Ինչո՞վ են Աբխազիայի հանգստավայրերը, որոնք նախորդ տարի այցելության ռեկորդներ էին գրանցում, վախեցրել ռուս զբոսաշրջիկներին" />

Եղանակ, կողոպտիչներ, Պետավտոտեսչություն

Ինչո՞վ են Աբխազիայի հանգստավայրերը, որոնք նախորդ տարի այցելության ռեկորդներ էին գրանցում, վախեցրել ռուս զբոսաշրջիկներին

Մեկ շաբաթից պակաս ժամանակ էր պետք աբխազ իրավապահներին, որպեսզի բռնեն Ռուսաստանից զբոսաշրջիկների երկու ընտանիքի վրա ավազակային հարձակման համար կասկածյալներին, որի արդյունքում մահացավ մոսկվացի Անդրեյ Կաբանովը: Հետաքննությունն իր անձնական վերահսկողության տակ առավ երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբան: Ինչո՞ւ: Լրատվամիջոցների արձագանքը վնասեց երկրի իմիջին, և ոլորտը, որը բյուջեի եկամտի 10% է ապահովում, միանգամից դա զգաց: Միջադեպը հանրապետության իշխանություններին ստիպեց նաև ավելի ուշադիր լինել կրիմինալից բացի նաև այլ գործոնների հանդեպ, որոնք բացասաբար են անդրադառնում զբոսաշրջիկների ներհոսքին: Դրանց անուն տվեցին. Պետավտոտեսչության աշխատակիցների գործունեությունը, որը փող է վերցնում ռուսներից, և 2017թ-ի վատ եղանակը: «Նովայա գազետայի» խնդրանքով՝ JAMnews-ի աշխատակից Դմիտրի Ստատեյնովը իմացել է զբոսաշրջային ծառայությունների շուկայի մասնակիցների կարծիքը և զրուցել զբոսաշրջիկների հետ այն մասին, թե ինչին են բախվել նրանք Աբխազիայում հանգստանալիս: 

Հարձակում զբոսաշրջիկների վրա

Հուլիսի 11-ին Աբխազիայի Գուդաութիի շրջանի Աապստա գետի կիրճի լողափում դիմակներով երկու անհայտ անձինք՝ զինված հրազենով ու դանակով, հարձակվեցին մոսկվացի զբոսաշրջիկների խմբի վրա: Զոհերը երկու երիտասարդ ընտանիք են 4 փոքր տարիքի երեխաներով՝ Կաբանովներն ու Չիժիկովները: Փորձելով պաշտպանել իր հարազատներին՝ Անդրեյ Կաբանովը հարձակվել է հանցագործների վրա, սակայն դանակով կրծքին հարված է ստացել: Դրանից հետո ավազակները պահանջել են տալ արժեքավոր իրերն ու փողերը: Նիկոլայ Չիժիկովն ասել է, որ փողերն իր քարտին են, որից հետո ռուսաստանցուն ուղարկել են հանել դրանք մոտակա բանկոմատից: Իսկ կանանց ու երեխաներին պատանդ են վերցրել և անտառ տարել: Ափին է մնացել արնաքամ լինող Անդրեյ Կաբանովը: Նրա բղավոցը լսել է տեղի բնակիչներից մեկը, որը վիրավորին հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է: Երկու օր անց միլիցիայությունը կալանավորել է սկզբից առաջին, իսկ հետո երկրորդ կասկածյալին՝ Ջինջոլիա եղբայրներին: 29-ամյա Ադգուրն ու 30-ամյա Դաուրն ամեն ինչ խոստովանել են:

Վախեցա՞ք

Աբխազիայում ռուսական դեսպանատունը կատարվածից հետո զգուշացրել է քրեածին իրավիճակի վատթարացման մասին և խորհուրդ տվել ռուսներին մեծ զգուշավորություն ցուցաբերել: Անդրեյ Կաբանովի սպանությունից հետ առաջին մի քանի օրը ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսեցին հրաժարվել դեպի Աբխազիա ուղեգրերից, խոստովանում է Զբոսաշրջության աբխազական միության նախագահ և զբոսաշրջային գործակալության սեփականատեր Աննա Կալյագինան: Սակայն հետո ամեն ինչ հանդարտվեց:

«Առաջին 2-3 օրը, երբ նորությունը հայտնվեց բոլոր ռուսական լրատվամիջոցներում, որոշ հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների մոտ անկում գրանցվեց, զբոսաշրջիկները չեղարկում էին ամրագրումները, հրաժարվում ուղեգրերից: Հիմա հայտերը կրկին հայտնվել են: Մեր զբոսաշրջային ընկերությունում ուղեգրերից 20 մարդ է հրաժարվել, դրանք հիմնականում երեխաներով ընտանիքներ են, սակայն մենք նրանց բացատրեցինք, որ այնպիսի դեպքը, ինչպիսին զբոսաշրջիկի սպանությունն է, մեր երկրում տեղի է ունեցել երկար տարիների ընթացքում առաջին անգամ, և դա բացառություն է: Արդյունքում հրաժարվածների կեսը կրկին համաձայնեց հանգստանալ Աբխազիայում», — ասում է նա:

Սուխումում մասնավոր հյուրանոց ունեցող Աստանդան ասում է, որ իր հյուրերը սպանության օրը սկսեցին ճամպրուկները հավաքել: «Ես նրանց հազիվ եմ համոզել, որ մնան: Նրանք կարծես հանգստացան, մնացին, սակայն ես տեսնում եմ, թե ինչպես են սպասում արձակուրդի ավարտին: Երկու հոգի հրաժարվեց ուղևորությունից, մնացածները ուզում են գալ», — ասում է նա:

Վտանգավոր Աբխազիա՞: Պաշտոնապես՝ ոչ

Սուխումում մասնավոր հատվածի տարածք: Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, Jam News

Եթե դատենք վիճակագրությամբ, որն ամեն հանգստյան սեզոնից հետո հրապարակում է Աբխազիայի ՆԳՆ-ն, իրավապահ մարմիններն իրավիճակը վերահսկողության տակ են պահում: Օրինակ, 2015թ-ի մայիսից մինչև օգոստոս հանրապետությունում 343 հանցագործություն է կատարվել եկվորների հանդեպ (մեծ մասը՝ գողություն և կողոպտում), բացահայտվել է 43 գործ: Իսկ արդեն հաջորդ 2016թ-ին գրանցվել է միայն 66 հանցագործություն, որոնցից բացահայտվել է 34-ը:

Ճիշտ է, մասնավոր զրույցներում Սուխումի բնակիչներն ու հյուրերն ասում են, որ ռուս զբոսաշրջիկները հանցագործների զոհ են դառնում պաշտոնական վիճակագրությունից ավելի հաճախ, պարզապես միլիցիայություն չեն դիմում: Մեծ մասամբ դա մանր գողությունն է փողոցներում, սրճարաններում և լողափերում՝ դրամապանակներ, պայուսակներ, տեխնիկա: Իսկ վերջերս հաճախակի է դարձել նաև բնակարային կողոպուտը:

«Իմ բնակարան օրը ցերեկով երկու մարդ էր մտնում: Ես լսեցի, թե ինչպես է մեկը փորփրում դռան կողպեքը, մոտ գնացի և գլխարկներով երկու երիտասարդների տեսա: Սկսեցի բղավել, նրանք հեռացան», — պատմում է Սանկտ Պետերբուրգի բնակիչը, որը Սուխումում է հանգստանում:

«Հարևանիս տնից օրը ցերեկով տարել էին հնարավոր ամեն ինչ, կահույքից բացի», — ասում է տեղի բնակիչը:

Ոչ մեկ, ոչ մյուս տան դեպքում միլիցիայություն չեն դիմել:

«Անցյալ տարի հանգստացողներից մեկի ձեռքից, որը մեզ մոտ բնակարան էր վարձակալում, հանցագործները պայուսակ էին գողացել: Նրանց բռնեցին, ոստիկանություն տարան, հանգստացողները դիմում գրեցին, իսկ հաջորդ օրն այդ ավազակները կրկին մեր թաղամասում էին: Ի՞նչ իմաստ ունի միլիցիայության հետ կապվել», — բողոքում է Սուխումի շրջաններից մեկի բնակիչը:

Խնդիրը ՆԳՆ-ում ակնհայտորեն գիտակցում են. այս տարի հանգստյան սեզոնի ժամանակ ուժեղացվել են ոստիկանության կարգախմբերը մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Ինչպես պատմել են գերատեսչության մամուլի ծառայությունում, միլիցիայության աշխատակիցները պարեկային ծառայություն են իրականացնում զբոսաշրջիկների մոտ տարածված ուղղություններում, այդ թվում՝ առափնյա գոտում և գետերի կիրճերում: Այդպիսի մի վայրում էլ հենց տեղի է ունեցել այն հարձակումը:

1992-93թթ-ի վրաց-աբխազական պատերազմից հետո բնակչության մոտ մնացած հրազենն ու զինամթերքը խնդրի մի մասն է: Այն գրեթե հնարավոր չէ հաշվառել, փոխարենը հաճախ են դրանք օտագործում հանցագործ նպատակներով: ՆԳՆ մամուլի ծառայությունում ասում են, որ էլեկտրոնային բազա գոյություն ունի, որում առկա է գրանցված զենքը: Սակայն թե որքան է չգրանցվածը, հայտնի չէ:

Էժան, բայց անհարմար

Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար 240-հազար բնակչություն ունեցող Աբխազիան, առաջին հերթին, տաք ծով է և վիզաների բացակայություն, հանրապետություն հասնել կարելի է ներքին ռուսական անձնագրով: Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ-ին Աբխազիա է այցլել 4մլն ռուսաստանցի, այն առաջին տեղն է զբաղեցնում ամենատարածված արտասահմանյան ուղղությունների շրջանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ռուսական վիճակագրական ծառայությունը հաշվի է առնում բոլորին, ով հատում է սահմանը, իսկ Աբխազիայի զբոսաշրջության նախարարությունը՝ միայն նրանց, ովքեր մնում են հյուրանոցներում և մասնավոր հատվածներում: Այդ պատճառով Սուխումը գնահատում է զբոսաշրջիկների նախորդ տարվա հոսքը մեկուկես միլիոնի մակարդակում: Վերջին երկու տարին ընդհանրապես ռեկորդային էին տեղական զբոսաշրջային բիզնեսի համար: 2016թ-ին պաշտոնապես զբոսաշրջային ծառայություններն Աբխազիայի բյուջե 2,57մլրդ ռուբլի են բերել, այսինքն՝ հանրապետության տնտեսության մոտ 8%-ը:

Ուղղակի հարկային վճարումներից բացի, որոնք փոխանցում են հյուրանոցների տերերն ու տների վարձակալությամբ զբաղվողները, հանրապետությունն անուղղակի եկամուտ է ստանում, երբ զբոսաշրջիկներն ապրանք ու ծառայություն են գնում: Ճիշտ է, այդ փողը հարկային գերատեսչության կողքով է անցնում. «Զբոսաշրջության հաշվին Աբխազիա է մտնում 6-8 մլրդ ռուբլի, որոնք քաղաքացիներին են անցնում, և նրանք այդ գումարով հետո հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ են կառուցում», — պատմում է հանգստավայրերի և զբոսաշրջության նախարար Ավթանդիլ Գարցկիան:

2017թ-ին միտումը փոխվեց ոչ հօգուտ աբխազիայի հանգստավայրերի: Ապիրիլին Գարցկիան հաղորդել է ռուսների կողմից հյուրանոցների պատվերների քանակի կրճատման մասին: Ամռանն այդ միտումն ավելի հստակ դարձավ: Ինչպես ասում էին հյուրանոցի տերերը Սուխումում հունիսի սկզբին կայացած Զբոսաշրջության աբխազական միության նիստին՝ չնայած որ գները 20%-ով իջել են, հյուրանոցների զբաղվածությունն անկում է ապրել 30-80%-ով: Մասնագետները նշել են քաղաքի ենթակառուցվածքների մտահոգիչ վիճակն ու սպասարկող անձնակազմի դեֆիցիտը: Աբխազական զբոսաշրջային ըներությունները բողոքում էին ոչ միայն ուղեգրերի վաճառքների անկումից, այլ նաև էքսկուրսիոն երթուղիների:  Ռուսական զբոսաշրջային ընկերությունները հաղորդում էին, որ 2017թ-ի ամռանը Աբխազիա մեկնելու պահանջարկը անկում է ապրել 15-20%-ով:

Զբոսաշրջիկներին, կարծում է Գարցկիան, վախեցրել է վատ եղանակն ու Աբխազիայի մասին բացասական տեղեկատվությունը: «Այս տարի հունիսն անձրևոտ էր, ավելի ցուրտ: Շատ կարևոր գործոն, որն ազդում է զբոսաշրջային ոլորտի վրա, այս կամ այն երկրի մասին տեղեկատվությունն է, ուր պատրաստվում է մեկնել զբոսաշրջիկը: Եթե դուք  մի երկիր եք գնում, նախապես ուսումնասիրում եք այն, արձագանքներն եք նայում, շատ է ազդել բացասական տեղեկատվությունը, որը հայտնվում է լրատվամիջոցներում, ընդ  որում, չստւգված տեղեկատվությունը», — պատմում է Գարցկիան «Սպուտնիկ Աբխազիա» պորտալի հետ զրույցում:

Մեքենա վարողներն այդ ցուցակին ավելացնելու բան ունեն: Աբխազիա հաճախ մեկնում են մեքենայով (Մոսկվայից Սուխում 1800կմ է, երկու օրվա ճանապարհ), սակայն Պետավտոտեսչության տեղի աշխատակիցները մեծ ուշադրություն են դարձնում ռուսական համարներով մեքենաներին: Ռուսաստանի քաղաքացիների բազմաթիվ դիմումների և բողոքների պատճառով, որոնք կապված են Պետավտոտեսչության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների հետ, այս ամառ որոշում է կայացվել, որն արգելում է կանգնեցնել արտասահմանյան համարներով մեքենաները ՃՏԾ անցակետերից բացի և վարորդներից գումարներ շորթել: Արդյունքում հունիսին Պետավտոտեսչության մոտ 60 աշխատակից աշխատանքից ազատվելու դիմում է տվել:

Ժողով է եղել, որի ժամանակ նախագահը կատարվածը խայտառակություն է անվանել և նշել,  որ «եթե Պետավտոտեսչությունն աշխատում է զբոսաշրջիկների դեմ, ապա այն աշխատում է պետության դեմ»: Չօգնեց: «Ես տեսել եմ նախագահի ելույթը, — պատմում է ռոստովցի Կիրիլը,և մտածեցի, որ այժմ այդ ընկերները կդադարեն մեզ կանգնեցնել: Բայց ոչ, մի քանի օր անց ինձ չթույլատրված վայրում կանգնեցրեց Պետավտոտեսչության աշխատակիցն ու ասաց, որ ես հոծ գիծ եմ հատել: Ես նրան ցույց եմ տալիս այդ տեղն ու ասում, որ այնտեղ ոչ մի հոծ գիծ չկա, իսկ նա ընթացքում փորձում է խախտում հորինել, որ փող կորզի: Արդյունքում նա ինձ բաց թողեց, սակայն տհաճ զգացողությունը մնաց: Երևում է, որ նրանք թքած ունեն նախագահի և նախարարի ասածի վրա»:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում