Ի՞նչ ընտրություն կանի Գալին՝ վրացական անձնագիր, թե աբխազական" />

“Ես չեմ կարողանա հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից”

Ի՞նչ ընտրություն կանի Գալին՝ վրացական անձնագիր, թե աբխազական

Եթե նախկինում Գալում բնակվող վրացիներն, ունենալով աբխազական անձնագիր, կարող էին պահպանել վրացական քաղաքացիությունը, ապա այժմ նրանք ընտրության առջև են կանգնած:


2016թ.-ից Աբխազիան պլանավորում է բնակչությանը նոր անձնագրեր տրամադրել: Այդ մասին Սուխումն արդեն պաշտոնական հայտարարություն է արել:

Գալում արդեն մի տարի է՝ բոլորը զգուշությամբ ու անհանգստությամբ սպասում են նոր անձնագրերի վերաբերյալ նորությունների: Հստակ տեղեկատվություն այս թեմայով չկա, և այն տարածվում է Սուխումից հասնող ասեկոսեների մակարդակում: Նման անորոշությունը ավելի շատ է նպաստում լարվածության աճին:

76-ամյա Նորա Գ.-ն ապրում է Գալում ամուսնու հետ: Նրանց երեխաներն ու թոռները Թբիլիսիում են: Տարեց ամուսինները չեն կարողացել թողնել տունն ու տնտեսությունը, որի համար այդքան բան են արել: Նրանց բակում մրգային ծառեր են աճում, մանդարինի թփեր, մի քիչ եգիպտացորեն…

“Անցած տարի ես կաթված եմ տարել: Շտապօգնությունը շատ ուշ հասավ, իսկ երբ ինձ հիվանդանոց տարան, պարզվեց որ այնտեղ անհրաժեշտ սարքավորումներ ու դեղամիջոցներ չկան: Ինգուր գետի սահմանային անցակետը երեկոյան 7-ին փակվում է, այդ պատճառով էլ մինչև հաջորդ առավոտ ինձ չեն կարողացել տեղափոխել Զուգդիդի… Հազիվ եմ փրկվել, – հիշում է տիկին Նորան:

Նա ասում է, որ Գալում կյանքը դժվար է: Այստեղ ծանր քրեածին իրավիճակ է, կաշառակերությունը բարգավաճում է, շրջանում նորմալ հիվանդանոց չկա:
«Եթե մեր վրացական անձնագրերը վերցնեն, մենք հաճախ չենք կարողանա սահմանն անցնել… Ի՞նչ անել այդ դեպքում հիվանդության պարագայում: Այստեղ մեզ չեն օգնի: Ես չեմ կարող հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ հակառակ դեպքում կյանքի նորմալ պայմաններից պետք է հրաժարվեմ: Եվ ինչի՞ս է պետք այդ կյանքը, եթե երեխաներիս հետ չեմ կարող տեսնվել: Ես ստիպված կլինեմ հեռանալ այստեղից, և 22 տարի առաջ վերապրած ցավը կրկին կվերադառնա…», – ասում է Նորան:

Գալի թոշակը շատ ցածր է՝ 500 ռուբլի (8 դոլար). Գալի բնակիչները բողոքում են անվտանգության և կյանքի տարրական պայմանների բացակայությունից: Պատմում են, որ տարրական խնդիրներ լուծելու համար ոստիկանությունում ու քաղաքապետարանում գումար են պահանջում:

Գալի 70-ամյա բնակիչ Գիվի Ս.-ն ամենից շատ վախենում է, որ նոր անձնագրերը Գալում իրավիճակն էլ ավելի կլարեն և, հնարավոր է, տեղացիների համար լրացուցիչ ռիսկեր կստեղծեն:
«Ես չեմ կարող ապրել առանց այս հողի ու օդի, սակայն կյանքն առանց երեխաներիս ինձ նույնպես հարկավոր չէ: Աբխազիան ինձ համար ամեն ինչ է, ինչպես նաև իմ ընտանիքը: Չեմ էլ ուզում մտածել, որ երկուսից մեկը պետք է ընտրեմ», – ասում է նա:

Լալին ընտանիքով ապրում է Գալի շրջանի գյուղերից մեկում: Մի քանի ամիս առաջ աբխազական կառավարությունը նրան զրկեց անձնագրից, փոխարենը ժամանակավոր փաստաթուղթ է տվել: Այդ փաստաթղթի հիման վրա սահմանի հատումը շատ մեծ դժվարություններ է առաջացնում:

«Ինձ նույնիսկ չբացատրեցին, թե ինչ պատճառով ու նպատակով են անձնագիրս վերցնում: Միայն ասացին, որ պետք է նոր անձնագրեր բաժանեն: Թոշակս ստանում եմ անձս հաստատող փաստաթղթով, որն ինձ տվել են անձնագրիս փոխարեն: Եթե մենք հրաժարվենք աբխազական քաղաքացիությունից, կզրկվենք սեփական տնից ու տնտեսությունից, որը կարողացել ենք պահպանել 22 տարի: Միակ հույսներս այն է, որ իրավիճակը չի բարդանա, պարզապես սահմանին վերահսկողությունը կուժեղանա, և մենք բոլորս կկարողանանք այն հաճախ հատել», – ասում է Լալին:

Արդեն երրորդ տարին է, ինչ Մանչոն աշխատում է մոսկովյան ռեստորաններից մեկում: Նա Ռուսաստան է եկել Գալից աբխազական արտասահմանյան անձնագրով: Նրա ընտանիքը նույնպես բնակվում է Մոսկվայում: Եթե նա ընտրության առջև կանգնած լինի, նախընտրությունը աբխազական քաղաքացիությանը կտա: «Թբիլիսիում չկարողացա աշխատանք գտնել… Պետք է չէ՞ ընտանիքիս կերակրեմ: Այդ պատճառով էլ ստիպված եմ մնալ Մոսկվայում, այլ տարբերակ ուղղակի չունեմ», – ասում է նա:

Գալում շատ լավ հասկանում են, որ Աբխազիայի բնակչությանը նոր անձնագրեր տրամադրելու նպատակը հենց այստեղ բնակվող վրացիներն են: Դա չեն հերքում նաև Սուխումում:
«Աբխազներին դուր չի գալիս, որ իրենց տարածքում Վրաստանի քաղաքացիներ են բնակվում: Չէ՞ որ մենք բոլորս վրացական անձնագրեր ունենք: Նրանց դուր չի գալիս նաև, որ մենք հաճախ ենք սահմանը հատում ու մեկնում Թբիլիսի», – ասում են Գալի բնակիչները:

Եթե նոր անձնագրային գործընթացը իրոք Գալի բնանկիչներին ընտրության առջև կանգնեցնի, դա զգալիորեն կբարդացնի նրանց կյանքը:

Գալի որոշ բնակիչներ ասում են, որ այդ պարագայում տեղի վրացի բանկչությունը ստպված կլինի թողնել իր տներն ու տնտեսությունները:

Իսկ ինչպե՞ս են Վրաստանի իշխանությունները ծրագրում պաշտպանել Աբխազիայի Գալի շրջանում բնակվող էթնիկ վրացիների իրավունքները: Թբիլիսին որևէ ծրագիր ունի՞:
Թբիլիսիում դեռևս սահմանափակվում են բավականին զգուշավոր մեկնաբանություններով:

Վրաստանի հաշտեցման հարցերով ու քաղաքական իրավահավասարության պետական նախարարի առաջին տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին JAMnews-ին հայտարարեց, որ վրացական կողմը դեմ չի, որպեսզի Գալում բնակվող վրացիներն աբխազական փաստաթուղթ ստանան. «Իրավական առումով աբխազական քաղաքացի որպես այդպիսին գոյություն չունի, չնայած մենք բոլորս լավ հասկանում ենք, որ Գալի բնակիչների համար կարևոր է այդ փաստաթուղթը, որն աբխազական կառավարությունն անձնագիր է անվանում»:

Ցիխելաշվիլիի խոսքով, վրացական կողմի շահերից է բխում, որ վրացական բնակչությունը չլքի Գալը: «Մեր շահերից չի բխում, որ Գալի վրացական բնակչությունը լքի տներն ու տնտեսությունները: Ընդհակառակը, նրանք պետք է մնանց այնտեղ ու պայքարեն: Եթե այդ փաստաթուղթը ստանալը իրավական սկզբունքներից ելնելով նրանց օգտակար կլինի, մենք խնդիրներ չենք ստեղծի», – ասում է Քեթևան Ցիխելաշվիլին:
Նախարարի աշխատակազմը պլանավորում է այս հարցը բարձրացնել Ժնևյան բանակցություններին:

«Այս քննարկումների արդյունքում մենք համառորեն ձգտում ենք օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ստիպված են ապրել օկուպացիայի պայմաններում: Նրանց տարրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն», – ասում է Ցիխելաշվիլինի:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Կարդալ ավելին JAMnews-ում