Ռուսաստանի ամենախոշոր քաղաքներից մեկում մի քանի օր բնակիչները դիմակայություն էին ցույց տալիս իշխանություններին, այն հաղթահարվեց քաղաքային հանրաքվեի միջոցով" />

Քաղաքաբնակները հաղթեցին, իշխանությունները նահանջեցին. Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում պուրակում եկեղեցի չեն կառուցի

Ռուսաստանի ամենախոշոր քաղաքներից մեկում մի քանի օր բնակիչները դիմակայություն էին ցույց տալիս իշխանություններին, այն հաղթահարվեց քաղաքային հանրաքվեի միջոցով

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում իշխանությունների և բնակիչների միջև վեճը և բողոքի փողոցային ակցիաները պուրակի տեղում եկեղեցի կառուցելու ծրագրի շուրջ ավարտվեց հօգուտ քաղաքաբնակների. պուրակը կմնա պուրակ, եկեղեցին կկառուցեն այլ վայրում:

• Զանգվածային ձերբակալություններ և ծեծ Ռուսաստանում՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ

Պուրակում բախումներից և մոտ 100 ակտիվիստների ձերբակալությունից հետո իշխանությունները որոշեցին հանրաքվե անցկացնել: Արդյունքում Եկատերինբուրգի բնակիչների երկու երրորդը (74%-ը) ասել են, որ Դրամայի թատրոնի պուրակը լավագույն վայրը չէ եկեղեցի կառուցելու համար:

18 տոկոսն ընդհանրապես դեմ է հանդես եկել քաղաքում ևս մեկ եկեղեցի կառուցելուն:

Քաղաքում սիրելի պուրակի վայրում եկեղեցի կառուցելու նախագծի շուրջ վեճերը շարունակվում էին մի քանի տարի: Մայիսի 15-ին այն թևակոխեց սուր փուլ. սկսվեցին փողոցային ցույցեր, ցուցարարների ձերբակալություն և ծեծ:

Այդ ժամանակ իրավիճակին միջամտեց Ռուսաստանի նախագահը: Վալդիմիր Պուտինն ասաց, որ անհրաժեշտ է հարցման միջոցով իմանալ քաղաքացիների կարծիքը, ինչը և արվեց:

Սվերդլովսկի մարզի (որի մեջ մտնում է Եկատերինբուրգը) նահանգապետը, հայտարարեց, որ վեճը լուծված է համարում և դիմեց քաղաքապետին ՝ առաջարկելով քննարկել եկեղեցու շինարարության համար այլ վայր:

Նախապատմություն

Կոնֆլիկտը ծագեց իշխանությունների քաղաքի կենտրոնում այգու տարածքում տաճար կառուցելու մտադրության պատճառով։ Դա քաղաքացիների, հատկապես երիտասարդների սիրված հանգստավայրն է: Միեւնույն ժամանակ, այս վայրից երեք կիլոմետր շառավիղով 25 ուղղափառ եկեղեցի կա:

Սկզբում խոսքը գնում էր այս վայրում Ս. Կատրինի ուղղափառ եկեղեցի կառուցելու մասին: Սակայն շուտով պարզ դարձավ, որ տաճարը չէ կառուցապատողների հիմնական նպատակը: Նրա կողքին՝ այգու փոխարեն պետք է հայտնվեր  էլիտար բնակելի համալիր՝  ֆիթնեսի համար նախատեսցած դահլիճով։

Մարտական գործողություններ

Իշխանությունները հաստատեցին այս նախագիծը։ Մարդիկ սկսեցին բողոքի ակցիաներ, որոնք մայիսի 13-ին վերաճեցին իսկական մարտական գործողությունների։

Երկուշաբթի՝ լույս մայիսի 13-ի գիշերը, պուրակը շրջապատվել է շինարարական ցանկապատով։ Երեկոյան ցուցարարներն այն քանդել են։

Դրա հետևանքով նրանք ծեծի են ենթարկվել Մարտարվեստի ուղղափառ ակադեմիայի սաների՝ սպորտային տեսք ունեցող երիտասարդների կողմից։

Հաջորդ օրն ուղղափառ երիտասարդներին փոխարինել են ոստիկանները, որոնց գործողությունների արդյունքում ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվել։

Ընդ որում, ոստիկաններ բերվել են նաև այլ քաղաքներից, քանի որ Եկատերինբուրգի ոստիկաններից շատերն Ինգուշեթիայում են, որտեղ հիմա զանգվածային ցույցեր են տեղի ունենում։

