Կազմակերոպության գործունեությունը երկրում արգելված է արդեն վերաջնականապես " />

«Եհովայի վկաները» Ռուսաստանում. «Նրանք ապօրինի ոչ մի բան չեն արել, սակայն, միևնույն է, հետապնդվում են»

Կազմակերոպության գործունեությունը երկրում արգելված է արդեն վերաջնականապես

Կավկազսկի ուզելի նյութերի հիման վրա

Ռուսաստանի գերագույն դատարանը մերժել է «Եհովայի վկաներ» կազմակերպության՝ լուծարման մասին վճռի վերաքննիչ բողոքը: Այսուհետ այդ կազմակերպությունը Ռուսաստանում էքստրեմիստական է ճանաչվում, իսկ նրա գործունեությունն՝ արգելվում դատարանով:  Դատական նիստը կայացել է հուլիսի 17-ին, «Կավկազսկի ուզելը» պատմում է, թե ինչպես է այն անցել, և ինչի հույս ունեն «վկաներն» այժմ:

Գերագույն դատարանի նիստերի դահլիճում զբաղված էին բոլոր 200 տեղերը. նիստին եկել էին հավատացյալներ ավելի քան 20 երկրներից, շատ էին լրագրողները, ներկա էին նաև դեսպանատների ներկայացուցիչներ: Փաստաբաններն ասում են, որ նիստերի դահլիճ մտնելու ցանկություն ունեցողներից շատերը փողոցում էին մնացել:

Դատարանը, թեև դժկամությամբ, բայց քննեց հավատացյալների դեմ ապացույցների կեղծման մասին վկայող փաստարկները: Այնուամենայնիվ, նախորդի նման որոշում կայացրեց: Կարելի է ասել, որ հավատացյալները կրկին ապացուցեցին, որ քաղաքական հետապնդման զոհ են, – «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է փաստաբան Անտոն Օմելչենկոն, որը ներկայացնում է «Եհովայի վկաների» շահերը:

Նրանք ապօրինի ոչինչ չեն արել, սակայն հետապնդվում են, – հավելել է նա:

Մյուս փաստաբան Վիկտոր Ժենկովը կազմակերպության լուծարման մասին որոշումը չհիմնավորված է համարում.

Դատավորները լսեցին մեր ապացույցները, սակայն հրաժարվեցին պաշտպանության կողմի վկաներին և կրոնագիտության ու լեզվաբանության ոլորտների փորձագետներին հարցաքննել: Եվ արդյունքում վճռեցին չբեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Եհովայի վկաների» փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:

Անգամ Ռուսաստանի ներսում որոշումը չեղարկելու ատյաններ կան: Դա, օրինակ, Գերագույն դատարանի պրեզիդիումն է, – ասել է փաստաբանը:

Վիկտոր Ժենկովը ենթադրում է, որ վճռի բողոքարկումը Գերագույն դատարանի պրեզիդիումում անարդյունավետ է:

Փաստաբանները, որպես կանոն, հույսներն այդ ատյանի վրա չեն դնում: Չէ՞ որ այնտեղ են ուղարկում բողոքը, երբ վճիռն արդեն ուժի մեջ է մտել:

Փաստաբանը պատմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վճիռը բողոքարկելու պլանների մասին: Բողոք ներկայացնելու համար՝ և պրեզիդիում, և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբանները երեք ամիս ժամանակ ունեն:

Չնայած որ այժմ խոսում են միջազգային իրավունքի հանդեպ ռուսական օրենսդրության առաջնահերթության մասին՝ այնուամենայնիվ Ռուսաստանը չի հրաժարվում իր բոլոր միջազգային պարտավորություններից: Գոյություն ունի հավանականություն, որ եթե ՄԻԵԴ-ը «Եհովայի վկաների» օգտին վճիռ կայացնի, այն կկատարվի», – ասել է Ժենկովը «Կավկազսկի ուզելին»:

«Բացարձակ ոչ իրավաչափ» է անվանել «Եհովայի վկաներ» կազմակերպության լուծարման մասին որոշումը Մարդու իրավունքների ինստիտուտի փորձագետ, Ռուսաստանի իրավապաշտպան գրականության գրադարանի ղեկավար Լև Լևինսոնը:

«Այդ որոշումները թելադրված են բացառապես քաղաքական շահերով և պատիվ չեն բերում ոչ մի դատարանի, որը ցույց տվեց իր ենթակա լինելն ու միջազգային իրավունքի նորմերի, Եվրոպական դատարանի՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում «Եհովայի վկաներին» վերաբերող որոշումների հանդեպ քամահրանք, որտեղ իրավաբանական խնդիրներ են առաջացել: Ճիշտ է, ոչ այդպիսի մասշտաբներով, ինչպես Ռուսաստանում», – «Կավկազսկի ուզելի» թղթակցին հայտարարել է Լև Լևինսոնը:

Նա կիսվել է Ռուսաստանի այսպես կոչված հակաէքստրեմիստական օրենսդրության իր գնահատականով.

Ես կարծում եմ, որ քրեական օրենսդրությունում առանց դրա էլ շատ են հնարավորությունները պատժելու նրանց, ովքեր ձեռնամուխ են լինում, խախտում են այլոց իրավունքները, բռնի գործողություններ են կատարում: Իսկ հիմա էքստրեմիզմը շատ լայն է մեկնաբանվում և ընտրովի կերպով կիրառվում է նրանց հանդեպ, ովքեր իշխանություններին անհաճո են, ինչպես դա տեղի է ունենում «Եհովայի վկաների» դեպքում:

Լևինսոնը պատմել է, թե ինչպես կարող է կատարվել «էքստրեմիզմի ստուգումը».

Օրինակ, փորձաքննության է ուղարկվում ինչ-որ կազմակերպության կամ ուղղության գրականությունը: Այդ փորձաքննությունն անցկացնում են ոչ պրոֆեսիոնալ, անխիղճ փորձագետներ: Նրանք տեքստեր են գտնում, որոնք էքստրեմիստական են ճանաչվում, և դրա հիման վրա արգելվում է կազմակերպությունների գործունեությունը:

«Եհովայի վկաների» դեպքում ստացվում է, որ հավատացյալները հայտարարում են իրենց կրոնական ուսմունքի բացառիկության և այլ ուսմունքները չընդունելու մասին: Սակայն դրանում է բոլոր «փրկության կրոնների» իմաստը՝ քրիստոնեության, հուդայականության, իսլամի: Նրանք բոլորն իրենց կրոնն են ճշմարիտ համարում և ճշմարիտ չեն համարում մյուսների դիրքորոշումը: Մի՞թե դրանք բոլորը պետք է էքստրեմիստական համարել:

«Եհովայի վկաները», կազմակերպության տվյալներով, գրանցված են և կրոնական գործունեություն են իրականացնում աշխարհի 240 երկրներում: «Եհովայի վկաների» ընդհանուր թիվն աշխարհում կազմում է 8,3մլն մարդ, այդ թվում՝ 170 հազար մարդ Ռուսաստանում:


Կարդալ ավելին JAMnews-ում