:

• Թելավի. սիրահար զույգերի և պճնված կանանց քաղաք

• Հինգ բան, որ վրացիներին զարմացնում է Հայաստանում

• Լաշա Բուգաձե, Թբիլիսի

Առջևի շարքում ընտանեկան զույգ է նստած՝ երկու տարեկան երեխայի և երիտասարդ ազգականի հետ: Գնում են փեսայի տատի թաղմանը:

«Վայ, հիմա գլուխս կպայթի, հանկարծակի բարձր սկսում է բողոքել ամուսինը: Հարբեցող հայրը քեզ դժբախտ կթողնի, որդիս»:

Նա թաշկինակը թրջում է «Լիկանի» հանքային ջրով և տրորում դրանով կուրծքը: Կինն ուրիշ թաշկինակով նրա ճակատն է տրորում և «Թբիլիսցիներ» ամսագրով հով անում: Այդ գործողություններից տղամարդը կարճ ժամանակով հանգստանում է, հետո կրկին պայթում է էներգիայի նոր հորդումից և դիմում է երիտասարդ կին ազգականին.

«Ամուսնանալուց առաջ ինձ կծանոթացնես ընտրյալիդ հետ: Թե ինչ-որ մի «բալերինա» կհայտնվի մեր ազգում», զվարճանում է նա և հանքային ջրով թրջում գլուխը:

Վերջին շարքում երկու ուսանողուհիներ են նստած, նրանք նույնպես Քոբուլեթի են մեկնում: Մանրամասն քննարկում են ոմն Թեայի, նրա գեղեցիկ կազմվածքն ու ընկերոջը, որը նման է լոքոյի:

Նրանց կողքը Բաթումիից մի աղջիկ է, որի մազերը փչացրել են թբիլիսյան հայտնի սալոնում:

«Մայրաքաղաք է կոչվում», — հեգնում է տուժածը:

Մեկտեղանոց շարքում տեղավորվել է դեղագործական ընկերության աշխատակիցը: Նստելուց առաջ նա մանրազնին կերպով խոնավ անձեռոցիկով մաքրեց իր նստարանը, պատուհանը և նույնիսկ դիմացի նստարանի հենակը: Նրան հետաքրքրում է բաթումցի ծրագրավորողը, որը չցանկացավ պատասխանել տիկին Նունուի հարցերին:

Վարորդի կողքի տեղերը բաժին էին ընկել մի տատիկի ու նրա գեր թոռանը: Մինչ ուղևորները տեղավորվում էին, տղան հասցրեց կես հավ և մի ամբողջ խաչապուրի ուտել և հրաժարվեց լոլիկից ու վարունգից միայն այն պատճառով, որ տատը մոռացել էր աղ վերցնել:

Եվ այդ ժամանակ երթուղայինի մոտ մի տաքսի կանգնեց, որից դուրս եկավ բարձրահասակ, սպորտային կառուցվածքով մի տղա՝ ջինսով և սպիտակ վերնաշապիկով: Նա հեշտությամբ ուսը գցեց մեծ սպորտային պայուսակն ու զսպանակող քայլքով մոտեցավ մեր երթուղայինին:

«Աստվա՜ծ իմ, նեգր է», վեր թռավ ուղևորներից մեկը:

Առաջինն արձագանքեցին նրանք, ովքեր հետևի նստարանին էին նստած:

«Վա՜յ, նա հիմա մեզ մոտ կնստի», ասաց ուսանողուհին:

Թբիլիսյան վարսահարդարների զոհը վեր թռավ տեղից և դիմեց դեղագործին.

«Խնդրում եմ, տեղափոխվեք մեզ մոտ: Շատ եմ խնդրում: Թե չէ նեգրը մեզ հետ կնստի»:

Դեղագործն ըմբռնումով է մոտենում խնդրանքին, սակայն մերժում է:

Իսկ վարորդն այդ ընթացքում արդեն տեղավորել էր սևամորթ տղայի պայուսակը ուղեբեռային հատվածում, և նա հիմա կմտնի ավտոբուսի սրահ:

Այստեղ նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց «հարբեցող հայրը»:

«Եղբայրս, ես ու դու միակ տղամարդիկ ենք այս ավտոբուսում, – դիմեց նա բաթումցի ծրագրավորողին: – Մի՞թե մենք թույլ կտանք այդ սևին մեր աջիկների կողքը նստել: Ես չեմ կարող տեղափոխվել. կինս այստեղ է նստած: Արի տղամարդավարի անենք, դու տեղափոխվիր և մեկտեղանոց նստարանն ազատիր այդ նեգրի համար, թող մենակ նստի»:

Ամբողջ երթուղայինը մի քանի վայրկյան լարված սպասում էր նրա պատասխանին: Նա վեր կացավ և, առանց մի խոսք ասելու, տեղափոխվեց վերջին նստարանին:

«Շատ շնորհակալություն», ասաց թբիլիսյան վարսավիրանոցում  այրած մազերով աղջիկը:

Մինչև Քոբուլեթի (իսկ ես հենց մինչև Քոբուլեթի էի գնում, և թե ինչ տեղի ունեցավ երթուղայինում հետո, չգիտեմ) խոսակցությունների գլխավոր թեման մաշկի այլ գույն ունեցող մարդիկ էին: Ուղևորներից յուրաքանչյուրը պատմում էր նրանց հետ շփման իր փորձը:

«Քավորիս հարևանը հնդիկ էր: Նա նույնպես մուգ մաշկ ուներ: Երբ քավորիս հայրը մահացավ, այդ հարևանն այնպես էր լալիս նրա համար», պատմում էր «հարբեցող հայրը»:

«Նրանք, պարզվում է, շատ սենտիմենտալ են: Երեխաներին շատ են սիրում: Այդ հնդիկը մեր երեխային միշտ կոնֆետ էր տալիս: Սկեսուրս զայրանում էր, թե ինչպես եմ ես թույլ տալիս երեխային ուտել այդ կոնֆետները: Իսկ ես մտածում եմ՝ դե ի՞նչ կա, չէ՞ որ կոնֆետները թղթով են», պատմությունը շարունակեց նրա կինը:

Թինեյջեր աղջիկը խոստովանեց, որ «ահավոր չի սիրում չինացիներին»: Նրա հարևանը, որն աշխատում է ինչ-որ նախարարությունում, նրան գաղտնի տեղեկատվություն է ասել. չինացիներին հատուկ են Վրաստանում բնակեցնում, որպեսզի վրացիները որպես ազգ դադարեն գոյություն ունենալ:

Սևամորթ տղան, որին արդյունքում բաժին ընկավ երթուղայինի լավագույն տեղը, ամբողջ ընթացքում անտարբեր դեմքով լսում էր այդ զրույցները: Բախտը բերել էր, որ վրացերեն չէր հասկանում:

Քոբուլեթի մտնելիս վարորդն անջատեց ձայնարկիչը, որից ամբողջ ճանապարհին հորդում էր ռուսական փոփ երաժշտություն, և ռադիոն միացրերց: Հաղորդումը նվիրված էր Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը: Ինչ-որ փորձագետ խոսում էր այն մասին, որ Բաթումին իսկական սևծովյան հրաշք է դառնում, որ Վրաստանն արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունելու և նրանց համար հաճելի ժամանց կազմակերպելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունի:

Բոլոր ուղևորները միահամուռ համաձայնեցին. այո, այո, Վրաստանն, իրոք, դրախտ է արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Հեղինակ՝ Սոֆո Բուկիա, JAMnews-ի խմբագիրը Թբիլիսիում


Կարդալ ավելին JAMnews-ում