Ցուցարարների թիվը գնալով ավելանում է․ ամենաթեժ պահին մոտ երեք հազար մարդ կար, ինչը Եկատերինբուրգի համար բավականին շատ է։

Տեղի մարզպետը բանակցություններ է սկսել, մի կողմից, ցուցարարների և կառուցապատողի ներկայացուցիչների, մյուս կողմից տեղական ուղղափառ թեմի ղեկավարության հետ։ Դրանք արդյունք չեն տվել։ Եվ դա կանխատեսելի էր․ հեշտ չէ երկխոություն հաստատել այն մարդկան հետ, որոնք ընդդիմադիրներին (տաճարի դեմ ցույց անողներին) առանց քաշվելու կոչում են «սատանի ճուտ» և «ահաբեկիչ», ինչպես արել է մոսկվացի հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

Իսկ ցուցարարները հիմնականում գեղարվեստական միջոցներ են օգտագործում՝ իրենցն ու ուրիշներինը։ Երեսուն տարի անց Եկատերինբուրգում նոր պոպուլյարություն են ձեռք բերել Վիկտոր Ցոյի ստեղծագործությունները, հատկապես՝ «Մենք փոփոխությունների ենք սպասում» երգը։

Իսկ ահա ցույցի մասնակիցների ստեղծագործության մի օրինակ․ նկարած գմբեթներ՝ #գարշատաճար (ռուսերենում «сквер»/պուրակ բառը փոխարինված է «скверный»/գարշելի բառով)։

Ոստիկանության գործողություններին Կրեմլի անունից աջակցություն էր հայտնել նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Սակայն հետո միջամտել է նախագահ Վլադիմիր Պուտինը, որն առաջարկել է վեճը ժողովրդավարական ճանապարհով կարգավորել՝ բնակչության հարցում անցկացնել։

Եկատերինբուրգի իշխանությունները միանգամից համաձայնել են նախագահի առաջարկին։ Որոշվել է, որ հարցման ընթացքում շինարարությունը կանգնեցվելու է։

Ո՞վ է ում դեմ

Կառուցապատող ընկերության բարեհունչ անվանումը՝ «Սուրբ Եկատերինայի հիմնադրամ» չպետք է ոչ ոքի մոլորության մեջ գցի այն գրանցված է Վիրգինյան կղզիների օֆշորային գոտում։ Դրա տերերը տեղի խոշորագույն ձեռնարկության՝ Ռուսական պղնձային ընկերության տերերն են։

Նրանցից քաղաքում ամեն ինչ է կախված՝ աշխատատեղերը, լրատվամիջոցները, քաղաքային ժողովի պատգամավորները։ Մարտարվեստի ուղղափառ ակադեմիան նույնպես Ռուսական պղնձային ընկերությանն է պատկանում։

Նրանց և նրանց պլանների դեմ են հանդես գալիս տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ։ Նրանց թիկունքին չկա ոչ մի կազմակերպություն, նրանք չունեն առաջնորդ։

Ցուցարարները բացառապես հանգիստ և բարյացակամ են տրամադրված։ Նրանց գլխավոր կարգախոսը «Սա մեր քաղաքն է» արտահայտությունն է։ Ոստիկանների հետ նրանք կիսվում են պիցայով, որը բերում են նրանց համակրող տեղի գործարարները։

Սա դասական տարերային ցույց է, որն ուժով չես հաղթահարի։ Որովհետև Եկատերինբուրգում և Ռուսաստանում բոլորի համար պարզ է պուրակի տեղ տաճարը՝ միայն առիթ է։ Երկրում դժգոհության հսկայական ներուժ է կուտակվել, քանի որ

Աճում են հարկերը

Աշխատավարձերը շատ ցածր են, սակայն մարդիկ վախենում են աշխատանքը կորցնել, քանի որ գործազրկություն է

Անցյալ տարի բարձրացվել է կենսաթոշակային տարիքը

Պետությունը փորձում է կոշտ մեթոդներով վերահսկել համացանցը, ինչը մեծապես նյարդայնացնում է երիտասարդությանը

Այդ պատճառով էլ Ցոյի «Մենք փոփոխությունների ենք սպասում» երգի պոպուլյարությունը պատահական չէ և չի սահմանափակվում Եկատերինբուրգով։

Ռուսաստանում փոփոխությունները մոտ են։ Հարցն այլ է ինչպիսի՞ն են դրանք լինելու։ Եթե ցույցերի այս ալիքը ստացվի բիրտ ուժով ճնշել, կգա հաջորդը՝ արդեն ոչ այսքան ուրախ, փափուկ և հանդուրժող։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում