ՀՀ ԱԺ պատգամավորը դիմել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ գործուն քայլեր ձեռնարկելու առաջարկով" />

“ԵԱՏՄ համաձայնագիրը խախտվում է ի վնաս Հայաստանի քաղաքացիների”

ՀՀ ԱԺ պատգամավորը դիմել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ գործուն քայլեր ձեռնարկելու առաջարկով

Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը ահազանգում է՝ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը խախտվում է ի վնաս ՀՀ քաղաքացիների, թեև Հայաստանը անդամակցում է այդ կազմակերպությանը:

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015թ.-ից: Միության մյուս անդամներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:

Վերջինս նամակով դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Էդմոն Մարուքյանը մասնավորապես մատնանշել է այն խնդիրը, որ  Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները չեն կարող կիրառել Հայաստանում ստացած իրենց վարորդական իրավունքները: Նա նշել է, որ հունիսի 1-ից Ռուսաստանում գործում է օտարերկրյա (այդ թվում՝ ՀՀ) վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին:

Էդմոն Մարուքյանը նաև հայտնել է, որ չնայած գոյություն ունի ԵԱՏՄ շրջանակներում քաղաքացիների և աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունք, 3 վարչարարական խախտման դեպքում իրականացվում են ՌԴ տարածքից Հայաստանի քաղաքացիների դեպորտացիաներ:

Նա ահազանգել է ևս մի քանի խնդրի մասին, մասնավորապես, ՌԴ-ից ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործող ֆինանսական սահմանափակումների, ԵԱՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը Ռուսաստանում որոշ չափով սահմանափակելու մասին:

Ընդդիմադիր պատհամավորն այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել. «Վերոնշյալ փաստերի ու ԵԱՏՄ համաձայնագրի խիստ անհամապատասխանությունն իմ կողմից հիմնավորվել է նույն համաձայնագրի համապատասխան դրույթների մեջբերմամբ։ Իմ կողմից Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ձեռնարկել գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ»:


Կարդալ ավելին JAMnews-ում