Պատմում ենք Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին " />

«Ես իրավունք ունեմ արժանապատիվ կյանքի»

Պատմում ենք Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին

2018 թ.-ի տարեվերջի տվյալներով` Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող շուրջ 193 հազար մարդ, նրանց ավելի քան 60%-ը աշխատունակ տարիքի են` 18-63 տարեկան: Աշխատում են, սակայն, քչերը՝ մոտ 9 %։ Այս թիվը խիստ մոտավոր է, քանի որ կան գործատուներ, որոնք գրանցում են ոչ բոլոր աշխատակիցներին՝ հարկային մուծումներից խուսափելու նպատակով։ Բացի այդ, շատերը աշխատանքի ընդունվելիս թաքցնում են իրենց հաշմանդամությունը գործատուներից:

Անձնական պատմություն Գուրգեն

Գուրգեն Մախատչյանը ծնվել է 1983 թվականին, Երևանում: Նրա ծնվելուց անմիջապես հետո բժիշկները մորն ասել են, որ երեխան մանկական ուղեղային կաթված ունի, և խորհուրդ են  տվել հրաժարվել նրանից: Տնեցիների պատմելով Գուրգենը գիտի` մոր մազերը սպիտակել են այդ գիշեր:

Բայց առավոտյան նա պահանջել է որդուն ու տեղեկացրել. նրանից հրաժարվել չի պատրաստվում: 3-4 տարեկանում խնդիրն ավելի նկատելի է դարձել: Սկսվել է երկար տարիների համառ պայքարը որդու առողջության համար։

Այսօր Գուրգենը 36 տարեկան է, հաշմանդամության 2-րդ խումբ ունի: Վերջին տարիներին՝ նաև սիրելի աշխատանք:

Աշխատանք թատրոնում

2016 թվականին Գուրգենը դիմել է Զբաղվածության պետական գործակալություն, որն ի թիվս այլ ծրագրերի, իրականացնում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրեր: Դիմումից մի քանի ամիս անց գործակալությունում Գուրգենին առաջարկել են միանգամից 3 աշխատանք:

«Ինձ առաջարկեցին աշխատանք Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում և Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: Ես միանգամից ընտրեցի թատրոնը: 13 տարեկանից ելումուտ եմ ունեցել թատրոն: Ընկերոջս հետ Էլբակյանի թատրոնում ետնաբեմի գործերին էինք օգնում: Դրանից հետո ավարտել եմ Հեռուստատեսության և ռադիոյի պետական ակադեմիան և անմիջապես աշխատանքի անցել հեռուստատեսությունում։ Երկար ժամանակ եմ աշխատել հեռուստատեսությունում, բայց, միևնույն է, իմը թատրոնն է՝ դրա հոտը, բեմի հուզմունքը», – ասում է Գուրգենը:

Ծրագիրը, որով Գուրգենն աշխատանքի է անցել  թատրոնում, գործատուներին փոխհատուցում է տրամադրում` հաշմանդամություն ունեցող մարդու համար աշխատատեղի հարմարեցման նպատակով: Թատրոնում Գուրգենի համար ստեղծվել են բոլոր հարմարությունները: Արդեն երեք տարին է` նա աշխատում է թատրոնում որպես նկարահանող օպերատոր, նաև ներկայացումների տեսագրություններն է արխիվացնում:

Զբաղվածության ծրագրեր

Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ուղղությամբ մի քանի ծրագիր է իրականացնում

– Գործատուին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն` աշխատատեղի հարմարեցման համար։ 

– Ուղղակի միանվագ դրամական փոխհատուցում է տրամադրվում գործատուին։

– Գործատուին հաշմանդամություն ունեցող անձի աշխատավարձի մասնակի փոխհատուցում է տրամադրվում։

– Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն է տրվում։

 Ունեցած մասնագիտության շրջանակներում աշխատանքային փորձ ստանալու հնարավորություն է տրվում։

Փոխհատուցում

ՀՀ կառավարության որոշմամբ` հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում՝ uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, որը չպետք է գերազանցի նվազագույն ամuական աշխատավարձի չափը:

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով։

Թվեր և պարզաբանումներ

2019 թ. փետրվարի 1-ի դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոններում  հաշվառված է հաշմանդամություն ունեցող 2500 անձ: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 234-ը, որից 58-ը զբաղվածության պետական ծրագրերի արդյունքում:

Այս թիվը կարող էր անհամեմատ մեծ լինել, եթե չլինեին խանգարող հանգամանքները: Զբաղվածության պետական գործակալության համար հիմնական խոչընդոտները երկուսն են` տեղեկատվության պակասը և կարծրատիպերը:

Բանն այն է, որ Հայաստանում չկա որևէ իրավական ակտ, որը պարտավորի գործատուին հրապարակել առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունները: Գործնականում աշխատում է կամավորության սկզբունքը: Եթե թափուր աշխատատեղերի մասին ամբողջական տվյալները հայտնի լինեն, զբաղվածության ծրագրերն ավելի թիրախային կդառնան:

Բացի այդ, խանգարում են գործատուների կարծրատիպերը: Շատերի համար հաշմանդամություն ունեցող աշխատակիցը ավելորդ գլխացավանք է:

Երիտասարդների մասին

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ հայաստանյան աշխատաշուկայում

  • 17,9 % դեպքերում խտրականություն է նկատվում,
  • 11,1 % դեպքերում էլ՝ աշխատելու ընդունակության նկատմամբ թերահավատություն:

Անձնական պատմություն․ Մարիամ

42-ամյա Մարիամ Մելիքյանի համար աշխատանք գտնելը իսկական փորձություն էր դարձել: Երիտասարդ, աշխույժ, գեղեցիկ կնոջ միակ խնդիրը չլսելն է: Ամուսնուց բաժանվելուց և դստեր հետ միայնակ մնալուց հետո Մարիամը դիմում էր գրեթե ամեն տեղ, պատրաստ էր ամեն տեսակի աշխատանքի: Եվ տարիներ շարունակ չէր կարողանում աշխատանք գտնել.

«Ես երբեք չեմ խուսափել աշխատանքից: Ես աշխատասեր եմ, լավ ձեռք ունեմ, մաքրասեր եմ: Ես կարող եմ շատ բան անել, բայց գործատուները, հենց իմանում են լսողության խնդրի մասին, հրաժարվում են աշխատանքի ընդունել: Բոլորի մոտ կարծիք կա, որ դա կխանգարի ինձ աշխատել: Ես ինքս գիտեմ իմ խնդրի մասին, բնական է, որ չեմ հավակնում, օրինակ` հաճախորդների սպասարկման բաժնում աշխատանք գտնել, բայց չէ՞ որ ես կարող եմ խոհարար լինել, մաքրություն անել և ուրիշ շատ բան», – ասում է Մարիամը:

Պատահականության շնորհիվ Մարիամի հարցը լուծվեց։ Նա հայտնվեց այն ընկերությունում, որը զբաղվում էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի մաքրման աշխատանքներով: Աշխատակցուհիներից մեկին մեկ ամսով փոխարինելու էր գնացել, իսկ նրան այստեղ որոշեցին ընդունել մշտական աշխատանքի։

«Սկզբում մարդիկ չէին պատկերացնում, թե ինչպես կկարողանան շփվել ինձ հետ, փորձում էին թղթի վրա գրել: Հետո հասկացան, որ ես առանց դրա էլ հասկանում եմ իրենց: Կարճ ժամանակ անց իրենք էլ ինձ սկսեցին հասկանալ: Չնայած` հիմա էլ ծիծաղելի պահեր լինում են, երբ, օրինակ, հաճախորդն ինչ-որ բան է փորձում հարցնել, ես ցույց եմ տալիս, որ չեմ լսում իրեն, իսկ նա մոտենում է, որ ականջիս ասի նույն բանը», – պատմում է Մարիամը:

Հոսանքին հակառակ

Առաջին պետական կառույցը, որը խիզախեց կոտրել այս կարծրատիպը, Արտակարգ իրավիճակների նախարարությունն էր: 2012 թ.-ին նախարարության համակարգում հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ ներգրավվեցին: Նրանց համար ստեղծվեցին անհրաժեշտ պայմանները` թեքահարթակներ, մատչելի տրանսպորտ, վերելակներ սայլակների համար:

Կես տարի հետո ԱԻՆ-ում աշխատում էին հաշմանդամություն ունեցող 15 մարդ, այսօր արդեն՝ 38:

Քվոտավորման մասին

Խնդիրը որոշակիորեն լուծելու նպատակով կառավարությունը ձեռնարկեց քվոտավորման գործընթաց:

2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Զբաղվածության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը։ Ըստ դրա հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջ էր առաջանում։ Աշխատողների ընդհանուր թվի առնվազն 3 տոկոսի չափով կազմակերպությունները պետք է ապահովեին հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածություն:

2017-ին, սակայն, կառավարությունը որոշեց կասեցնել քվոտայի պահանջը` հիմնավորելով այս որոշումը «ի հայտ եկած բազմաթիվ խոչընդոտներով»:  

Կառավարությունը հղում էր արել նաև իր կողմից ընդունված մի շարք խտրական որոշումների վրա, որոնց համաձայն հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք չունեն աշխատելու որոշ պետական կառույցներում՝ զինվորական, քրեակատարողական, փրկարար ծառայություններում և այլն:

Որոշման կասեցման իրական պատճառը, սակայն, դրա ձևական լինելն էր: Օրենսդրական այս նախաձեռնությամբ սահմանված 3 %-ի շեմը ոչ մի հարց չէր լուծում։ Դա հաստատվել անցած երկու տարվա թվերի վերլուծության հիման վրա։ Եվ պարզ էր դարձել, որ քվոթավորման թիվն առնվազն 10 անգամ պետք է աճի` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ցուցանիշի վրա զգալի ազդեցություն ունենալու համար:

Այսպիսով` հաշմանդամություն ունեցող անձանց հույսը մնում է մասնավոր ընկերությունների կորպորատիվ պատասխանատվության կամ հասարակական ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի վրա:

«Ես սովորել եմ սիրել ինձ»

Գուրգեն Մախատչյանը խնդրին նայում է հակառակ կողմից. հաշմանդամություն ունեցող անձինք, նրա կարծիքով, պահանջատեր չեն.

«Խնդիր ունեցող մարդիկ վախենում են հասարակությունից: Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ ես իրավունք ունեմ արժանապատիվ կյանքի, և պետությունը պարտավոր է ապահովել այն: Այո, ես ունեմ խնդիր, բայց դա չի նշանակում, որ իմ իրավունքը պետք է ստորադասվի: Ես ընդունել եմ իմ խնդիրը, ես ընդունել եմ ինձ: Ես սովորել եմ սիրել ինձ, հարգել ինձ։ Դա միակ ճանապարհն է, որ տանում է առաջ»:

Աշխատանքը, ըստ Գուրգենի, ինքնաբավության, ինքնագնահատականի ձևավորման կարևոր գործոններից է։ Այն հնարավարութուն է տալիս ազատվել հոգեբանական խնդիրներից և ձեռք բերել տնտեսական անկախություն: Այսօր Գուրգենն իր հիմնական աշխատանքի հետ համատեղելի այլ գործ է փնտրում: Ասում է, արյունը եռում է, աշխատել է ուզում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում